• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Ամենավեհ նպատակի համար անգամ երեխան չի կարող միջոց դառնալ. Աշոտ Բլեյանը` դպրոցականների պատվո պահակության մասին

– Պարոն Բլեյան, Ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ բազմաթիվ ցուցադրական միջոցառումներ, երթեր են կազմակերպվում, երեխաներին պարտադիր բնույթ կրող հանձնարարություններ են տալիս, որոնք կարծեք հակազդեցություն են առաջացրել հասարակության շրջանում: Ինչպե՞ս եք գնահատում այս միջոցառումները:

– Իմ կյանքն անընդհատ է, իմ ապրումը՝ վիշտը, ուրախությունը՝ անհատական, ես ապրում եմ իմ զգացումը, չեմ ցուցադրում։ Տարելիցները, տարեդարձները անընդհատ կյանքի մեջ, թվում է, արհեստականորեն են կարևորվում… հանրային ազդեցություն է անձի վրա։ Ես կարողանում եմ դիմագրավել, դիմադրել, դիմանալ… Լավ կլինի՝ այս ձևով էլ իրար օգնենք։ Անհա՞տը պիտի ազդի հանրային կարծիքի վրա։

Որևէ կերպ որևէ մեկին չեմ կարող վիրավորել, այս դեպքում՝ գնահատել նրա գործողությունները. շատ է անհատական, յուրաքանչյուրի որոշումը։ Ֆիզիկական և իրավաբանական անձի իրավունքը գերակա է ինձ համար, գերակա է Սահմանադրությամբ. մեջբերեմ՝ «Մարդը, նրա արժանապատվությունը, հիմնական իրավունքները և ազատությունները բարձրագույն արժեքներ են:
Պետությունն ապահովում է մարդու և քաղաքացու հիմնական իրավունքների և ազատությունների պաշտպանությունը՝ միջազգային իրավունքի սկզբունքներին ու նորմերին համապատասխան: Պետությունը սահմանափակված է մարդու և քաղաքացու հիմնական իրավունքներով և ազատություններով՝ որպես անմիջականորեն գործող իրավունք» (հոդված 3)։ Ինձ համար այս 3-րդ հոդվածի բովանդակությունը միկրոսահմանադրություն է։ Շատ կուզեի, որ սահմանադրական փոփոխությունների գնացող պետական իշխանության, պետական մարմինների, բոլոր պաշտոնյաների, յուրաքանչյուրիս գործողությունները լինեին սահմանադրական այս նորմի հարգումը։

- Քաղաքական ուժերը մինչև 100-րդ տարելիցը դադարեցրել են հանրահավաքները՝ չխանգարելու միջոցառումներին, իսկ, օրինակ, «100-ամյակն առանց ռեժիմի» նախաձեռնությունը հենց այդ օրն է մոբիլիզացման կոչ անում: Ինչպե՞ս եք գնահատում այս գործընթացը:

– Իմ ասածն ամբողջությամբ վերաբերում է նաև քաղաքական ուժերին, հասարակական խմբերին, անհատներին, նրանց գործողություններին։

– Յուրաքանչյուր դպրոցի աշակերտներ մեկ օր պետք է Ծիծեռնակաբերդի կրակի մոտ պատվո պահակ կանգնեն: Ձեր կարծիքով որքանո՞վ են արդյունավետ երեխաների մոտ թեմայի շուրջ հետաքրքրություն առաջացնելու փորձերը: Արդյոք դա հակառակ ազդեցությունը չի՞ տալիս:

– Իմ մանկավարժությունը, որին ես հավատարմորեն ծառայում եմ, էյնշտեյնյան բանաձևում ունի՝ ոչ մի նպատակ այնքան կարևոր չէ, որ արհամարհվի միջոցը։ Երեխան չի կարող միջոց դառնալ, որևէ պատճառաբանությամբ, հանուն ավելի կարևոր մի նպատակի, քան ինքը երեխան է՝ իր իրավունքներով, իր ազատություններով, իր ինքնաբուխությամբ… Բա որ հետո պարզվեց, որ նպատակն անհասանելի է կամ սխալ է ձևակերպված եղել, իրավիճակի փոփոխմամբ՝ անընդունելի, անգամ հանցավոր… Եվ հետո՝ ընտանիքին, ծնողին, երեխայի լիազոր ներկայացուցչին, հենց երեխային ի՞նչ իրավունքով ենք շրջանցում, ինչո՞ւ չենք քննարկում իրենց առաջարկվողը, իրենց անելիքը իրենց հետ, որովհետև վստահ չե՞նք, որ նրանց կողմից ընդունելի կլինի…. Կամայականության, վարչարարության, չարության խորհրդային իներցիան պիտի հաղթահարվի, ոչ թե ազգայնացվի։

- Ինչպե՞ս եք գնահատում Ցեղասպանության հռչակագիրը: Որքանո՞վ է այն արտահայտում հայ ժողովրդի և նաև սփյուռքի միասնական կարծիքը և արդյոք հնարավո՞ր է նման կարծիքի ձևավորում:

– Հայաստանում բնակվողների և աշխարհաքաղաքացի մեր հայրենակիցների դեպքում միասնական կարծիքի մասին խոսք լինել չի կարող։ Կարևոր են փոխադարձ հարգանքի վրա խարսխված բազմակարծությունը, մարդկային համերաշխությունը, ապրող մարդկանց, ապրելու իրավունքի գերակայությունը անգամ պատմական կոչված արդարությունից, ճշմարտությունից։

– Պարոն Բլեյան, արդյոք մենք նոր հայացքո՞վ ենք նայում մեր անցյալին, արդյոք Ցեղասպանությունն ու մեր անցյալը չե՞նք գերադասում այսօրվա մեր խնդիրներին:

– Մերոնք, ինչպես Հայաստանում այսօր հարյուր-հազարները, տաճկահայի սերունդ են, կրում են իրենց մեջ գաղթած նախնիներին։ Իմ հայրերը, պապերը այսօրվա կյանքում ինձանով ներկայացված են, չեն կարող ներկայացված չլինել։ Բայց փաստ-իրողություն են նաև իմ երեխաները, որ ապրում են իրենց ինքնուրույն կյանքով, իրենցում կրվող իրենց երեխաներով։ Խոսքն այն մասին է, թե որքանո՞վ են նրանք արտահայտված իմ, մեր գործողություններում։

«Հիշենք ու պահանջենք», անմոռուկներով հարգենք Ցեղասպանության զոհերի հիշատակը, ցույցերով ու պատվո պահակությամբ վառ պահենք… Իսկ ո՞ւր է իմ, իմ զավակների, նրանց ծնված ու իրենց մեջ կրվող երեխաների կյանքի իրավունքի գերակայությունը. սրա՞ն է ուղղված իմ, մեր այս օրերի հայացքը, սրա՞ իրագործման պահանջով՝ հայ-թուրքական, հայ-ադրբեջանական երկխոսության, ձեռքմեկնումի, հաշտեցման, նոր համակեցության հաստատման, ամենաանսպասելի լուծումների, տնկվող ծառի, մշակվող հողի, կառուցվող տան, հավելյալ արժեք ստեղծող ձեռնարկության, հեռահար նախագծի…

Աղբյուրը՝ 1in.am