• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Չաբուա Իրաքկլիի Ամիրեջիբի «Աֆորիզմներ»

Շատ շնորհալի մարդիկ կան, որոնք, սակայն, չգիտեն` ինչպես տնօրինեն իրենց իմաստուն կարողությունները: Մի բան է բնածին շնորհը, այլ` այն հմտությամբ գործածելը: Հավասար չափով տաղանդավոր երկու մարդ կարող են բարոյապես ընդհանրապես նման չլինել, և յուրաքանչյուրն իր ձևով է օգտագործում իրեն տրված տաղանդը:

Չնայած Տեր Աստվածն ստեղծել է բարության և մաքրության մի հրաշալի աղբյուր, սակայն  այստեղ էլ սովորաբար կան բացառություններ. ամեն մարդ յուրովի է օգտագործում անապական ջուրն աղբյուրի:

Մարդկության պատմությունը բաղկացած է որոշ անհատների` մարդկանց խմբերի նկատմամբ իրենց առավելությունների  ցուցադրմամբ: Իրենց ուղիներն ու համոզմունքներն ապացուցելով ու առաջարկելով` նրանք գործնականում ամեն ինչ արել են և անում են ժամանակի և իրենց համար:

Ով ցանկանում է ծառայել բարությանը, պետք է ի վիճակի լինի այնպիսի գործունեություն ծավալելու, որը կօգնի իրագործելու ամենավեհ նպատակներ, որոնք հասանելի կլինեն այն մարդուն, որը չի թալանել և չի ստորացրել ո´չ իր, ո´չ իր հարևանի ոգին: Սա է յուրաքանչյուր մարդու սուրբ պարտականությունը:

Սերը երջանկություն է բերում միայն նրանց, ովքեր, իրենց սրտից վանելով կասկածն ու անիմաստ վախը, ամբողջովին տրվում են զգացմունքներին: Վախկոտի սերը բաղկացած է վախից և հաշվարկներից. նա արժանի չէ անգամ երջանկության մասին մտածելու:

Պետությունը ​​կրակի վրա դրված եռացող ապուրով լցված  մի ահռելի կճուճ է, քաղաքացին էլ այն էակը, որը խրված է այդ կաթսայի մեջ: Անխուսափելիորեն գալիս է այն պահը, երբ անհրաժեշտ է ապուրը շերեփով խառնել: Եվ այդ ժամանա՜կ… Միլիոնավոր մարդիկ ցնցվում են, դեսուդեն ընկնում, և ամեն մեկը վախենում է իր ստամոքսի համար: Շատերը  կրկին փորձում են կառչել հին կաթսայից, մյուսները փնտրում են նորը, երրորդներն էլ երևակայում են ամանեղեն, որ երբեք չեն տեսել, բայց  համոզված են, որ այն գոյություն ունի, որ հենց իրենց է վիճակված  գտնել այդ ամենը:Այս ամենը տևում է այնքան ժամանակ, մինչև ամբոխի մեջ չի հայտնվում մեկը, ով որոշում է ներկել կաթսան և այն ներկայացնել որպես նոր: Եվ այդ ժամանակ քաղաքացիները «կպչում»  են կաթսային, և «Երկիրը դառնում է հավիտյան»: