• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Վարպետության դաս

Այսօր կրթահամալիրում  դարձյալ սեմինար պարապմունքների օր էր, ու մի լսարանում հավաքվել էին մայրենիի, անգլերենի ուսուցիչներն ու դասվարները` ներկա լինելու Յուրա Գանջալյանի վարած վարպետության դասին: Դաս, որ շատ արդյունավետ էր բոլորիս համար: Աշխատանքը ներկայացվեց  Notebook ծրագրով: Օգտվելով ուսուցման ժամանակակից մեթոդներից ու հնարներից` սեմինարավարը  փորձեց ցույց տալ խմբերով աշխատանքի առավելությունը: Դասը խորհրդանշական վերնագիր ուներ` « Ձյան փաթիլից մինչև ձնագնդի»: «Ձնագնդի»-ն  ուսուցման մեթոդ է, որը հնարավորություն է տալիս դասավանդողին կազմակերպելու դասի մասնակիցների կարծիքների փոխանակում, ընտրություն, խմբի գաղափարների (կարծիքների) կազմում: Ինչպես ձյան փաթիլն է կուտակվում ու դառնում մեծ կամ փոքր ձնագունդ, այնպես էլ առաջադրանքի շուրջ ծավալված աշխատանքները դառնում են հմտություն, կարողություն ու գիտելիք: Անհատական աշխատանք, փոխադարձ քննարկում, խմբային աշխատանք, իսկ արդյունքում ստացվում է, որ յուրաքանչյուր սովորող հաշվետու է ստեղծելու, համեմատելու, լսելու և խոսելու համար: Ուղիղ մեկ ժամ աշակերտ էինք դարձել ու մեկ-մեկ էլ մեզ աշակերտի նման էինք պահում: Շատ լավ կլինի, որ վերականգնենք տարիներ առաջ ունեցած մեր փորձը, երբ սեմինարների ժամանակ յուրաքանչյուրս վարում էր դասը, իսկ  «աշակերտները» մեր գործընկերներն էին: