• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Որքանո՞վ են ճնշված աղջիկները 8.3-ի կարծիքով

Մենք այսօր պայմանավորվածություն ունեինք հավաքվել դպրոցում: Դասարանում նստած սպասում էինք հյուրերին, երբ տիկին Նունեն առաջարկեց բացել կրթահամալիրի կայքը և կարդալ  «Մնում է`ծնողներն էլ մտածեն այդ մասին» իմ գրած նյութը: Դե, կարդացինք, չնկատեցինք էլ` ինչպես քննարկում սկսվեց: Չնայած դա ավելի շատ ոչ թե քննարկում էր, այլ բանավեճ,  վերջում էլ դառավ վեճ: Ընթացքում ես ստիպված եղա մի քանի անգամ բացատրել, թե իրականում ինչ եմ ուզեցել  ասել: Մի մասը շարունակ ասում էր, որ երեխան չի կարող չլսել ծնողին, իսկ մյուս մասը ասում էր, որ պետք է լսել ծնողի կարծիքը, բայց ունենալ նաև սեփական կարծիք: Հետո խոսեցինք աղջիկների անճաշակության ու դրանից չամաչելու մասին: Ու էլի լսեցինք տարբեր կարծիքներ: Հիմա էլ մի մասը պնդում էր, որ անճաշակ հագնվող աղջիկները վատ տպավորություն են թողնում, իսկ մյուս մասն ասում էր, որ չպետք է հագնվել հարևանների ու բարեկամների համար, ի վերջո վատ տպավորություն թողնողը անճաշակ հագնվողն է, հետևաբար պատասխան տվողն էլ ինքը պիտի լինի: Հետո եկավ Հովիկի հայրիկը ու կարդալով նյութը ասաց, որ պետք է լսել ծնողներին` միաժամանակ ունենալով  սեփական կարծիք: Մի խոսքով, այնքան շատ տարվեցինք զրույցով,  որ Վահեն սկսեց խոսել բարդույթների, իսկ Լիլիթը` էմոների մասին: Լավ է, որ մեր հյուրերը եկան, ու մենք ուզած-չուզած վերջացրինք մեր քննարկումը: Չնայած կարծում եմ` դեռ շատ բան կար ասելու: