• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Ամենասեբաստացիները - Սիլվա Հարությունյան

-Ձեր մուտքը կրթահամալիր, ինչպե՞ս եք սկսել Ձեր աշխատանքային գործունեությունը:

– Մեր մուտքը կրթահամալիր եղել է շատ-շատ վաղուց, կարող եմ ասել նույնիսկ կրթահամալիրի հիմնադրման օրից: Նախ կրթահամալիր են եկել իմ երեխաները, հենց առաջին դասարանից, հենց այն տարին, երբ տիար Բլեյանը նշանակվեց տնօրեն  թիվ 183 դպրոցում: Այնուհետև ես ընդգրկվեցի ծնողական խորհրդի կազմում: Ես կարծես միշտ այս դպրոցում էի, չնայած աշխատում էի այլ դպրոցում: Եվ ահա 1993 թվականին ես վերջապես հայտ ներկայացրի այստեղ աշխատելու համար: Հետո եկան հարազատների և ծանոթների երեխաներ, ապա  թոռնիկներ և այսպես մինչև օրս: Մենք այստեղ ենք ընտանիքով՝ մեծ ընտանիքով, մեծով ու փոքրով, և բոլորս սեբաստացի սիրով և հոգով, նվիրված և հավատարիմ մեր այս մեծ ընտանիքին՝ սեբաստացիների ընտանիքին: Ես իմ հոդվածներից մեկում պատմել եմ կրթահամալիրում մեր հայտնվելու և հաստատվելու մասին:

-Ձեր աշխատանքային գործունեության  ամենահիշարժան  ժամանակահատվածը, ո՞ր շրջանը կառանձնացնեիք:

-Մտածում եմ, փորձում եմ առանձացնել տարիներ կամ ինչ-որ մի տարի, բայց չեմ կարողանում, քանի որ ամեն մի տարին ունեցել է իր հետաքրքրությունը, իր առանձնահատկությունը: Ես չեմ հիշում այնպիսի մի տարի, որ մենք չունենայինք որևէ ձեռքբերում, որևէ հաջողություն, որևէ նորացում, փոփոխություն: Այստեղ դու իսկապես գտնվում ես այնպիսի կրթական նպաստավոր միջավայրում, որ չես կարող, ուղղակի  չես կարող աշխատել առանց մեծ սիրո, հաճույքի և խանդավառության: Ես չեմ ունեցել մի տարի, կարող եմ ասել նույնիսկ մեկ օր, որ ասեմ. «Այս ինչ անիմաստ օր էր»: Սիրով և հուզմունքով հիշում եմ ամեն մի տարին, ամեն մի օրը: Ես կարծում եմ, եթե այլ կերպ ես մտածում,  ուրեմն չպետք է աշխատես այս կրթահամալիրում:

-Կարո՞ղ եք մի հետաքրքիր  միջադեպ հիշել:

-Հիշումեմ մի հետաքրքիր դեպք, թե ինչպես բոլորս՝ գիմնազիայի աշխատողներս, կիրակի օրը հավաքվել էինք աշխատանքավայրում: Տղամարդիկ պատ էին շարում, իսկ մենք՝ կանայք, ինչպես մի մեծ ընտանիքում, խոհանոցում ճաշ էինք պատրաստում, որպեսզի կերակրեինք նրանց: Աշխատում էինք՝ մտածելով, որ այս ամենը  մերն է, և մենք պետք է կառուցենք՝  առանց մեզանից օտարելու այն:

Մի դեպք ևս. սիրով և ամեն անգամ ժպիտը դեմքիս հիշում եմ  ու ամեն տեղ պատմում եմ մի փոքրիկ դեպք: Դե, սովորաբար ընդհանուր հավաքների ժամանակ պետք է կանգնենք մարմարյա սրահում՝ աշակերտների մեջ: Այդ օրը ես և Պետրոսյան Նարինեն կանգնել էինք վերևում՝ երկրորդ հարկում: Տիար Բլեյանը խուսում էր և նայում վերև: Մենք զգացինք, որ մեր այնտեղ կանգնելը նրան դուր չեկավ: Մենք չհասցրեցինք շարժվել, երբ նա մեծ նրբանկատությամբ  ասաց. «Դե տիկին Սիլվան, տիկին Նարինեն՝  միշտ գեղեցիկ, միշտ հմայիչ, մեր երիտասարդ տատիկներըը, իջե՛ք իջե՛ք, եկեք, եկե՛ք, այստեղ կանգնեք»: Իհարկե, մենք ամեն ինչ հասկացանք, բայց վերաբերմունքից շոյված՝ փոխանակ իջնենք և շարքում կանգնենք, գնացինք և ուղիղ կանգնեցինք նրա կողքին, կենտրոնում: Դե արի ու մի´ սիրիր  այս կրթահամալիրը, այստեղ աշխատելը, մարդկային հարաբերությունները….

-Ի՞նչ եք մաղթանք ունեք  Սեբաստացու այս օրերին:

-Ի՞նչ կմաղթեմ իմ կրթահամալիրին՝ իմ սեբաստացիներին.  բարօրություն, հաջողություն, ստեղծագործելու և նոր վերելքներ հաղթահարելու ուժ ու կորով:

Ինչքան որ հուր կա իմ սրտում – բոլորը քեզ,

Ինչքան կրակ ու վառ խնդում – բոլորը քեզ,

Բոլո՜րը տամ ու նվիրեմ, ինձ ո՛չ մի հուր թող չմնա

Դու չմրսես ձմռան ցրտում, - բոլորը քեզ ….

 

Հարցազրույցը վարեցին  Դավիթ Մուրադյանը և Ստելլա Բարեղամյանը, ավագ դպրոց