• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

12-ամյա կրթությունը դիպլոմի առուծախի, ժամանակ ու հնարավորություններ մսխող համակարգ է. Աշոտ Բլեյան

Հավանության արժանացնելով պարտադիր 12-ամյա կրթության օրենքի նախագիծը` փոխանակ ազատվելու հին, պարսավելի բարքերից, վերադառնում ենք հետխորհրդային շրջան, այն է` կեղծիքի, ձևականության և պարազիտիզմի շրջան: NewsBook-ի հետ զրույցում այս մասին ասաց ԿԳ նախկին նախարար, «Մխիթար Սեբաստացի» կրթահամալրի տնօրեն Աշոտ Բլեյանը:

«Ես այդպես էլ հիմնավորում չտեսա` ինչո՞ւ է վերջնականապես անցում կատարվում 12-ամյա պարտադիր կրթության: Իմ համոզմամբ` պարտադիր հանրակրթությունը պետք է սահմանվի 9 տարի: Անհասկանալի է` ինչի՞ է կոչված ներկայիս անգիրի դպրոցը, որը 12-ամյա «գլխատված» հանրակրթության մի մասն է: Սա ինքնուրույն, ինքնաբավ հանրակրթական ծրագիր չէ»,- համոզմունք հայտնեց նա:

Աշոտ Բլեյանի կարծիքով` 9-ամյա պարտադիր կրթություն ստացած մարդը պետք է ազատ լինի իր հետագա ընտրության մեջ` առանց կողմնակի պարտադրանքի տնօրինելու հետագա կրթությանն ուղղված իր ռեսուրսները` ժամանակն ու նյութական միջոցները: «Քաղաքացին ինքը պետք է որոշի` որտեղ ներդնել սեփական մտավոր ու ֆինանսական կապիտալը, սակայն նրան պարտադրվում է ավելորդ 3 տարով երկարաձգել ձևական բնույթ կրող կրթական գործընթացը: Սա ընդամենը կեղծ, դիպլոմի առուծախով զբաղվող, ժամանակ ու հնարավորություններ մսխող համակարգ է»,- ասաց նախկին նախարարը:

Հիշեցնենք, որ ԱԺ-ն այսօր հավանության է արժանացրել պարտադիր 12-ամյա կրթությանը (ներկայումս հանրակրթությունը 9-ամյա է): Օրինագիծն ընդունվել է 85 կողմ, 0 դեմ և 27 ձեռնպահ ձայներով: Օրենքն ուժի մեջ կմտնի 2017-ից:

Նյութի աղբյուրը` Newsbook.am

08.04.2015թ.