• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Նշանավոր մարդիկ. Կարլ Գաուս

 

Գիմնազիան` ամերիկյան քոլեջի նախապատրաստական ավագ դպրոցի համարժեքը, գտնվում էր Գաուսենց տնից մեկ կիլոմետր հեռավորության վրա։ Դա երկհարկանի քարե շենք էր, և գիմնազիային որևէ կերպ առնչվող մարդկանց մեծամասնությունը պատկանում էր Բրաունշվեյգի վերնախավին։ Ստորին խավից քիչ երեխաներ հնարավորություն ունեին այնտեղ սովորելու: Նրանց տներում գրքեր չկային, նրանց ծնողները պատկերացում չունեին այն մասին, թե ինչ են սովորում իրենց երեխաները,  շատերն էլ կասկածանքով էին նայում ուսման գաղափարին ընդհանրապես․ չէ՞որ նրանք հազիվհազ էին կարողանում ապրել` առանց ուսման կամ ունենալով միայն տարրական կրթություն։ Այնուամենայնիվ, յուրաքանչյուր սերունդ հույսեր է տածում, որ հաջորդ սերունդն ավելի մեծ հաջողությունների կհասնի, քան ինքը, և Կառլի մայրը սկսեց լավ կյանքի երազանքով ապրել:
Չնայած նրան, որ դուքսը վճարում էր Գաուսի ուսման վարձը, նրա ծնողները ստիպված էին զոհողությունների գնալ իրենց որդու համար։ Ընտանիքը պետք է կերակրեր և հագցներ նրան: Որդին պետք է զբաղվեր միայն դասերով, և այս հանգամանքը հատկապես դուր չէր գալիս Գաուսի հորը, բայց նա համաձայնվել էր դրան և պետք է պահպաներ տված խոստումը։ Երբ Գաուսը 1788-ին գիմնազիա ընդունվեց, նա սկսեց լրջորեն ուսումնասիրել լատիներենը և հունարենը։ Նա պետք է կարողանար հեշտությամբ գրել և կարդալ լատիներեն, քանի որ բոլոր գիտական աշխատությունները գրվում էին լատիներենով։ Իսկ հունարենը վաղ շրջանի մաթեմատիկոսների և փիլիսոփաների լեզուն էր, և Գաուսը պետք է սովորեր այն ևս։ Նա լեզուներ սովորելու բնածին տաղանդ ուներ և մինչև 1792 թ-ին գիմնազիան ավարտելը հեշտությամբ սովորեց լատիներեն, հունարեն, ֆրանսերեն ու անգլերեն։ Նա և նրա համադասարանցիները ֆրանսերենով կամ լատիներենով հոդվածներ էին գրում առանց որևէ դժվարության։
Առաջին տարին նա սովորում էր նույն տարիքի ուրիշ տղաների հետ։ Սակայն Կառլն արդեն ծանոթ էր դասավանդվող մաթեմատիկայի ծրագրի մեծ մասին։ Ժամանակի ընթացքում պարզ դարձավ, որ նա շատ է առաջ  անցել իր համադասարանցիներից։ Մի օր տղաները զրուցում էին:
- Գա՛ուս, դու արդեն անցե՞լ ես եռանկյունաչափությունը տարրական դպրոցում,- զարմացած հարցրեց Յոհան Իդը։- Ինձ մի քիչ չե՞ս օգնի:- Հանրահաշիվն ու երկրաչափությունը հասկանում եմ, բայց եռանկյունաչափությունից գլուխ չեմ հանում։
Այդ օրը և դեռ շատ շաբաթներ դրանից հետո երկու տղաները մի քանի ժամ ավելի էին անցկացնում դպրոցում, և Կառլը օգնում էր ընկերոջը:
Մի օր, երբ Կառլը տուն վերադարձավ, հայրը որոշեց, որ որդու հետ խոսելու ժամանակն է։
- Կառլ, ի՞նչ ես դու անում ամբողջ օրը դպրոցում։ Դու արդեն բավականաչափ գիտելիք ունես՝ շատ աշխատանքներ հաջողությամբ կատարելու համար։
- Դու չես հասկանում, հայրի′կ,- ասաց Կառլը։ - Ես պետք է մաթեմատիկայի կարևոր մասերը հետազոտեմ։ Ես պետք է ուսումնասիրեմ թվերի տեսությունը։ Ես պետք է հասկանամ  և բացատրեմ հանրահաշվի հիմնական թեորեմը։ Պետք է լատիներենը լավ սովորեմ, որպեսզի կարողանամ վարժ գրել նրանով։ Ես դեռ այնքա՜ն բան ունեմ սովորելու։
- Ինչպե՞ս թե,- հարցրեց հայրը։ - Այնպիսի տպավորություն է, որ դուք ոչինչ չեք սովորում այդտեղ։ Դու պետք է առևտուր անել սովորես, որպեսզի կարողանաս կերակրել քեզ։
- Հայրի′կ,- ասաց Կառլը,- իմ մաթեմատիկան չափազանց կարևոր է։ Դու պետք է ընդունես այդ։
- Դա հիմարություն է,- ասաց հայրը։ - Ես պարոն Բյուտներին ասացի, որ թույլ կտամ քեզ զբաղվել դրանով և  խոսքս չեմ դրժի, բայց սա ինձ դուր չի գալիս։
Մոտավորապես նույն ժամանակ դուքսը, Ցիմերմանի խորհրդին հետևելով, Գաուսի համար լոգարիթմական աղյուսակների գիրք պատվիրեց՝ օգնելու նրան իր հաշվարկներում։ Լոգարիթմները մեծ թվերի բազմապատկման միակ գործնական եղանակն էին` նախքան գրպանի հաշվիչի և համակարգչի հայտնաբերումը շատ տարիներ հետո։  Քանի որ լոգարիթմները թույլ էին տալիս Կառլին մեծ թվերի ձանձրալի բազմապատկման փոխարեն գումարել e թվի աստիճանները, այս աղյուսակները հեշտացնում էին ուղեղը թմրեցնող աշխատանքի մեծ մասը կատարելիս, որը պետք է կատարեր Կառլը։ Լոգարիթմների աղյուսակները Կառլի մշտական ուղեկիցն էին, և քսան տարեկանում նա դրանց մեծամասնությունը անգիր էր սովորել։  Հետագայում Կառլը խոստովանել է, որ պոեզիա է տեսնում այդ աղյուսակների մեջ։
Դուքսը  Ցիմերմանին նաև պատվիրել էր, որ նա Կառլին տարբեր գծագրական գործիքներով ապահովի, այդ թվում՝ տարբեր տեսակի կարկիններով և որակյալ պղնձե քանոնով։ Եթե Կառլը պետք է լրջորեն ուսումնասիրեր էվկլիդեսյան երկրաչափույթունը, նա պետք է կարողանար ճշգրիտ գծագրեր կատարել։ Այժմ, երբ Կառլը զինված էր մաթեմատիկա սովորելու համար անհրաժեշտ բոլոր պարագաներով, նա խորացավ այդ գործի մեջ՝ արագորեն գերազանցելով գիմնազիայի ծրագրով նախատեսված ծավալները։ Կառլն իր ժամանակի մեծ մասն անցկացնում էր մաթեմատիկական աշխատություններ կարդալով։ Նրան հիացնում էր շվեյցարիացի մեծ մաթեմատիկոս Էյլերը։ Ապշեցուցիչ էր, թե ինչպես էր Էյլերը կարողացել այդքան շատ աշխատություններ գրել այդքան տարբեր մաթեմատիկական բնագավառներում։ Նույնիսկ իր կյանքի վերջին տասնյոթ տարիների ընթացքում, երբ նա կորցրել էր տեսողությունը, նա շատ յուրահատուկ և արժեքավոր գործեր էր գրել։
Կառլն ուսումնասիրում էր նաև Արքիմեդի և Լագրանժի ժառանգությունը։
Սակայն նրա հերոսը Իսահակ Նյուտոնն էր՝ դիֆերենցիալ և ինտեգրալ հաշվի երկու հիմնադիրներից  մեկը։ Նյուտոնի հռչակավոր «Սկզբունքները»  աշխատությունը հաճախ համարում են ֆիզիկայի երբևէ գրված մաթեմատիկական նկարագրությունը։ Գաուսն ուսումնասիրել էր Նյուտոնի ողջ աշխատությունը և հասկացել այն։ Նյուտոնն իր փայլուն հայտնագործությունները վերագրում էր այն փաստին, որ կարող էր ավելի հեռուն տեսնել՝  կանգնելով հսկաների՝ իրենից առաջ եղած մաթեմատիկոսների ուսերին։ Գաուսը ևս կանգնած էր հսկաների ուսերին․այդ հսկաներից մեկըՆյուտոնն էր։

Վախճանվելէ1855թվականիփետրվարի23-ինգերմանական  Գյոթինգենքաղաքում: