• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Հասարակությանն այսօր, առհասարակ, պե՞տք է Սահմանադրության փոփոխությունը

Մինչ 1995-ի ՀՀ Սահմանադրության ընդունումը, դրա վրա ավելի քան լրջորեն են աշխատել: Սահմանադրությունը մշակող հանձնաժողովի կազմում ընդգրկված Աշոտ Բլեյանը Newsline-ի հետ զրույցում պատմեց Սահմանադրության ստեղծման պատմությունը:

Նա նշեց, որ հանձնաժողովի կազմում ընդգրկված են եղել այն ժամանակ Գերագույն խորհրդում ընդգրկված բոլոր քաղաքական ուժերի ներկայացուցիչներն՝ ի տարբերություն 2013-ի Սահմանադրական փոփոխությունների հայեցակարգը մշակած հանձնաժողովի կազմի:

«Ես հանձնաժողովում Գերագույն մարմնի «Նոր ուղի» կուսակցությունն էի ներկայցնում: Խորհրդարանում միայն ես էի մեր կուսակցությունից,  բայց  կարգն այնպիսին էր, որ յուրաքանչյուր կուսակցություն, որ խորհրդարանում ներգրավված էր, ուներ իր  ներկայացուցիչը հանձնաժողովում»,- ասաց Բլեյանն ու կարծիք հայտնեց, որ ճիշտ է, երբ հասարակական ու քաղաքական բոլոր շերտերն են մասնակցում սահմանադրական հանձնաժողովի աշխատանքներին:

Բլեյանն ընդգծեց, որ 1995-ին հանձնաժողովի նիստերը բաց էին: Դրանք անցկացվում էին հայտարարված ժամին, և որևէ խոչընդոտ նիստերին մասնակցելու առումով գոյություն  չուներ:

«Հանրապետության նախագահն անձամբ էր անցկացնում նիստերը, և յուրաքանչյուր հոդված մանրամասն քննարկվում էր, անգամ երբեմն հոգնեցուցիչ էր այդ աշխատանքը: Նիստերից հետո լինում էին փոքր խմբերով հանդիպումներ և շարունակվում էին հանձնաժողովի աշխատանքները: Գուցե առաջին Սահմանադրությունն էր, դրանից էր»,- ասաց Բլեյանն ու նշեց ՀՀ Սահմանադրության ընդունման և այժմ  սահմանադրական փոփոխությունների միջև ևս մեկ կարևոր տարբերություն:

«Այն ժամանակ չկար հարց՝ Սահմանադրություն պե՞տք է, թե՞ոչ: Հարցն այն էր, թե ինչպիսի Սահմանադրություն է պետք»,- ասաց Բլեյանն ու հավելեց, որ ինքը՝ որպես ՀՀ քաղաքացի չգիտի, թե ինչի՞ համար են այսօր Սահմանադրությունում փոփոխություններ կատարվում:

«Ես չգիտեմ հասարակությունն այսօր դիտո՞րդ է կամ նրան, առհասարակ, պե՞տք է Սահմանադրության փոփոխությունը, թե՞ ոչ: Հասարակությունն անտարբեր է,  քանի որ ինքն ավելի կարևոր՝  կենսական խնդիր ունի»,- ասաց Բլեյանն  ու հավելեց, որ ինքն, օրինակ, որպես քաղաքացի չունի սահմանդրական փոփոխությունների պահանջ:

Նա նշեց, որ 1995-ին հասարակությունը Սահմանադրության  ստեղծման մասակիցն էր. «Սահմանադրություն, որ ստեղծվեց բազմաթիվ փոխզիջումների արդյունքում»:

«Ես հաճախ այս կամ այն կետի հետ համաձայն չէի լինում, բայց գիտակցում էի, որ դա Բլեյան Աշոտի Սահմանադրությունը չէ, այլ Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը»,- ասաց Բլեյանը:

Արաքս Մամուլյան

Աղբյուրը՝ newsline.am