• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Միջազգային կրթական ծրագրերը հանրակրթության մեջ

Սեմինարի ընթացքում հերթով անդրադարձանք միջազգային այն ծրագրերին, որոնց մասնակցել է կամ մասնակցում է կրթահամալիրը` դասավանդողների և սովորողների տարբեր խմբերով: 

Սեմինարի արդյունքում պարզ դարձավ, որ մասնակցությունը նմանատիպ նախագծերին շատ օգտակար է և հեռանկարային մի քանի տեսանկյունից.

  1. սովորողների ինքնագնահատականն է բարձրանում՝  միջազգային նախագծերում ներգրավվելուց,
  2. դասավանդողներն ունենում են  նախագծային գործունեության տարաբնույթ մտահղացումների աղբյուր՝ ոչ միայն միջազգային հարթակում ներկայանալու, այլև կրթահամալիրում իրականացվող նախագծային ուսուցումն ավելի բազմազան դարձնելու համար,
  3. հաստատվում են կապեր օտար երկրի դպրոցների դասավանդողների հետ, որոնք ներգրավվում են կրթահամալիրյան ստուգատեսներում՝ դրանք իրապես դարձնելով միջազգային (օրինակը՝ էկոլոգիական ստուգատեսին խրախուսական մրցանակ ստացած մեր իտալացի գործընկերը),
  4. ամենաակտիվ մասնակցություն ցուցաբերած դասավանդողները ստանում են մրցանակներ (Հերմինե Անտոնյան, Լուսինե Բուշ): Ընդ որում տասը նախագծի վկայագիր ստացած դասավանդողը կարող է արտերկրում աշխատել այն դպրոցներում, որոնք նույնպես ներգրավված են միջազգային այդ ծրագրերում,
  5. հանրապետությունում բարձրանում է կրթահամալիրի վարկանիշը:

Սեմինարավար Լուսինե Բուշը հատուկ հիշեց նաև Մանկավարժական համալսարանում անցկացված «Լեզուների եվրոպական օր» միջոցառմանը մեր սովորողների տպավորիչ մասնակցության մասին, որտեղ կրթահամալիրը ներկայացվել էր վրացերենով, իսպաներենով, ֆրանսերենով, ռուսերենով, անգլերենով: Արդյունքում հրավեր ստացանք՝ մասնակցելու Վ.Բրյուսովի անվան համալսարանում գիտելիքների գնահատման թեմայով միջազգային սեմինարին:

Լուսինե Բուշը սեմինարին հրավիրել էր միջին դպրոցի սովորողների մի խումբ, որը մասնակցել էր օտար լեզվով ասմունքի մրցույթի և արժանացել չորս մրցանակի՝ գրավելով երեք առաջին և մեկ երկրորդ տեղը: Սովորողները պատմեցին իրենց տպավորությունների մասին և հայտնեցին, որ մայիսի 10-ին հաղթողները մասնակցելու են եզրափակիչ փուլին:

Սեմինարի ավարտին վարժարանի անգլերենի դասավանդողները խնդրեցին իրենց էլ գրանցել միջազգային այդ ծրագրում, իսկ Միջին դպրոցի ծրագրի ղեկավար Մարիետ Սիմոնյանը հարկ համարեց ներառել նաև Միջին դպրոցի ֆրանսերենի և ռուսերենի խմբեր: