• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Մնում է` ծնողները մտածեն այդ մասին

Երևի թե այս նյութը չգրեի, սակայն քանիերորդ անգամն է, որ աղջիկների շրջանում լսում եմ, որ հայրը կամ մեծ եղբայրը արգելում են իրենց անել այն,  ինչի մեջ ոչ մի վատ բան չկա: Ասենք` մեկի հայրիկը բարկանում է շրջազգեստի կարճության, իսկ մյուսի եղբայրը`  տղա ընկերներ ունենալու համար: Էլի ոչ մի կերպ չեմ կարողանում հասկանալ: Ասենք, ինչպես կարելի է բարկանալ, որ քեզ զանգահարել են համադասարանցի տղաներ, կամ էլ, որ ունես նմանատիպ ճաշակ: Դրանով (ես այդպես եմ կարծում) նրանք միայն ճնշում են սեփական երեխաներին:

Երևի այսպես եմ մտածում, քանի որ ինձ թողնում են ազատ արտահայտվել, թողնում են անեմ այնպես, ինչպես հարմար եմ գտնում, միաժամանակ բացատրելով`  որն է ավելի լավ: Անձնական փորձից ասեմ, որ այդպես շատ ավելի հարմար է: Դու լսում ես ծնողներիդ կարծիքը տվյալ երևույթի մասին, հետո էլ անում այնպես, ինչպես հարմար ես գտնում: Այդքանից հետո դժվար է սխալվելը:

Կամ ինչպես կարող է քեզանից մի քանի տարով մեծ (երբեմն էլ քո տարիքի կամ անգամ ավելի փոքր) եղբայրդ քեզ ասել, թե դու ինչպես պիտի հագնվես ու, եթե դա նրան դուր չի գալիս`  բարկանալ քեզ վրա: Եվ դու պիտի լսե՞ս նրան, այդ ամենը նորմա՞լ համարես:

Մի խոսքով, ուզում եմ բարձրաձայնել,  որ մեր աղջիկների մի մասը ճնշված է ու չի կարողանում ազատ արտահայտվել: Մնում է, որ ծնողները մտածեն այդ մասին: