• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Անապագա ներկայի հաղթահարման շրջանը

Սիրանուշ Պապյանի հարցազրույցը Աշոտ Բլեյանի հետ lragir.am-ում

Պարոն Բլեյան, Թունիսը, Եգիպտոսը կարողացան դուրս գալ  հեղափոխության: Մյուս կողմից, մեզանում որքան էլ դրա պահը  հասունացել է, համընդհանուր դժգոհություն է, բայց տեղաշարժ չկա…
 
Այստեղ կարող ենք մի քիչ հումորով ասել` առաջինները եղան վերջինները կամ կլինեն վերջինները:  Երբ մենք 1988-ին սկսում էինք ազատության համար շարժումը, Եգիպտոսում նախագահ Մուբարակի պաշտամունքն էր տիրում:

Ամեն դեպքում, իրենք արձանագրեցին,  որ երկար ժամանակ անհնար է ապրել, ինչպես Չարենց էր ասում, անապագա ներկայով,  վիճակում: Սա վտանգավոր, Հրանտ Մաթևոսյանի ձևակերպմամբ` ժողովրդի` որպես փարախ քշված հոտի վիճակ է, հատկապես որ երկարատև, բռնի պարտադրվում է: Միասնական (գլոբալացվող) աշխարհում, աշխարհ նայող պատուհանները բռնապետները փակել չեն կարող, բայց սեփական ժողովրդին ինչ-որ շրջան զրկել առաջադիմության լույսից ու բարեկեցիկ ապագայից,  տեսանք, կարողանում են: Հիմա Եգիպտոսի և Թունիսի օրինակները ցույց են տալիս, որ դա վերջ ունի, և այդ օրը պայմանավորված է ամեն անգամ ինչ-ինչ հանգամանքներով:
 
Հեղափոխությունը մեզանում զուգահեռվում է անկառավարելի և անշրջելի զարգացումների, դրանցով պայմանավորված կորուստների հետ: Ես ոչ քաղաքագետ եմ, ոչ արաբագետ, ցավոք, դեռ չեմ հասցրել լինել Եգիպտոսում և վատ գիտեմ այսօր Եգիպտոսը, բայց ակնհայտ է, որ Եմենում, Հորդանանում տարածում ստացող հեղափոխությունները հաստատում են, որ Արաբական Աֆրիկայի իրադարձությունները դոմինոյի էֆեկտ են ստանում: Իրանի 1978թ.-ի իսլամական հեղափոխության բերած հետևանքներից քաղաքակրթությունը շահե՞ց: Արաբական Աֆրիկայում ու Մերձավոր Արևելքում ծավալված շարժման արդյունքում իսլամական կազմակերպությունների դիրքերը կզորանան, և մենք գործ կունենանք իսլամամետ տրամադրությունների նկատելի աճի հետ: Կկարողանա՞ մասնավորապես Եգիպտոսում իշխող ռեժիմն իր բանակով կրակի չտա եգիպտական մշակույթի հուշարձանները: Ազատության շունչն առած այսօրվա եգիպտացին կկարողանա՞ տեր կանգնել իր այսօրվա ժառանգությանը: Իմ շահը, Հայաստանի շահը, քաղաքակրթության շահը այս կլիներ, և մենք պետք է սրան աջակցենք: Եթե անուժ ենք, գոնե աղոթենք սրա համար:
 
Վերադառնանք մեր օրերի Հայաստան: Տիգրան Կարապետյանն է դուրս գալիս փողոց, ԲՀԿ-ն կլանում է մանր կուսակցությունների, ՀԱԿ-ն է պատրաստվում Ազատության հրապարակ դուրս գալ մարտի 1-ից առաջ, ըստ Ձեզ` ի՞նչ կստացվի այս ամենից:
 
Շարունակ վատթարացող, կյանքի բերած հասարակական դժգոհությունն այնքան մեծ է, որ խոստովանենք, ինձ ու քեզ համար անակնկալ, Տիգրան Կարապետյանին հաջողվում է մեկ-երկու շաբաթում հազարավոր մարդկանց դուրս բերել փողոց ընդվզումի: ԲՀԿ սկսում է հանդես գալ որպես ինքնուրույն քաղաքական ուժ` իր ողջ կարողության և պատասխանատվության գիտակցմամբ: Հայ Ազգային Կոնգրեսն իր ծանրակշիռ առաջնորդով թույլ չի տա մեզանում հսկողությունից դուրս եկող զարգացումներ: Ես այսպես եմ հասկանում ինստիտուցիոնալ ընդդիմության առաքելությունը: Իշխանությունը սրանով հարկադրված է և ունի հնարավորություն գնալ կոնստրուկտիվ ճանապարհով` իրական ու ամբողջական փոփոխությունների, որի արձանագրողը հասարակ մարդն է լինելու: Շարքային հայաստանցին իր կյանքում կզգա կամ չի զգա այդ փոփոխությունը: Չի զգա, դուրս կգա փողոց: Ում դրոշի տակ` կերևա: Հիմա հեշտ չէ նրան խաբելը: Մենք սպառել ենք դիմանալու, յոլա գնալու պապական պաշարները: Մենք չենք կարող հաշտվել այս անապագա ներկայի հետ, ես` որպես կրթության գործի կազմակերպիչ, պետք է ապագայի աջակցությունն ունենամ:
 
Պարոն Բլեյան, սակայն մենք գիտենք, որ հայերի այն հատվածը, որն անապագա ներկայում չի կարողանում ապրել, ռեալիզացնել  իր  ուժերը, պարզապես լքում  է երկիրը: Համենայն դեպս, վերջին մեկ տարվա վիճակագրությունը դա է ցույց տալիս:
 
Սա դաժան փաստ է, կարծեմ առաջիններից մեկն եմ, որ ասել եմ` ճամպրուկ հավաքած հասարակության հետ այս պայմաններում դժվար է, բայց և քիչ չեն մեզանում մարդիկ, ովքեր ֆիզիկապես կան, բայց իրականում արտագաղթի մեջ են: Իսկ մարդը, ով դիմում է արտագաղթի, ինքը Հայաստանից  դուրս օգտվում է ազատ տեղաշարժի իրավունքից, ինքն իր կյանքով է ուզում ապրել, և դու ի՞նչ իրավունք ունես իրեն այլ բան պարտադրել: Ես անգամ կոչով  չէի դիմի: Մենք` գնացողն ու մնացողը, կարող ենք նույն  գործն անել, եթե ունենք Հայաստանի ապագայի նույն տեսլականը, եթե նա Հայաստանից դուրս չի կորցրել պատասխանատվությունը իր, իր ծնողների ծննդավայրի-բնակավայրի նկատմամբ:
 
Կարելի՞ է ասել, Թունիսում  և Եգիպտոսում  սոցիալական ցանցերի  գործածումը  հեղափոխությանը ծառայեց, դրա հնարավորությունը դարձավ ու դրանով` նախադեպ:
 
Դժվար չէ նկատել, որ վերջին երկու տարվա և' բնապաշտպանական, և' բնապահպանական, և' օտարալեզու, և' քաղաքաշինական, և' բռնադատվածների իրավունքների պաշտպանության երևանյան մեծ ու փոքր շարժումները չէին լինի առանց մեդիա հաղորդակցության: Հիմա մենք պետք է լիարժեք հաղորդակցության համար մեդիահնարավորություններն օգտագործենք, մանավանդ որ Հայաստանում ինտերնետից օգտվողների թիվը շարունակ բազմապատկվում է: Մեդիագրագետ հասարակությունում այլևս տեղեկատվական շրջափակման գործոնը չեզոքացվում է, մնում է անձնական պատասխանատվությունը և միասին համերաշխ գործելու կարողությունը զարգացնել: Գործի բերումով, կյանքի տարբեր փուլերում մեզնից յուրաքանչյուրը կարող է ուրիշ տեղ լինել, բիզնես հիմնել, ընտանիք կազմել, բայց չէի ուզի, որ մեծ աշխարհի այս փոքրիկ անկյան հետ իր կապը կորցնի, դառնա անպատասխանատու: Շնորհիվ մեդիայի ինքն ավելի մեծ ու իրական հնարավորություն ունի իրեն չազատելու պատասխանատվությունից:
 
Պարոն Բլեյան, հիմա գանք նորից Հայաստանում ապրող մարդուն, քաղաքական ուժերին: Թվում է` բոլորն են ընդդիմադիր, ի՞նչն է խանգարում  ընդդիմադիր ուժերի միավորմանը, նրանց միասնական հանդես գալուն:
 
Միանալն այսպես հասկանանք: Ես այսինչ տեղը այսինչ գործն եմ անում,  որոշակի արժեքներ առաջ եմ տանում, դու` մի ուրիշ տեղ, մի ուրիշ գործով նույն արժեքներին ես դավանում, ուրեմն մենք միասին ենք: Այստեղ արժեքների տարբերության հարցն է: Քաղաքական ուժերը միասնական հանդես կգան, եթե վերգտնեն, եթե իրենց գործը դարձնեն այսօր ապրող իրական, կոնկրետ մարդու ծառայությունը: Մարդը երկարատև ու ծանրացող կարիքի, կենցաղի մեջ կորցրել է իր մարդկային դեմքը: Մարդը օգնության կարիք ունի: Զորօրինակ: Իմ` որպես կրթահամալիրի տնօրենի հոգսը այսօր իրական երեխան է` 2000-ից յուրաքանչյուրը` նրա ծնողով և ուսուցչով: Ես հայ ազգային դպրոցը չեմ փրկում, նրա նվիրյալը չեմ, որ սրանով  ինձ ազատեմ այսօրվա սովորողի հոգսերից ու պատասխանատվությունից: Հիմա եթե ինձ հարցնեք` ո՞րն է ամենամեծ խնդիրը, կասեմ հետևյալը. կրթահամալիրի ուսուցիչների երեքից մեկը չունի անգամ սեփական կացարան: Մեր հեղափոխության 21-րդ տարում,  80 հազարից 100 հազար ստացող անկացարան ուսուցիչն ինչ ապագա է տեսնում ինքն իր ու իր ընտանիքի համար, որ ինչ փոխանցի իր սովորողներին: Վերջին քսան տարում սերունդ է մեծացել, առաջացել է ինքնուրույն սերունդ, մի քանի հարյուր հազար մարդ: Նրանք ապրում են խառը ընտանիքներով, չունեն իրենց ինքնուրույն կյանքը կամ օրահացի խնդրով անհույս ծվարել են մի անկյունում, որը բարեկեցիկ ոչ մի դեպքում չես համարի: Անապագա ներկան հենց սա է, քաղաքական խնդիր է:
 
Կարելի՞ է ասել, որ մեր շատ խնդիրներ հենց գալիս են ընտանիքից:
 
Իհարկե: Հենց ընտանիքը լուրջ պրոբլեմ ունի: Հեղափոխություն արած մարդու երեխաները մեծացել են, ամուսնացել կամ պիտի ամուսնանան: Սովորել են ու պիտի աշխատանք գտնեն: Եվ ինչպե՞ս է այս հարցը լուծվում, ի՞նչ եք առաջարկում այս մարդուն` դու շարունակիր «վրանում»  կամ «փարախում» ապրել, դու քո ինքնուրույն կյանքով մի ապրիր, հորդ և մորդ ընտանիքը շարունակիր, երբ ինքն իր ինքնուրույն կյանքով պիտի ապրեր:
 
Շատ հայ ընտանիքներ երեխաներից կառչած են, ասում են` տունս տեղս դրել եմ, որ տղուս, թոռներիս հետ վայելեմ: Սա ավելի շատ մենթալիտետի՞ խնդիր է:
 
Մարդը կարող է սեփական բիզնես չունենալ, բայց մարդը հայրենիք կոչված միավորում պիտի  սեփականատեր լինի, իսկ սեփականության համատարած ձևն իր բնակարանը (մի կտոր հողով կամ առանց դրա), իր աշխատանքը, սրանց միջոցով ու իր ազատ ընտրությամբ ստեղծած ընտանիքը: Մոռացել ենք, որ ազատության առաջին աստիճանը տնտեսական ինքնուրույնությունն է: Եթե ես չեմ կարող ինքնուրույն վճիռ կայացնել` ո՞ւմ հետ ամուսնանալ, ե՞րբ ամուսնանալ, որտե՞ղ ապրել, ո՞ր մասնագիտությամբ աշխատել, ի՞նչ ազատության մասին է  խոսքը: Քո հարաբերությունները քո երեխայի հետ նույնպես երկու ազատ մարդու հարաբերություն է, իսկ ո՞վ ասաց, որ ինքը պատրադրված պետք է ծնողի մոտ մնա, նա այդպես արդեն ստրուկ է դառնում, գնալու տեղ չունի, ծնողին պետք է հանդուրժի հանուն հացի և տանիքի: Սրանք պարտադրված, ստրկացված մարդկանց հարաբերություններ են: Էլի թող ինքնուրույն լինի, ազատ լինի, և իր երախտագիտությունը (ծնողները իր կյանքում չեն կարող կարևոր դեր չունենալ) թող ինքը վերադարձնի` իր ուշադրությամբ, բայց ոչ թե իր կյանքի հաշվին, այլ դա լինի իր կյանքի մի օրգանական մասը: Ամեն մարդ, անհատ, սերունդ պետք է իր կյանքն ապրի ինքնուրույն: Մեզանում սա, համաձայնեք, չի եղել, միշտ սա ստորադասվել է, և եթե սրա գիտակցումը կա, ուրեմն անպայման ինչ-որ բան կփոխվի:
 
Ո՞րն է ԶԼՄ-ների, լրագրողների դերը Ձեր հարցադրումներում:
 
Իմ ասածն ամբողջությամբ վերաբերում նաև ԶԼՄ-ներին, TV-ներին, թերթերին ու էլեկտրոնային կայքերին:  Ո՞ւմ  մասին եք պատմում, ես չեմ ուզում էդ ձեր երգող ու չերգող «աստղերին»,  նրանք ինձ հոգնեցրել են, ես ուզում եմ ինձ անծանոթ, բայց իրական, իրենց հոգսերով, իրենց խնդիրներով, լուծումներով մարդկանց, մտե'ք այդ մարդկանք թաքստոցները, խոսեցրեք նրանց, որ ես հասկանամ` որտեղ եմ ապրում: Բա՞ լինի տեխնիկապես հագեցված 20-ի չափ  TV, ու ես չճանաչե՞մ երկիրը, նրա մարդուն, որտեղ և ում հետ եմ ապրում: Հեռուստատեսություն կոչվածը մեզանում անապագա ներկան է հաստատում, որպես անվերջանալի մի հեռուստասերիալ դատապարտում անհաղթահարելի թմբիրի. սա է լինելու, որ ալիքը փոխես, դու այս դեմքերն ես տեսնելու, այս կատարումներն ես լսելու, տաշի-տուշի, Նոր տարի կամ բանակի օր, կամ անկախության օր… Անկախ լրագրողը, ո՞նց է իրացնում իր և այլոց արտահայտվելու իրավունքը, չի կարող չօգտվել նոր մեդիայի հնարավորություններից. ինտերնետ TV, ինտերնետ ռադիո, էլեկտրոնային բլոգներ, սոցիալական ցանցեր, ամենատարբեր էլեկտրոնային բովանդակությամբ կայքեր…
 
Ազատությունը պետք է սկսել ընտանիքից, որ հետո ամբողջովի՞ն ազատականանանք:
 
Մեզանում բոլոր հարցերի լուծումները այսօր միաժամանակ են սկսվում, ոչ թե այս մի հարցը լուծենք, հետո` մյուսը: Այդպես միաժամանակ շատ մարդիկ են սկսում իրենց գործը լավ կատարել, միաժամանակ առաջանում է գիտակցումը, որ այլևս անապագա ներկան անհանդուրժելի է: Սրան եմ ես անվանում հեղափոխական բեկումը հասարակական գիտակցության մեջ:
 
Հեղափոխությունը, ըստ Ձեզ, միա՞կ ճանապարհն է հարցերը լուծելու առումով:
 
Հեղափոխական բեկումը հասարակական գիտակցության մեջ հարցերի լուծումը չէ, այլ անապագա ներկայի հաղթահարման իրական ու ամբողջական լուծումների մեկնակետը: Երկու օր առաջ, ամբողջ գիշեր հետևում էի Եգիպտոսում տեղի ունեցող զարգացումներին, ինձ համար շատ կարևոր է այնտեղ ի՞նչ է արվում, ի՞նչն է այրվում, ո՞վ է գրավում: Այն մարդիկ, որ ազատության, ու բարեկեցիկ ապագայի համար դուրս են եկել փողոց, մարդու կյանքը, մշակութային արժեքը իրե՞նցն են համարում, իրենք կարող են պաշտպանել այդ ամենը: Հուզված, արցունքախառն ու հաստատակամ մարդկանց տեսա, որոնք օղակել էին  Կահիրեի հայտնի ազգային թանգարանը: Հեղափոխությունն արվում է, որպեսզի այդ արժեքները լինեն իրենցը: Եվ կլինեն, եթե նրանք կարողանան այդ թոհուբոհի մեջ պաշտպանել այդ արժեքները, որը նաև մերն է: Իսկ թե հեղափոխության կրակի մեջ ոչնչացվեցին այդ արժեքները, անիծված լինի իրենց հեղափոխությունն էլ, իրենց Մուբարակն էլ: Նույնն էլ Թունիսը, Հորդանանը, Լիբիան…
 
Հիմա մեր պարագայում, ինչքանո՞վ է հասուն, զարգացած մեր հասարակությունը...
 
Հասուն է անպայման: Ի՞նչ եք կարծում, 90-ական թվականներից առ այսօր հասարակությունը հենց այնպես է ապրե՞լ... Հասունացել է  այնքան, ու հասարակությունը զարգացած է բավարար չափով, որ հեղափոխությամբ ու նրա հետևանքներով մեզ պետք չէ վախեցնել: Ռուսերեն մեջբերումով ավարտեմ իմ ուսանող տարիներին հայտնի «Կոմունիստը» ֆիլմից. Ты меня коммунизмом не пугай, я блокаду пережил.