• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

«Թվում է, թե երկու կողմում էլ, բացի մի խումբ մարդկանցից, ոչ ոք պատերազմ չի ուզում»

-Պարոն Թոքմաջյան, Ղարաբաղյան հակամարտության կարգավորման համար ի՞նչ տարբերակներ գոյություն ունեն:

-Ղարաբաղյան հակամարտության կարգավորման տարբերակներ կան, որոնցից մեկը հայ եւ ադրբեջանական հասարակությունների քաղաքացիների միջեւ երկխոսությունն ու ուղիղ շփումն է: 1994 թվականից առայսօր, 20 տարիների բանակցային գործընթացում, որում բացառապես ներգրավված են եղել երկու կողմի, այսպես ասած, «քաղաքական առաջնորդները», խնդրի խաղաղ կարգավորման ուղղությամբ առաջընթաց քայլ չի գրանցվել: Կրակոցները շարունակվում են, մարդիկ սահմանին զոհվում են: Թվում է, թե երկու կողմում էլ, բացի մի խումբ մարդկանցից, ոչ ոք պատերազմ չի ուզում: Ղարաբաղի կամ Արցախի կարգավիճակ չէ, որ քննարկում եմ, այլ ընդամենը գոյություն ունեցած փաստը, ուզենք թե չուզենք՝ Ադրբեջանը մեր հարեւաններից մեկն է: Որպես ՀՀ քաղաքացի՝ կուզենամ ապրել խաղաղ պայմաններում, որի ելքը՝ որպես հակառակորդ ձեւակերպվող հասարակության հետ ուղղակի շփումն է:

-ՆԱՏՕ-ի անդամ երկրները շարունակում են աջակցել Հայաստանի, Ադրբեջանի, Վրաստանի եւ Մոլդովայի տարածքային ամբողջականությանը, անկախությանն ու ինքնիշխանությանը: Այս մասին ասված է Ուելսում ընդունված ՆԱՏՕ-ի  գագաթնաժողովի եզրափակիչ հռչակագրում: Պաշտոնական Երեւանը դժգոհել է ՆԱՏՕ-ի վերջին մի քանի գագաթնաժողովներում ընդունված հռչակագրերից, որոնք վերը նշված երկրների վերաբերյալ միայն տարածքային ամբողջականության սկզբունքն են նշում՝ շրջանցելով ժողովուրդների ինքնորոշման իրավունքը: Ուելսի գագաթնաժողովում եւս այդ մասին որեւէ խոսք չկար: Ձեր կարծիքն այս հարցի վերաբերյալ:

-Ես ինձ  կոմպետենտ չեմ համարում ՆԱՏՕ-ի վարած քաղաքականությանը կամ ՆԱՏՕ-ի ընդունած հռչակագրի որոշակի սկզբունքներին գնահատականներ տալ. ես մի բան գիտեմ, որ Հայաստանն անդամավճար է  մուծում Միացյալ ազգերի կազմակերպությանը, որի որոշակի մասն էլ, որպես շարքային հարկատու, ես եմ մուծում եւ գիտեմ, որ ՄԱԿ-ի համապատասխան հռչակագրերում տարածքային ամբողջականության կողքին կա նաեւ ժողովուրդների ազատ ինքնորոշվելու  եւ սեփական կամքի ազատ արտահայտման սկզբունքը: Ինչ մնում է ձեր նշած երկրների մասով  ՆԱՏՕ-ի  գագաթնաժողովի եզրափակիչ հռչակագրում տեղ գտած դրույթներին, դրանցում գոյություն ունի շատ հստակ քաղաքական ենթատեքստ: Մի կողմում կա կայացած ռազմավարական դաշինք՝ ՆԱՏՕ-ն, մյուս կողմում  միջնադարյան սկզբունքներով առաջնորդվող պետականություն՝ ՌԴ-ն: Եւ տեսեք ինչ խնդիրներ կան այդ տարածքներում՝ Մեծ Դնեստրի դեպքում Մոլդովայի խնդիրը, Վրաստանի պարագայում՝ Հարավային Օսեթիայի եւ այլ խնդիրներ, ու կարծես թե միայն Հայաստան-Ադրբեջան հարաբերակցությունների պարագայում էր, որ ՆԱՏՕ-ն կարող էր համաչափ ինչ-որ որոշում կայացնել կամ հայտարարությամբ հանդես գալ, բայց դա երբեւէ չի անի, քանի դեռ մեր արտաքին քաղաքականությունը նման ապաշնորհ վիճակում է գոնե վերջին 20 տարիների ընթացքում: Նշեմ, որ Արցախյան հարցի ստեղծողը եւ հրահրողը Ռուսաստանն է՝ իր տարբեր դրսեւորումներով՝ ցարական Ռուսաստան, Խորհրդային Միություն եւ այժմ՝  Ռուսաստանի Դաշնություն:

-Անդրադառնանք պատմական անցյալին՝ 1920 թվականին կնքված Սեւրի պայմանագրին եւ հայ-ռուսական պայմանագրին:

-1920 թվականի օգոստոսին, երբ Հայաստանի առաջին հանրապետությունը գնում էր դեպի մայրամուտ եւ  երեք ամիս անց՝ նոյեմբերի վերջ, դեկտեմբերի սկիզբ, դադարելու էր գոյություն ունենալ, մենք՝ 1920 թվականի օգոստոսի 10-ին, ո՛չ միայն պայմանագիր էինք կնքում Սեւրում (այստեղ նաեւ մեր ազգային խառնվածքի զավեշտն է, կապված Պողոս Նուբարի պատվիրակության հետ, որ վերջին պահին մի կերպ համաձայնության եկանք, թե վերջը ինչ ենք ուզում Սեւրից) եւ մյուս կողմից Թիֆլիսում դաշնագիր էինք կնքում  ռուսների հետ, որի համաձայն, մենք թույլատրում ենք ռուսական զորքի առկայությունը տարածաշրջանի մի շարք այնպիսի տարածքներում, որոնք այդ պայմանագրով հռչակում ենք վիճելի՝ սկսած Ղարաբաղից, վերջացրած Տավուշի հարակից տարածքներով, Վեդի-Բասարի գծով եւ այլն: Ո՛չ մեկին մեղադրել պետք չէ, մենք ինքներս դաշնագրով  այդ տարածքներն հռչակեցինք վիճելի եւ թույլատրեցինք ռուսական 11-րդ կարմիր բանակի առկայությունը կամ վերահսկողությունն այդ տարածքներում: Հետագայում կարող  է ինչ-ինչ արդարացումներ լինեն, թե քանի որ Սեւրում հաղթել էինք, դրան այդքան էլ ուշադրություն չէինք դարձնում եւ այլն, բայց սա մեր սահմանափակ քաղաքականության հերթական դրսեւորումն էր, քանի որ չէինք հասկանում, որ տարածաշրջանում իրական գործոն կրկին Ռուսաստանն է դառնում եւ ինչ-որ ունենք կորզելու, պետք է կորզենք Ռուսաստանից: Սա նույն Մաքսային միության նախապատմությունն է, երբ 3,5 տարի բանակցություններ ես վարում Արեւմուտքի հետ, հստակ փաթեթ ունես, եւ մի օր քո Գերագույն գլխավոր հրամանատարն արթնանում է եւ հայտարարում, որ գնում ենք Եվրասիական՝ մեկ այլ տնտեսական միություն: Այսինքն, կարծես թե Արեւմուտքը շատ վատ աշակերտ է եւ պատմությունից ոչինչ չի սովորում, որ նման նախադեպ ունեցել է: Կարիք չկար 2013-ի սեպտեմբերին ընկներ ցայտնոտի մեջ, քանի որ մենք արտաքին քաղաքականության առումով միշտ էլ չենք փայլել: Չնայած որոշակի փուլ ունեցել ենք, դա մինչեւ 1990-ականների վերջերն էր, երբ Ղարաբաղն  ընդգրկված էր բանակցային գործընթացում որպես մասնակից կողմ:

Զրուցեց Անահիտ Սիմոնյանը։ 

«Ասպարեզ», 12.09