• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Հանդիպում ենք Նազիկ Արմենակյանի հետ

«Լուսանկարչության դասընթացներ հրավիրյալ մասնագետների հետ» ծրագրի  շրջանակում հունիսի 1-ին՝ չորեքշաբթի, ժամը 11.00,  կհանդիպենք հայտնի ֆոտոլրագրող Նազիկ Արմենակյանի հետ: Այս անգամ հանդիպումը կլինի Քոլեջում:  Հանդիպման թեման՝ «Վավերագրական լուսանկարչություն»: Դասախոսության ընթացքում նա մեզ կծանոթացնի իր ՝ «Վերապրածներ» վավերագրական նախագծի հետ:

Նազիկ Արմենակյանը ֆոտոլրագրող է, աշխատում 2002-ից: Լուսանկարչական կարիերան սկսել է Արմենպրես լրատվական գործակալությունում, այնուհետև աշխատել է որպես ֆոտոլրագրող ու ֆոտոխմբագիր «Երևան»և«Ֆորում»ամսագրերում, թղթակցել Reuters և Agence France-Presse լրատվամիջոցներին: Ներկայում` Նազիկը ArmeniaNow.com պարբերականի ֆոտոլրագրողն է:

Նրա լուսանկարները տպագրվել են The New York Times Lens blog, IWPR.net, Eurasianet.org, France Armenie, Nouvelle d'Arménie, AGOS, Politiken.dk, Fotoevidence.com, emahomagazine.com և մի շարք այլ միջազգային և տեղական  լրատվամիջոցներում:

2004-ին Կովկասյան լրատվամիջոցների ինստիտուտի և World Press Photo–ի կազմակերպած մեկամյա դասընթացին մասնակցելուց հետո Նազիկը սկսել է աշխատել երկարաժամկետ վավերագրական նախագծերի վրա: Նրա առաջին երկարաժամկետ նախագիծը`«Վերապրածներ»-ը ծավալուն պատում է Օսմանյան Թուրքիայում 1915 թվականի Հայոց ցեղասպանությունից վերապրածների մասին: 2009-ին այս նախագիծը արժանացել է Գրան Պրի ևառաջին մրցանակի «Մարդիկ ու դեմքեր» անվանակարգում Karl Bulla-ի միջազգային ֆոտո մրցույթում: 2015-ին տպագրվել է «Վերապրածներ» ֆոտո գիրքը, որը ներառում է տաս տարիների ընթացքում լուսանկարված վերապրածների դիմանկարները, վերապրածների վկայությունները, արխվային լուսանկարները:

2011-ին Նազիկը«Մարդու իրավունքները լուսանկարչության մեջ» կրթաթոշակ է ստացել «Մագնում»հիմնադրամից և մասնակցել Նյու Յորքի համալսարանի Tisch արվեստի դպրոցում վեց շաբաթյա դասընթացի: Կենտրոնանալով մարդու իրավունքների և սոցիալական թեմաների շուրջ 2010-ից 2014-ը իրականացրել է իր երկրորդ երկարաժամկետ նախագիծը Հայաստանում ապրող ԼԳԲՏ մարդկանց մասին, որը 2013-ին տպագրվեց «Մենակության շտամպը» գրքի տեսքով:

Նազիկը տեղական և միջազգային մրցույթների հաղթող է, մասնակցել է մի շարք խմբակային ցուցահանդեսների Հայաստանում, Չինաստանում, Հոնգ Կոնգում, Հնդկաստանում, Ռուսաստանում և այլն: Հայաստանում ունեցել է 6 անհատական ցուցահանդես:

2012-ից Նազիկ Արմենակյանը 4Plus վավերագրական լուսանկարչության կենտրոնի համահիմնադիրներից մեկն է, որի նպատակը Հայաստանում վավերագրական լուսանկարչության զարգացումն է: