• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Ռաֆայել Իշխանյանը Տերյանի՝ անդեմ նախադասություններով բանաստեղծությունների մասին

Անդեմ նախադասությունները և նրանց դերը պահպանված են նաև ետանրջյան բանաստեղծություններում, բայց կան և այդ կարգի նախադասությունների նորաբնույթ գործածություններ, նրանց հնարավորությունների նորովի օգտագործում: Օրինակ, «Ոսկի հեքիաթ» շարքի «Առավոտ» բանաստեղծությունը, որ տերյանական աշխարհզգացողությունն արտահայտելու տեսակետից և փիլիսոփայական հագեցվածությամբ բացառիկ է, հիմնականում անդեմ նախադասությունների շղթա է: 6 քառատողից միայն առաջինն է կառուցված դիմավոր նախադասություններով, մնացածն անդեմ դերբայական են: Հիշենք 2-րդ տունը (գերադաս անդամ անորոշ դերբայայներն ընդգծել ենք).

Ելնել ճանապարհ, խնդուն հեռանալ,

Զվարթ և թեթև թափառել ազատ,

Եվ ոչ Հայրենիք, ոչ տուն ունենալ,

Ոչ անուն, ոչ զենք, ոչ փառք, ոչ արծաթ....

«Մոռանալը»-ը, որ նույնպես անորոշ դերբայներով է հյուսված, այլ է իր ներքին ու արտաքին երաժշտականությամբ, տրամադրությամբ ու փիլիսոփայությամբ: Նրանում իշխող մոռանալու ու հեռանալու այրող տենչը, զգացմունքի ու խոսքի գերլարվածությունը «Առավոտում» չկան: Այստեղ առավոտյան հանդարտ մեղեդին է հնչում, իշխում է փիլիսոփայական  հնազանդությունը՝ «Մեռնել անտրտունջ հնազանդության» և աշխարհին ու մարդկանց պարզված անեզրական սերը. «Ողջունել սիրով անց ու դարձողին, օրհներգել կյանքը, աշխարհին ժպտալ...», «Սիրել ու կրկին սիրել խենդագին»: Այսպես. Ունենք անորոշ դերբայների վրա հյուսված երկու՝ իրարից  բովանդակությամբ ու տրամադրությամբ տարբեր, բայց հավասարապես բնորոշ տերյանական բանաստեղծություններ՝ երկուսն էլ հայ փիլիսոփայական քնարերգության գլուխգործոցներ:

Կա անհիմն կարծիք, որ իբր անորոշ դերբայով կազմվող անդեմ նախադասությունները հայեցի չեն: Դա հերքվում է թեկուզ այն իրողությամբ, որ մեսրոպատառ գրված առաջին նախադասությունը այսպիսին է եղել՝ «Ճանաչել զիմաստություն և զխրատ, իմանալ զբանս հանճարոյ». Տերյանը ստեղծել է նույնքան հայեցի դերբայական խոսքեր: 

Ռաֆայել Իշխանյան,  «Արևելահայ բանաստեղծության լեզվի պատմություն», Երևան, 262 էջ:

Աղավնի Սահակյան, քոլեջ, 1-ին կուրս