• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Ուժեղ անհատականություն

Նյութը տեղադրվում է «Մեծերի կրթություն» բաժնում, բայց ծավալված քննարկումներից ենթադրում եմ, որ հետաքրքիր կլինի նաև 10-11-րդ դասարանցիներին։
Հ.Ղ.

Կոնստանտին Շերեմետև
Ուժեղ անհատականություն

Ամենևին էլ ոչ բոլոր մարդիկ են ապրում այնպես, ինչպես ուզում են, կամ հասնում նրան, ինչի մասին երազում են։ Ո՞րն է խնդիրը։ Խնդիրը անհատականության ուժն է։ Դա կապված չէ արտաքին հանգամանքների հետ։ Ամենաանբարենպաստ հանգամանքներում էլ կան մարդիկ, ովքեր ինչ ուղղությամբ ձգտում են, մեծ բարձունքներ են նվաճում։
Ուրեմն՝ ի՞նչ է ուժեղ անհատականությունը, և ինչպե՞ս դրան հասնես։

Անհատականության ուժը

Երբ փնտրում ես
մեծ զորավարների հաջողության
գաղտնիքը, զարմանում ես՝
նրանք ամեն ինչ արել են, որ
հաստատ այդ հաջողությունները լինեն
Նապոլեոն

Անհատականության ուժ հասկացությունը անհասկանալիության խիտ մառախուղով է պատված։ Չգիտես ինչու՝ հանրամատչելի գրականության մեջ ծավալվում են ինքնաճնշման ու սեփական անհատականության նկատմամբ բռնության թեմաները։ Չնայած՝ սա մատուցվում է շատ գրավիչ լոզունգներով՝

  • Քեզ բուռդ հավաքիր
  • Մի նվնվա ու մի բողոքիր
  • Համառորեն աշխատիր
  • Բեռդ քարշ տուր

և այլ տխմարություններ։

Սրանք բոլորն էլ չգործող բաներ են։ Սեփական անհատականության նկատմամբ ցանկացած բռնություն շատ կարճատև է։ Փորձեք դադարեցնել զուգարան գնալը և ժամ պահեք, թե ինչքան կդիմանաք։
Բռնության ճանապարհը հիմար ճանապարհ է։
Անհատականության ուժը նրա համար չէ, որ ինքդ քեզ հետ կռվես։

Անհատի ուժը ինքնաճանաչողության մեջ է

Միայն այն դեպքում, եթե դուք գիտեք ձեր թույլ ու ուժեղ կողմերը, գիտեք ձեր տաղանդներն ու ընդունակությունները, գիտեք՝ ինչից եք էներգիայի լիցք ստանում, և ինչն է ձեզ ձանձրույթի մեջ սուզում և շատ այլ բաներ գիտեք, միայն այդ դեպքում դուք կարող եք իսկապես կյանքում ինչ-որ բանի հասնել։ Եթե դուք գոհ չեք ձեր կյանքից, միայն մի ճանապարհ ունեք դա փոխելու՝ ինքդ քեզ հասկանալը։
Հնարավոր է, որ դուք երևակայում եք, թե ճանաչում եք ձեզ։ Կարող է պատահել։ Միայն թե, ես տեսնում եմ, որ իմ առկա թրեյնինգներին եկող մարդկանց մեծ մասն իրեն բացարձակ չի տեսնում ու չի ճանաչում։ Կրկնեմ՝ ոչ թե իրենց մի քիչ չգիտեն։ Ո՛չ։ Նրանք իրենց ԲՈԼՈՐՈՎԻՆ չեն տեսնում։ Ավելի հաճախ նրանց ներքին կերպարը գերխելացի մարդու կերպարն է, ով ամեն ինչ գիտի մարդկանց, փողի, սիրո, սեքսի, հաջողությունների ու իր մասին։ Բայց դրա հետ էլ նրանք բողոքում են, որ փող չունեն, իրենց ոչ ոք չի հասկանում, չի գնահատում ու չի սիրում։
Դրա համար, եթե դուք էլ ունեք նման բողոքներ, սկսեք ձեզնից։ Խոսեք մարդկանց հետ և նրանց մի պարզ հարց տվեք՝ ի՞նչ են նրանք մտածում ձեր մասին։ Գնացեք թրեյնինգի և ձեր մասին գոնե մի բան իմացեք։ Փորձեք ձեզ նոր գուրծունեություններում։

Որքան շատ ճանաչեք ինքներդ ձեզ, այնքան ուժեղ անհատականություն կդառնաք։

Թարգմանեց Հասմիկ Ղազարյանը