• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Մի չավարտված բանավեճ

Я Гарегин Нжде-ն հազիվ մարսած, Հակոբ Հակոբյանի ռեժիսուրան մի կերպ հաղթահարած հասարակությունը ընկղմվեց մեկ այլ բլոքբաստերի հուզականության դաշտ: Խոսքս «Թևանիկ» ֆիլմի մասին է, որի դիտումը այսօր տեղի ունեցավ կրթահամալիրի Մարմարյա սրահում: Նախ գանք իմ պատկերացումներից Մարմարյա սրահի մասին: Այն յուրօրինակ հրապարակ է, մշակութային կենտրոն, որն իր մեջ խտացնում է որոշակի մշակութային վիճակ: Ուստի ամեն ինչ չէ, որ պետք է հայտնվի Մարմարյա սրահում: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ վերջին փուլում, հայ ռեժիսորների մի զգալի մասը նախ որոշում է շտկել պատմությունը յուրովի, ապա դառնում է լեզվաբան, իսկ վերջում էլ սցենարիստ, երաժշտական մոնտաժող ու վերջում, երբ ժամանակ է մնում, նոր սկսում է զբաղվել ռեժիսուրայով, ուստի հետայսու ես ինձ հռչակում եմ կինոքննադատ: Նախապես կուզեմ նշել, որ ֆիլմը մինչ օրս չէի տեսել, ստեղծագործական անձնակազմից որևէ մեկի հետ ծանոթ չեմ եղել, հետևաբար անհատական որևէ մոտիվացիա չկա: 

 

Գանք հերթով: Հանդերձանք ու պարագաներ:

Ֆիլմի հենց սկզբում, մենք տեսնում ենք կենցաղային պարագաներ և հագուստի տեսակներ, որոնք մեր միջավայրում հայտնվել են շատ ավելի ուշ: Համեստ ակնդրիս կարծիքով, եթե պատկերում ես որոշակի պատմական ժամանակահատված, ապա պետք է նախ և առաջ հաշվի առնես կենցաղային մանրուքները, որոնք պայմանավորում են այդ փուլը: Նյու Յորքի ավազակախմբերը ֆիլմի ռեժիսոր Մարտին Սկորցեզեն խիստ քննադատության արժանացավ այն բանի համար, որ տեսարաններից մեկում՝ շուկայում, պատկերել էր բանան, այնինչ այդ փուլում Հյուսիսային Ամերիկայում դեռևս բանան չկար: Ռեժիսորը համեստորեն ընդունեց իր մեղքը: Բայց հայկական միջավայրում մենք գործ ունենք ամեն ինչի տիրապետող ասերի հետ: Ֆիլմում  դիրքերում մարդիկ ուտում են շոթա, լոշտակ կամ այլ տեսակի նորամուծ հացեր: Տեսարանն ամբողջացնելու համար պակասում էր միայն Միստր Գիռոսը: Փաստավավերագրական կադրերից գոնե ծանոթ ենք, որ այդ փուլում, եթե անգամ սև հաց էր հանդիպում, ապա երջանիկ դիպված էր համարվում: 1990-1991թթ. իրադարձությունները պատմող դրվագներում, երբ մերոնք կռիվ էին գնում մաուզերով, որսորդական հրացանով, անգամ տիրի հրացանով, չգիտես որտեղից, բոլորի ձեռքին կա թարմ Կալաշնիկով ավտոմատ: Այսպիսի կիքսեր ինչքան ուզեք:

      

Ֆիլմի ասելիքը և լեզուն

Անկեղծ ասած, ես մինչև վերջ նայեցի, Ղարաբաղի բարբառն էլ քիչ թե շատ հասկանում եմ, բայց այդպես էլ չհասկացա թե որն է ֆիլմի ասելիքը: Ռեժիսորի պնդմամբ՝ ֆիլմում տեղ է գտել Ստեփանակերտի բարբառը, բայց մեզ ֆիլմի սկզբում պատմում էին, որ այն ինչ-որ գյուղի պատմություն է: Բարբառ ասելիս, առավել ևս բարբառով ֆիլմ նկարահանելիս ես հասկանում եմ, որ այն լավագույնս պետք է արտացոլի այդ փուլի ազգագրական միջավայրը, սովորութային վիճակը, ֆոլկլորը և այլն: Ի՞նչ կապ ունի Ստեփանակերտի բարբառը գյուղի իրադարձության կամ էթնոմիջավայրի հետ: Սա նույնն է, որ ֆիլմ նկարենք Վանաձորի մասին, բայց ֆիլմում խոսեն Շիրակի բարբառով: Ռեժիսորի այն հարցադրմանը, թե որն է Ղարաբաղի բարբառը, պատասխանեմ հրապարակային. դա հայոց 8 ՊԱՇ (Պատմաազգագրական շրջան)-երից մեկի` Արցախի բարբառն է: Չկա նման հասկացություն` Ստեփանակերտի բարբառ: Ավելին, եթե անգամ ընդունենք, որ կա Ստեփանակերտի բարբառ կամ այն փոխարինենք Ստեփանակերտի խոսակցական եզրույթով, բարբառային լուծումն էլի չի հաջողի, քանզի դերասանների մեծագույն  մասը դրան չէին տիրապետում, և շատ դեպքերում հասկանլի չէր, թե ինչ լեզվով էին խոսում: Ավելին, հանդիսատեսի մեծագույն մասը ոչ թե լսում էր ֆիլմը, այլ փորձում էր սյուժեն կռահել անգլերեն տիտղոսագրերով: Իսկ սփյուռքահայ հրամանատարի խոսակցականն այս պարբերության կուլմինացիան էր: Մեկ խոսում էր ախալքալակցու ոճով, մեկ փոխում էր ամերիկահայի երանգ, մեկ խոսքի մեջ ի հայտ էր գալիս կումայրեցու շեշտադրումներ, այնպես որ այդպես էլ չհասկացանք, թե հրամանատարը, որի նախատիպը կարծես թե Մոնթեն պետք է լիներ, որտեղից է գալիս և ուր է գնում:

 

Պատմական փաստ

Սա ֆիլմի ամենացավալի դրվագներից մեկն էր: Ռեժիսորի պնդմամբ այստեղ շաղախված էին պատմական տարբեր փուլերի իրադարձություններ և դիպվածներ: Ես, որ գոնե քիչ թե շատ տիրապետում եմ այդ փուլին, միայն մեկ բան հասկացա, որ ֆիլմը պատմում է 1990-1991թթ. ծանրագույն վիճակի, ԽՍՀՄ փլուզման փուլի և Արցախում բուն ռազմական գործողությունների մասին: Բայց եթե փորձել էին պատկերել նաև 1993-ի կամ 1994-ի դեպքերը, ապա ուր էր արդեն կանոնավոր բանակը, ռազմական իրավիճակի հստակ նկարագիրը և այլն: Չի կարելի այսպես աղաղավաղել իրականությունը և հայտարարել, որ ես ռեժիսոր եմ, և դա իմ ազատությունն է: Հիմա ի՞նչ: Ես էլ Հալիձորի բերդում Դավիթ Բեկ պատմեմ ու ասեմ` ես Մխիթար Սպարապե՞տն եմ: Պատմաբան եմ, և դա իմ ազատությո՞ւնն է: Իսկ թե պատմական տեսանկյունից ո՞րն էր ասելիքը: Որ պատերազմ է եղե՞լ: Գիտենք, և գիտեն: Ուրի՞շ:

 

Ժան Կոլդ Վան Դամ

Դուռը թակում են: Ապարանցին հարցնում է ով է՞: Դրսից մեկն ասում է՝ Ժան Կլոդ Վան Դամը: Ապարանցին ասում է, թողեք փախեք, թե չէ ելել եմ, գիտեմ էդ չորսիդ էլ ինչ կանեմ: Հիմա: Երբ Հայաստանում 1990-ականների սկզբներին մշակութային վակում էր, նորմալ էր այդ վակումը հնդկական ֆիլմերով կամ յոթանասունականների մարտաֆիլմերով լցնելը, որտեղ հերոսը օդի մեջ հետ տված կադրով մի հիսուն պտույտ է գործում ու էդ ընթացքում մի հարյուր հոգու սպանում է: Բայց երբ նկարում ես ֆիլմ, այն էլ իրական պատերազմի մասին, կարծում եմ չարժե ժանգոտած հնարքներ կիրառել, որոնցից վաղուց ոչ մի լուրջ կինոարտադրող չի օգտվում:

      

Ֆիլմի կուլմինացիան

Տնփեսա և Ֆուլ Հաուս սերիալների դիտողականությունը ուղիղ համեմատական էր Կորյուն Անուշավանիչի կնոջ և Լիկայի զգեստի կարճությանը: Մի պահ ենթադրենք, դահլիճը կլանված ֆիլմ է նայում, որը պատմում է իր հերոսական անցյալի մի դրվագի մասին: Ֆիլմի հերոսը` պատանին, պատրաստվում է վրեժ լուծել իր հրամանատարի մահվան համար: Հետապնդում է շուն ոսոխին, պահը հասել է: Հիշում է հրամանատարի խորհուրդը. «ճզմիր, երբ նա ափիդ մեջ է»: Պատրաստվում է վերջին և միակ գնդակը մխրճել դավադիր ոսոխի սիրտը, ու այստեղ... Պարզվում է, որ ոսոխը ոսոխ չէ, այլ ոսոխուհի, որինը սիրտ չէ, այլ կուրծք, և որը ֆիլմի կուլմինացիոն պահին մանրակրկիտ կերպով հանում է իր ներքնազգեստը: Ու սա էլ բավական չէ, հետո նույն հետևողականությամբ հագնում է: Հասկանալի է, այս կերպ մատուցվում է ուկրաինուհի վարձկան դիպուկահարուհիների աշխատանքը: Հանճարեղ է:

 

Մի քիչ լուրջ

Չգիտես ինչու (ես գիտեմ ինչու), մեզ ամենից շատ հետաքրքում է մեռնող հայը, տառապող հայը, բռնաբարվող հայը, սպանող հայը, քֆուր տվող հայը: Հասկացանք, եղել է Ցեղասպանություն, եղել է պատերազմ: Գիտենք: Բայց պատերազմի արդյունքում ապրող ազատ արցախցու մասին, ով պետք է նկարի: Ի վերջո պատերազմը միջոց է, ապրելը` արդյունք: Ապրելն է նպատակը, որ պետք է լուսաբանվի:

Հ. Գ. 1

Էհ, Ֆռունզիկ, Ազատ Շերենց, Փափազյան, Մալյան և մյուսներ: Գալյա Նովեց, գայիր էլի, բարբառ սովորել սովորեցնեիր:

 

Հ. Գ. 2

Էվտերպա և Մելպոմենա: Վերադարձեք խնդրում եմ: Կամ աղաչեք Ապոլլոնի գութը նվաստներիս հանդեպ:

Աղբյուրը` hasarakaget.blogspot.com