• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Ամենասեբաստացիները - Մարիետ Սիմոնյան

  -Ձեր մուտքը կրթահամալիր, ինչպե՞ս եք սկսել Ձեր աշխատանքային գործունեությունը:

-Իմ աշխատանքային գործունեությունը  սկսել եմ որպես գրադարանավար:  Դա 1986 թվականի մայիսն էր:  Որպես գրադարանավար ընդնունվեցի, իսկ  սեպտեմբերին արդեն  սկսեցի աշխատել երկրորդ դասարանի դասվար: Այդ տարիներին շատ դժվար էր միանգամից ուսուցչության անցնելը, ընդհանրապես դպրոցում աշխատանքի  տեղավորվելը  բավականին դժվար գործ էր, բայց իմ բախտը բերեց, հայտնվեցի այնպիսի մի դպրոցում, որտեղ ծանոթություններ,  գումար ու նման բաներ չէին անցնում:

-Ձեր աշխատանքային գործունեության  ամենահիշարժան  ժամանակահատվածը, ո՞ր շրջանը կառանձնացնեիք:

-Ես հատկապես կառանձացնեի գրքաստեղծման շրջանը,  այդ տարիներին մենք համարյա 24 ժամ աշխատում էինք: Մի ամբողջ աշխատանքային խումբ էր աշխատում՝ ես, Սուսան Մարկոսյանը, Աիդան Պետրոսյանը, Անահիտ Առնաուդյանը և էլի մարդիկ, մի  մեծ աշխատանքային խումբ:  Այդ տարիներին էր, որ մենք մեծ թվով գրականություն ստեղծեցինք՝   դասագրքեր,  մեթոդական ձեռնարկներ,  ուղեցույցներ և այլն:  Ամբողջական  ու ստեղծագործական մեծ աշխատանք կատարվեց:
-Ի՞նչ հիշարժան դեպք կպատմեք։
-Ինձ համար շատ հետաքրքիր էր 40 հոգիանոց  երկրորդ դասարաններից  մեկում դասավանդելը, որտեղ երեխաները փաստորեն հասել էին երկրորդ դասարան և տառերը դեռ չգիտեին.  դասվարի մոտ չէր ստացվել, նա  թողել էր դասարանը  ու հեռացել դպրոցից: Այդ դասարանում իմ մեկ  տարվա աշխատանքը բավականին հետաքրքիր ու դժվար աշխատանք էր,  որովհետև դասարանը շատ մեծ էր, ու պետք էր միանգամից 2 տարվա կուրս անցնել,  երեխաները գրել, կարդալ սովորեն ու նաև առաջ անցնեն:  
Սիրով եմ  հիշում  իմ  դասղեկական  հինգերորդ դասարանը:  Ես որոշեցի նրանց մենակ արշավ տանել:   Ասեմ, որ  դա 30 հոգիանոց դասարան էր՝ գումարած իմ երկու  երեխաները՝  Արևիկն ու  Վահեն:  Այսպես՝  երիտասարդ,  30 տարեկանին մոտ ուսուցիչ էի ու որոշել եմ  երեխաներին եռօրյա արշավ տանել,  գիշերել  ձորում,  վրաններ խփել և այլն:  Պատկերացրեք իմ անհանգստությունը,  բայց պիտի ասեմ, որ մեր չսովորող, անկարգ  համարվող տղաները այնպիսի տղամարդկային հատկանիշներ  դրսևորեցին,  որ ես անհանգստություն չունեցա: Վրանները խփեցին և թիկունքիս  ամուր կանգնեցին,  ընդ որում նրանք համարվում էին դպրոցի ամենաչար դասարաններից մեկը: Այս արշավից հետո իմ հայացքների մեջ կտրուկ փոփոխություններ եղան, շատ կարևոր են մարդկային որակները՝  տղամարդկային ուժը՝  տղաների մեջ, հոգատարությունն ու ուշադրությունը՝ աղջիկների մեջ:  
-Ձեր խոսքը, մաղթանքը Սեբաստացու օրերի առթիվ։
-Մաղթում եմ, որ կրթահամալիրը երբեք չկորցնի ոգեղենությունն ու  ստեղծականությունը:   Կարծում եմ՝ սեբաստացիների  ամենամեծ ուժը  դրա մեջ է,  միշտ լինենք ստեղծագործ և արարող:
 
Հարցազրույցը վարեցին Դավիթ Մուրադյանը և Ժենյա Դավթյանը, ավագ դպրոց