• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Լեռ Կամսար...

Դարեր շարունակ գլուխը ղեկավարելով մարմնին՝ մարդկությանը կանգնեցրեց կորստյան անդնդի եզրին։ Աշխարհը երկու թշնամի բանակների վերածեց, որոնք, մի-մի ատոմային ռումբ ձեռքն առած, սպառնում են մարդկային ցեղին բնաջնջմամբ։

Չհավանելով Աստծու ստեղծած աշխարհը՝ գլուխը մտածեց վերափոխել այն ըստ յուր ճաշակի։

Քրիստոնեությունը մտավ մարդու գլուխը և կամեցավ մարդկությանն «եղբայրացնել»։

Սոցիալիզմը մտավ, կամեցավ «ընկեր» դարձնել։

Բայց իրողությունն այն է, որ մարդիկ ներկայիս ո՛չ եղբայր են իրար, ո՛չ ընկեր, այլ ոխերիմ թշնամի՝ պատրաստ միմյանց արյունը խմելու։
Եթե մարդկության գոյության նպատակը իրար ընկեր կամ եղբայր դառնալը լիներ, Աստված դրախտում Ադամի կողքին մի երկրորդ Ադամ կստեղծեր, որ լինեին իրար «ընկեր» կամ «եղբայր»։
Եվ ի՞նչ կարիք կա, որ մարդիկ իրար եղբայր կամ ընկեր լինեն։ Դրախտից դեռ ոտքը դուրս չդրած՝ առաջին եղբայր Կայենը չարաչար սպանեց իր առաջին եղբայր Աբելին։ Իսկ ընկերը՝ բոլորից էլ վատ։ Կոմունիստ առաջնորդները բանվորին «ընկեր» են ասում ու միաժամանակ ծծում նրա արյունը ու միլիոններով Սիբիրի սառնամանիքներում ոչնչացնում։
Աշխարհում հավիտենական սեր հաստատելու համար ո՛չ «եղբայր», ո՛չ «ընկեր», մարդ ու կին պետք է լինել, որ սրով էլ կտրես, չբաժանվեն իրարից։
Աստված այս կերպ էլ վարվեց՝ ստեղծելով իր Ադամ-Եվային։