• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Ճամփան անհունի

Այս փոքրիկ շարքի մեջ կփորձեմ ներկայացնել իմ ճամփորդության որոշ մանրամասներ:

Կանոն համար մեկ` երբեք մի օգտվեք Աերոֆլոտ կոչվող ռուսական ավիաընկերության ծառայությունից:

Դե, ինչ պատմեմ: Ճամփեն՝ սովորական: Չվերթը`  Երևան-Մոսկվա-Կոպենհագեն: Ի սկզբանե գիտեի, որ Մոսկվայում խորհրդային միջավայրն ամփոփվելու է, ու հենց նստեմ հաջորդ ինքնաթիռը, միանգամից հայտնվելու եմ բոլորովին այլ միջավայրում: Այդպես էլ եղավ: Գնալիս մենք մերոնցով էինք: Ինչպես լինում է սովորական միջին վիճակագրական Երևան-Մոսկվա չվերթում: Մեկ-երկու բիզնեսմեն, մի քանի թիթիզիկ, Ռուսաստանի քաղաքացիություն ունեցող, Մոսկվայում վարսավիրանոց աշխատեցնող, բայց Ջնդեի հոգեբանությամբ մեկ-երկու կնիկ (հիմնականում մեր` Կումայրու կողմերից), կրթական փոխանակման ծրագրերով Եվրոպա գնացող մեկ-երկու աղջիկ` ակնոցներով ու պարտադիր ինչ-որ բան կարդալով (բայց հիմնականում ցույց տալու համար): Մեկ-երկու դիվանագետ կամ մարդու իրավունքների գծով աշխատող եվրոպացի, օդանավի ղեկավարի խնդրանք-հրահանգից հետո՝ անջատեք Ձեր հեռախոսները և բոլոր էլեկտրոնային սարքերը, անպայման բարձր ձայնով ու լոճվածի երանգներով հեռախոսով բառաչող ոսկու գործ անող .... (սեռը դժվարանում ես կողմնորոշել, այսպես ասեմ, էն որ Թուրքիայում  անհայտ ճանապարհներով ոսկի է ձեռք բերել, չգիտես որտեղ թաքցրած՝ դա բերել է Հայաստան, հիմա էլ տանում է Խաբարովսկում թանկով ծախի), հա, քիչ մնաց մոռանայի, դե, իսկ հիմնական մասը խոպանչիներն են: Վերջը: Ոնց որ լինում է միշտ: Ոչ մեկ չսպասեց ավիաընկերության հյուրասիրությանն ու ամեն մեկն հանեց իր բաժին քյաբաբ-խորովածն ու չեչիլ պանիրը: Օդանավի աշխատակազմը փորձում էր սիրալիր լինել, բայց ակնհայտ էր դժվար թաքցվող և  գերակայի բարդույթով ողողված շովինիզմը: Այսպես, ասելով-խոսելով, ուտելով ու կարգ խախտելով հասանք Մոսկվա:

Մոսկվա չէ, մի խայտառակություն: Վերջին անգամ Մոսկվայում եղել էի չծնված վեց ամսականում: Շատ բան էր փոխվել: Ասեմ. միջավայրը միանգամից անհյուրընկալ էր: Մի քանի կիլոմետր քայլում ես, ոչ մի աշխատող չես գտնում որևէ բան հարցնելու համար: Իսկ եթե բախտ է վիճակվում որևէ մեկին ճարել ու հարց ուղղել... պետք է կատարյալ կամքի ուժ ունենաս, որ չտաս դրանց գլուխը ջարդես (կամացից շովինիստ եմ դառնում, բայց իրենք են մեղավոր), հարցիդ պատասխանում են այնպես, որ դեմքին երևում է մտքում եղած ՉՈՒՌԿԱ եզրույթը: Ծխողների իրավունքները բացառապես ոտնահարված են: Ծխելու համար ստացա Ռուսաստանի մուտքի օրդեր, որն իրենից ներկայացնում էր էմիգրանտի թերթիկ: Ասեմ, չափազանց վիրավորված զգացի, երբ տվեցին այդ թերթիկը ու աշխատեցի շատ արագ ազատվել դրանից: Պարզվեց, օդանավակայանում չծխելու արգելքը խախտում են բոլորը, ուստի ես էլ միացա բարեկամ վրացիներին, տաջիկներին, կիրգիզներին, ուզբեկներին, ռուսներին, բելոռուսներին և մենք միասին սկսեցինք զարգացնել ազգային-մշակութային փոխառնչակցության ծրագիր` ծխելու շուրջ:

Դե, հետո եկավ Կոպենհագենի դրվագը ու միջավայրը կտրուկ փոխվեց: Ինքնաթիռում կողքիս նստածը միջին վիճակագրական նորվեգուհի էր, էն որ բացի սպիտակ մաշկից, ուրիշ ոչ մի գրավիչ բան չկա մեջը: Էս ուսանողուհին, դեռ թռիչքը չսկսված, հարմար տեղավորվեց ուսիս ու շատ անմիջական քնեց: Ինձնանից բավականին շատ ջանքեր պահանջվեցին տեղս փոխելու համար: Ինքնաթիռը բավականին ուշացումով հասավ Կոպենհագեն:

Տարադրամի փոխանակման կետի աղջիկը Վիետնամից էր, որը փորձում էր ինձ հաշվի մեջ 17 կրոուն խաբել: Չգիտեմ, փորձում էր խաբել, թե կարգի համաձայն ինչ-որ ավել գումար էր գանձում, բայց այդ դեպքից հետո էլ դժվար աշխատի: Հենց այստեղ էր, որ սկսվեց ամենահետաքրքիրը: Պարզվեց բոլոր տոմսարկղերը փակ են, բացի մեկից: Կայարանն ուներ երկու գիծ, մեկը տանում էր իմ ուզած քաղաքը, մյուսը դեպի Շվեդիա: Չգիտեմ, Կումայրու բարբառով ասեցի, թե մեկ ուրիշ դիալեկտով, բայց Հելսինգերն ու Հելսինգբորգը հաստատ երկուսս էլ շփոթեցինք: Ես էլ սկզբից զարմացա, թե ինչու է տոմսն այդքան թանկ: Բայց: Մի խոսքով: Կայարաններից և ջրոլորտի առկայությունից հասկացա, որ բացառապես ուրիշ տեղ եմ գնում: Ու սկսվեց այն ինչ պետք է սկսվեր: Ամբողջ սպասարկող անձնակազմը հավաքեցի գլխիս ու սկսեցի հակագազի վերաբերյալ ու ջրի հանդեպ տածած վախի մասին իմ պատմությունները: Իհարկե, ասածներիս մեծ մասը ոչ իրենք, ոչ ես չէի հասկանում, բայց թե պետք է մի կերպ հեռվից գայի, որ ինձ անվճար հետ բերեին Դանիա, դեռ մի բան էլ շփոթածս տոմսը փոխեին ինձ անհրաժեշտ տոմսով: Կոմբինացիայի առաջին մասը ստացվեց, երկրորդը` ոչ: Հելսինգոր կամ Հելսինգեր հասա բավականին ուշ: Դանիացիները շատ սիրալիր մարդիկ են: Այդ ուշ ժամին, ինչքան պատահական անցորդ կար, փորձեց որևէ կերպ հուշել, թե ոնց հասնեմ իմ ուզած տեղը: Պարզվեց քաղաքային տրասնպորտ այդ ժամին չկա, և պետք է տաքսիով գնամ: Վարորդը` Մուստաֆան, թուրք էր: 10.80 եվրոյի փոխարեն 15 եվրո ուզեց: Թուրքը մնում է թուրք էլի (սա իհարկե կատակ էր): Մի խոսքով, ոտ-ոտ հասանք հյուրանոց: Գենթյանը (հայ չէ, ալբանացի է, մաքուր ալբանացի, ակնարկ չհասկանալ) շատ հյուրընկալ տղա դուրս եկավ: Հենց սկզբից պայմանավորվեցինք, որ ես զարթուցիչ չեմ դնում ու ինքն առավոտները արթնացնում է ինձ: Էլ ինչ պատմեմ, Բալկանների բնակիչների հետ, Գորդիչն էր, Ալեքսանդրը, Միլոշը, Ազմուսը (Լիտվայի քաղաքացի՚ ռուս) մինչ առավոտ կազմակերպեցինք միջմշակութային գիշեր Գորան Բռեգովիչի հնչյունների ներքո: Առավոտվա կողմ, մեր կիսաքուն ընկերները լսում էին Կոմիտաս (լսեք տեսնեմ լավ է, մենք ամեն օր ենք լսում), իսկ որպես հրաժեշտի երգ` շուն Թալեաթին միասին դրինք հողը: Երբ գրում եմ այս տողերը, Նորվեգիայի մասնակիցն ու Հելսինգորի քաղաքապետը բանավիճում են: Մեկը մյուսին մեղադրում է իր երկիրն ավելի լավը ներկայացնելու մեջ:

Շարունակելի...