• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Եթե կրթական հաստատությունները վատն են, թո՛ղ մեռնեն, սատկեն, գնան. Աշոտ Բլեյան

ՀՀ հանրակրթության մասին օրենքով, Սահմանադրությամբ պարտադիր է 9-ամյա կրթությունը, որն անվճար է ՀՀ ողջ տարածքում: 12-ամյա միջնակարգ կրթությունը դարձյալ երաշխավորվում է յուրաքանչյուրի համար: Սա նշանակում է, որ պետությունը պետք է ապահովի սովորողի իրավունքը, որպեսզի նա ստանա այս կրթությունը: NewsBook-ի հետ զրույցում նման կարծիք հայտնեց «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի տնօրեն, հանրային գործիչ Աշոտ Բլեյանն՝ անդրադառնալով 12-ամյա պարտադիր կրթությանը:

Նա նշեց, որ կրթություն ստանալը ՀՀ յուրաքանչյուր քաղաքացու անօտարելի իրավունքն է, և պետությունը պարտավոր է ամեն ինչ անել, որ ցանկացած ոք ստանա միջնակարգ կրթություն. «Կրթության անօտարելի իրավունք գոյություն ունի: Եթե մարդը ցանկանում եմ 9-րդ դասարանից հետո մասնագիտական կրթություն ստանալ կամ միջնակարգ կրթություն ստանալ պետական ուսումնական հաստատությունում, պետությունը պարտավոր է ապահովել սա նրա համար: Չապահովելու դեպքում պետությունը կամ պաշտոնատար անձը պետք է պատասխանատվություն կրեն»,- ընդգծեց մեր զրուցակիցը:

Առհասարակ խոսելով ֆորմալ կրթության մասին` Աշոտ Բլեյանը փաստեց, որ որքան մարդն ապրում է, այնքան սովորում է: Իսկ եթե խոսք է գնում կրթության բուն իմաստի մասին, ապա մարդն իրավունք ունի 1 կամ 3 տարի սովորել իր ցանկացած ուսումնական հաստատությունում, և պետությունը որևէ կերպ իրավունք չունի նրան զրկել դրանից. «Կրթության ստանալը, սովորելը դա կարողություն է: Այս առումով ի՞նչ է նշանակում 3, 4 կամ 5 տարի: 9-րդ դասարանը ավարտելուց հետո մարդն իրավունք ունի 1 տարի սովորել, 6 ամիս կամ 3 տարի: Կարող է միջին մասնագիտական հաստատությունում սովորել: Այս դեպքում արդեն մենք կրթության տևողությունը ոչ թե պետք է տարիքով չափենք, հատկապես պարտադիրից հետո, այլ մարդու ստացած գիտելիքներով: Դա մարդու, քաղաքացու կապիտալն է: Նա չի կարող այդ կապիտալը մսխել, չի կարող պետությունը որևէ պատճառաբանությամբ վերցնի իրենից այդ իրավունքը` որոշելու, թե ինչի մեջ պետք է ներդրում անել»,- շեշտեց Աշոտ Բլեյանը:

Նա կարևոր  համարեց այս առումով այն հարցը, որ ի վերջո, մեծ թվով նյութական միջոցներ, նյարդեր ծախսելուց հետո դրա փոխարեն մարդն ի՞նչ է ստանում. «Ինձ հուզում է այն հարցը, թե մարդն ի՞նչ կարողություններ է ձեռք բերում իր տաղանդը դրսևորելու, իր տնտեսական կյանքը տնօրինելու համար: Մարդը պետք է դառնա իր ժամանակի ու ռեսուրսների տերը: Մարդն ինքը պետք է ինքնուրույն որոշումներ կայացնի, այլ ոչ թե ուսումնական հաստատությունները: Այս առումով ես ստեղծագործ, արտադրող, ինքնուրույն, իր իրավունքներից լիարժեք օգտվող մարդու կողմնակիցն եմ»,- հավելեց մեր զրուցակիցը:

Բլեյանի կարծիքով` մարդու խոսքը պետք է որոշիչ լինի, այլ ոչ թե հաստատության: Այս դեպքում արդեն կրթական այն բոլոր հաստատությունները, որոնք վատ են, ուղղակի կվերանան ասպարեզից. «Եթե հաստատությունները վատն են, թո՛ղ մեռնեն, սատկեն, գնան: Կառաջանան նորերը, առաջ կգա ոչ ֆորմալ կրթությունը, իրական կրթության նոր ձևերը: Ի վերջո, մարդու համար ի՞նչ տարբերություն իրեն ով է սովորեցնում: Կարևորը, թե ինչ է սովորեցնում: Ուսուցիչը հաստատությունը չէ: Ուսուցիչը մարդուն փոխանցում է կարևոր բաներ»,- նշեց «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի տնօրենը և ընդգծեց, որ ցավոք սրտի, մասնագիտական կրթություն դասավանդող հաստատությունները քիչ կապ ունեն ներկայիս կյանքի հետ: «Նախնական, միջին և բարձրագույն մասնագիտական հաստատություններն իրարից անկախ բաներ են: Դրանք ոչ միայն իրարից, այլ մարդու կյանքից են անկախ: Եթե գործազուրկներ է «արտադրում» բարձրագույն կրթական համակարգը, եթե մարդը ֆորմալ կրթության վկայական է ստանում, հետո իրական կյանքում պետք է լուծի մասնագիտության հարցը, այսինքն` երկու անգամ է կրթություն ստանում՝ մի հատ ձևական` ինչ-որ փաստաթղթի համար, մի հատ էլ գնում է, օրինակ` արհեստավորի մոտ և ձեռք է բերում իրական մասնագիտություն, էլ ի՞նչ կարծիքի լինեմ այս հաստատությունների մասին: Իհարկե` վատ»,-եզրափակեց մեր զրուցակիցը:

Նյութի աղբյուրը ` Newsbook.am

30.03.2015թ.