• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Ռաֆայել Իշխանյանը տերյանական տխրության մասին

Տխրության այս երկու տեսակները՝ և՛ պատճառ չունեցող, անփրկում թախիծը, և՛ անաչառ, հնազանդ ու խաղաղ ուրախ տխրությունը՝ իրենց այլևայլ դրսևորումներով ու տարբերակներով, բանաստեղծի  ամենաբնորոշ  ներշնչանքներն են, և «Անուրջների» մեջ տերյանական է  այն ամենը, ինչ որևէ չափով տոգորված է  նրանցով: Այդ տերյանականն արտահայտվում է  ամենատարբեր ոտանավորների մեջ՝ աշուն նկարագրվի թե գարուն,  գիշեր թե ցերեկ՝ կարևորը բանաստեղծական հիշյալ զգացողություններն են, աշխարհընկալումը: Հետաքրքրական են, օրինակ, «Անուրջներում» տեղ գտած «Գարուն» վերնագրով երկու ոտանավորները, մեկը տերյանական ուժեղ զգացողությամբ, նաև արտահայտություններով («Այնպես գգվող է երեկոն անափ, ծաղիկներն այնպես նազով են փակվում», «Կարծես թե մեկը ինձ է երազում, կարծես կանչում է ինձ մի քնքուշ ձեռք…»), մյուսն ավելի քիչ տերյանական տրամադրությամբ և արտահայտություններով («Գարո՛ւն, ամեն տեղ նոր կյանք ես վառել», «Ահա ես կրկին զվարթ ու ջահել», «…Ողջո՜ւյն քեզ, Արև, ողջո՜ւյն քեզ, Գարուն»): Թվում է, տերյանականության ինչ-որ պակաս է զգացվում նաև «Անուրջների» մի քանի այլ ոտնավորումներում, թերևս՝ «Աղբյուր», «Երգ», «Կիրք», «Կրկին հնչում է թունավոր լեզուդ» բանաստեղծությունների մեջ:
Եվ այսպես. «Անուրջների» տխրությունը, երազանքը, մենանալու ձգտումը, մթնշաղները, անչարությունն ու խոնարհությունը, նաև ներքին երաժշտականությունը Տերյան բանաստեղծի խառնվածքի արտահայտություններն են, նրա ներշնչանքի բնույթը, որը համապատասխան մարմնավորում է ստացել հայոց նոր գրական լեզվի մեջ, այդ լեզվին պարտադրել նոր երանգ, նոր որակ, արտաքին երաժշտականության նոր բնույթ:
 

Ռաֆայել Իշխանյան, «Արևելահայ  բանաստեղծության լեզվի պատմություն», Երևան, 257 էջ

Հատվածը մուտքագրեց  Սվետլանա Մանգասարյանը, քոլեջ, առաջին կուրս