• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Կարմիր կիրակի

Մայիսի 15-ին Հայաստանյայց առաքելական եկեղեցին նշում է Զատիկի չորրորդ կիրակին` Կարմիր կիրակին: Կարմիրը Քրիստոսի եկեղեցու և  հավատի համար մարտիրոսացած նահատակների արյան խորհրդանիշն է: Քրիստոնեության վաղ շրջանում, երբ քրիստոնյաները դաժան հալածանքների էին ենթարկվում, շատերը գերադասեցին մեռնել, քան դավաճանել հավատի այն սկզբունքներին, որ մարդկությանն ավանդել էր մարդացյալ Աստված` Քրիստոս: «Տիրոջ աչքում հարգելի է մահն իր սրբերի» (Սաղմ. 115:15): Սակայն այսօր նահատակության անհրաժեշտություն չկա, և արյուն թափելը, մահը, պայքարն ու հաղթանակն այլ իմաստ են ձեռք բերել` ընդդեմ մեղքի ու չարիքի: «Չլինի թե հոգնեք և հուսալքվեք, դուք, որ կռվի մեջ դեռ արյուն թափելու չափ չհակառակվեցիք մեղքին», - ասում է Պողոս առաքյալը (Եբր. 12:3-4) եւ իբրեւ պատգամ բոլոր քրիստոնյաներին խրատում. «Նա, որ մեռավ, մեղքի համար մեռավ մեկընդմիշտ, եւ նա, որ կենդանի է, կենդանի է Աստծո համար: Նույնպես եւ դուք ձեզ մեռած համարեցեք մեղքի համար, բայց կենդանի՝ Աստծո համար, մեր Տեր Հիսուս Քրիստոսով» Հռոմ. 6:10-11):

Կարմիր կիրակին կազմում է զատկական տոնական հանդիսությունների շարունակությունը: Բնութագրվում է ծիսական ուտեստով (կարմիր, կանաչ ձվեր, փլավ և այլն), ուխտագնացությամբ, մատաղով:

Հավանաբար սա ևս բնության հետ կապ ունեցող մի բան է, քանի որ Կանաչ և Կարմիր կիրակիներին եկեղեցում սովորություն էր այդ գույները գործածել, ասենք` եկեղեցու վարագույրը, քահանայի, դպիրների ու սարկավագների զգեստները, Ս. Սեղանի սփռոցները, զանազան այլ իրեր:

Հետաքրքիր է, որ ժողովրդական լեզվում կանաչ-կարմիր նշանակում է նաև ծիածան: Սահակ վարդապետ Ամատունին իր «Հայոց բառ ու բան» բառարանում գրում է. «Աղեղնակ, Անեղնակ, Կանաչ ու Կարմիր Աղեղն, ծիածան: Ծիածանի գոտին` որ ամպ ու անձրև օրերում կամարաձև երևում է երկնքի երեսին: Ծիածանը, որին կոչում են կանաչ ու կարմիր` Աստծո գոտին է» (Արտակ Արք. Մանուկյան, «Հայ եկեղեցու տոները», էջ 154):

«Հին ժամանակներում, պսակի արարողության ընթացքում կանաչ-կարմիր ժապավեններ էին կապում փեսայի և հարսի վրա, իբրև խորհրդանիշ պտղաբերության: Կանաչ-կարմիր կապել նշանակում է իրար հետ պսակվել: Կարմիր կանչել` հարսանիքի ժամանակ փեսայի համար դրամ հավաքել, կարմրականչ անել` հյուրասիրության հրավեր կատարել»,-շարունակում է հեղինակը:

Կարմիր գույնը ընդհանրապես պայքարի նշանն է, խորհրդանիշը կյանքի, կյանքի համար պայքարի ու հաղթանակի: Հաղթանակ քրիստոնեական ոգու, բայց հատկապես հաղթանակ քրիստոնեական ըմբռնումի: Պայքար իր տեղը, դիրքը և հավասարակշռությունը պահելու համար:  Պայքար` ունենալու համար այն անհրաժեշտ զորությունն ու ուժը, որով քրիստոնյան կկարողանա «զամենայն նետս մուխս չարին շիջուցանել», այսինքն` պայքարել այն ապականիչ ուժերի դեմ, որոնք սպառնում են մեր հոգևոր կյանքը խաթարել, տկարացնել կամ սպանել:

Քրիստոնյա լինելու համար եռանդ և մարտական ազնիվ ոգի է պետք ունենալ, այն պայքարելու տրամադրությունից զուրկ մարդու գործ չէ: Հարկավոր է կենդանի ու ապրող հավատք, բուռն ներքին պայքար` հին կյանքի կուտակված մոլություններից ազատվելու համար:

Կարմիր կիրակին քրիստոնեական քաջության հիշեցման օր է, իսկ քաջությունը հիմնական կետն է քրիստոնեական առաքինությունների մեջ: Ուրեմն` Կարմիր կիրակին հիշեցում է, որ քրիստոնեկան կյանքը պայքար է վատ և տգեղ երևույթների դեմ:

Աղբյուրը` Արտակ Արք. Մանուկյան, «Հայ եկեղեցու տոները»

Հովսեփ ավագ քահանա Հակոբյան, «Կարմիր կիրակի»

Շնորհք Պատրիարք Գալուստյան, «Գունագեղ Կիրակիներ»