• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Կախում ինտերնետից

Գարնանային օլիմպիադայի նյութերից
Լրագրություն. Հոգեբանական խնդրի քննարկում
Մերուժան Ղարիբյան. 11-5 դասարան

Մեր կողքին ապրում են շատ մարդիկ, հատկապես պատանիներ և երիտասարդներ, ովքեր կախվածություն ունեն ինտերնետից՝ չեն պատկերացնում իրենց կյանքն առանց ինտերնետի: Դա այդքան էլ սարսափելի չի լինի, եթե ինտերնետի ընձեռած հնարավորությունները ճիշտ օգտագործվեն, մասնավորապես՝ ուսուցման կամ ինֆորմացիա ստանալու համար, սակայն ցավալի է, որ ինտերնետից օգտվողների մեծամասնությունը նախընտրում է սոցիալական կայքերը և չատերը(odnoklassniki.ru  facebook.com  vkontakte.ru  myspace.com): Ըստ 2010 թ. վիճակագրական տվյալների` Հայաստանում Odnoklassniki.ru կայքում գրանցված են մոտ 800.000 մարդ, եթե հաշվի առնենք նաև այն փաստը, որ քիչ չեն մեկից ավելի էջեր ունեցող մարդիկ կամ իրենց գաղտնաբառը մոռանալու պատճառով կրկին գրանցվածները, կարելի է այդ թիվը մի քանի հազարով կրճատել:
Facebook.com կայքից աշխարհում օգտվում են մոտ 500.000.000 մարդիկ, իսկ Հայաստանում նրանց թիվը 104.000 է: Ի դեպ՝ Facebook.com-ը աշխարհի ամենաշատ հաճախվող կայքն է: 
Սոցկայքերից կախվածություն ունեցողներին նկատելը դժվար չէ: Չեմ կարծում, որ դպրոցականներից կամ բուհում սովորող երիտասարդներից հնարավոր լինի գտնել մեկին, ով չի հաստատի, որ իր համադասարանցիների կամ համակուրսեցիների մեծ մասը դասերի ժամանակ գոնե մի քանի անգամ հեռախոսով այցելում է odnoklassniki.ru՝  ստուգելու իր էջը: Նման մարդիկ, կարելի է ասել, ապրում են երկու կյանքով` ռեալ և վիրտուալ: Երկու աշխարհներ, որոնք շատ տարբեր են իրարից: Այդ մարդիկ օրվա մեծ մասը անցկացնում են սոցիալական կայքերում և նրանց լեզուն վերափոխվում է ստեղնաշարի: Նրանք աստիճանաբար սկսում են դժվարանալ իրական կյանքում շփվելիս ու իրենց մտքերը բանավոր արտահայտելիս: Բացի այդ, ժամանակի ընթացքում նրանց մոտ առաջանում են ողնաշարային և տեսողության հետ կապված խնդիրներ: Բավական չէ, որ տանը եղած ժամանակ ժամեր են անցկացնում համակարգչի առջև, տանից դուրս գալուց հետո էլ հերթը հասնում է հեռախոսին: Վիրտուալ շփվում են, կռվում, հաշտվում և նույնիսկ սեր խոստովանում: Վերջինս շատ տարօրինակ է ինձ համար: Անհասկանալի է, թե ինչպես կարելի է առանց տեսնելու սիրած մարդու աչքերը, ինտերնետի միջոցով և լատինատառ սեր խոստովանել, մոտավորապես այսպես ES QEZ SIRUM EM: Իմ կարծիքով սեր խոստովանելու ամենասառը և ամենաանընդունելի միջոցն է սա, և տարօրինակն այն է, որ արդեն սովորական է դարձել: Բացի այդ, մարդիկ ինտերնետով այնքան են շփվում և խոսում ամեն մանրուքից, որ երբ իրար տեսնում են, այլևս խոսելու թեմա չի լինում, կամ էլ խոսում են նույն բաների մասին, քանի որ շատ հաճախ այդ քննարկված հարցը ուղղակի չի մնում նրանց հիշողության մեջ։ Դա զարմանալի չէ, որովհետև այդքան ժամանակ ինտերնետով դատարկաբանելուց հետո նրանք արդեն գրում են առանց մտածելու: Նրանց խոսակցությանը հետևելիս թվում է, թե նրանց ուղեղում տպավորված է ամեն մի հարցի պատասխան, համենայնդեպս նրանց մտածելու և գրելու արագությունից կարելի է այդպես ենթադրել:
Բժշկության մեջ արդեն առաջացել են համապատասխան տերմիններ – INTERNET ADDICTION, ON-LINE ADDICTION, NET ADDICTION (կախվածություն ինտերնետից, վիրտուալ աշխարհից, կապից): Նման մարդիկ, ինտերնետի մեջ խորասուզված, ուղղակի չեն զգում ժամանակը:
Մի խոսքով, եթե զգում եք, որ դուք էլ ունեք կախվածություն վիրտուալ աշխարհից, ապա ուղղակի ջնջեք ձեր էջը տվյալ կայքերից, քանի որ հաճախումնեի թիվը և ժամանակը վերահսկելը ոչ միշտ է արդյունավետ լինում: Իսկ հետագայում կզգաք, որ սկսում եք ձեր ժամանակը ավելի արդյունավետ օգտագործլ: