• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Համառոտագիր

Տեր-Պետրոսյան Ռաֆսանջանի հանդիպման մանրամասներ: Քննարկումներ և Շուշի գործողության թնջուկ: Հատկապես վերջինն ինձ շատ է հետաքրքրում, որպես այդ ոլորտի մասնագետի: Ես այնքան միամիտ չեմ, որ հավատամ այն ինչ գրած է: Բայց իրական պատկերի վերականգնումը դեռևս չի ստացվում: Աշոտ Բլեյանի այցը Բաքու: Վազգեն-Վանո ճեղքի ու հակասության առաջացում և բազմաթիվ այլ թեմաներ, որոնք վերաբերվում էին 90-ականների սկզբի խառնակ, բովանդակ և անչափ հետաքրքիր փուլին: Սրանք էին ընկած այն հետաքրքիր դաս-հարց ու պատասխանի հիմքում, որը մեզ` Աշոտ Բլեյանին, Ռուդիկ Սահակյանցին և ինձ ուղեկցում էին Կարմրաքար տանող ճանապարհին: Ընդհանրապես պատմագրության մեջ կա այսպես ասված կոռեկտության վիճակ, երբ շատ խնդիրների կամ անձանց չեն անդրադառնում, հաշվի առնելով դրանց առանցքում եղած մարդկանց առկայությունը: Բայց ես դա խախտելու եմ: Հատկապես հաշվի առնելով վերջին օրերի զարգացումները և դաշտում տիրող երեսպաշտական ֆեյսբուքյան հայրենասիրությունը, շատ մանրամասների ներկայացումը տիար Բլեյանի կողմից առավել քան հետաքրքրական էին և անպայման կօգտագործվեն իմ դասերի ընթացքում: Ինչ մնում է բուն այցին, ապա այն չափազանց հետաքրքիր էր: 700 կմ 15 ժամում: Բազմաթիվ հանդիպումներ: Այցի բուն նպատակն էր տեսնել Կարմրաքարի այն տարածքը, որը ՊՆ-ն սիրահոժար տրամադրում է մեզ` ճամբար կազմակերպելու նպատակով: Միանգամից, առաջ անցնելով ասեմ, որ շենքը, որպես ճամբարային տարածք շատ լավն էր. որոշ տեխնիկական խնդիրներ կան, որոնք շատ արագ կկարգավորվեն: Բանակի հետ ներսից և խորքային շփումը ունեցավ խիստ դրական ազդեցություն, այդ կառույցն ավելի մոտիկից ճանաչելու համար: Սակայն դատողություններ չեմ անի, հաշվի առնելով իմ չծառայածի կարգավիճակը: Մյուս կողմից էլ չեմ կարող չփաստել, որ բանակում կան այնպիսի սպաներ, ինչպիսի Կարմրաքարի զորամասի հրամանատար Վահագն էր: Զուսպ, բանիմաց, կիրթ: Չուներ զինվորականի արհեստական կոպտությունը: Հասկանում և գնահատում էր կրթական գործը: Իսկ նրա մայրը, իսկական տիրուհի էր, հայեցի տեսակ, որի ժպիտն անգամ բավարար էր, օրվա հոգնությունը մոռանալու համար: 

Օրն անակընկալ էր նաև այն առումով, որ տեսանք մեր սիրելի շրջանավարտ Մամիկոնին և նրա ընտանիքը: Նրանք իհարկե մեզ բաց չթողեցին առանց ավանդական մածուն և մեղր հյուրասիրելու: Սահակյանցն ընդհանրապես մոռացել էր իր շաքարի մասին: Մամիկոնի հոր` իսկական սյունեցի էռնեստի հետ, խոսակցության ընթացքում պարզեցինք, որ Դավիթ Բեկ գյուղում կա 10-15000 դրամ օրավարձով աշխատանք, բայց աշխատող չկա: Տխուր է չափազանց: Դա ոչ թե այն պատճառով, որ մարդ չկա, այլ մարդը կա, բայց ինչ-որ չիների խնդիր կա: Ակամայից հիշեցի Կումայրու իմ հարևանին, որի տանը կար երեք առողջ տղամարդ, բայց...: Ես չգիտեմ թե լոդրությունը երբվանից է բնորոշ մեր հասարակությանը, բայց այս ամենը տեսնելուց ու լսելուց, ակամայից քո մեջ վերանում են քարից հաց քամողի սին պատրանքները:

Ճանապարհը հետաքրքիր էր նաև այն առումով, որ պարզեցինք մի կարևոր հանգամանք: ՃՈ տեսուչների մեջ իսպառ չի վերացել ամոթը և դեռ հույս կա: Վայքի ավագ դպրոցի ղեկավարի տանը հյուրընկալվելիս և նրա հղի աղջկան տեսնելիս, ակամայից հիշեցի Սերոյի Մխիթար Սպարապետը վեպից  մի հատված և մտքումս ժպտացի: Ընդհանրապես, կարող է Սերոն կատարսիսային կամ չգիտեմ ինչ գեղագիտական աստիճանի գրող չէ, բայց ես անչափ շատ եմ սիրում նրան մինչև հիմա և Սյունիքում գտնվելու ամբողջ ընթացքում նա իմ մտքում էր: Ընդհանրապես նայելով Սյունիքին, այդ աշխարհի գեղեցկությանը և ներշնչանքին, ես զարմանում եմ, թե ինչպես սյունեցիները չեն ողողում մեր գրականության դաշտը: Երևի չեն գնահատում: 

Այս ճամփորդությունը ևս մեկ անգամ ստիպեց ինձ վերաարժևորել բոլոր տեսակի մարդկային կապերը, որոնք մենք ձեռք ենք բերում ժամանակի ընթացքում և որոնք կորցնելը հանցագործություն է: Չնայած հաճախ ենք գործում այդ հանցանքը: Ամեն ինչից վեր մարդն է, իր հասարակ կենսակերպով և լայն սրտով, ով չի ուրանում: Ով ստիպում է քեզ, որ դու ինքդ քեզ Մարդ ճանաչես ու զգաս այն ինչ հասու է միայն քո տեսակի գնահատող կարգավիճակին:

Հետդարձի ճամփան ավելի հետաքրքրական էր ու թեթև: Դաս-քննարկումներին փոխարինեցին թեթև զրույցները և կատակները: Հին գվարդիան (Աշոտ Բլեյան և Ռուդիկ Սահակյանց) նուրբ հումորներ էր անում, որոնք բնորոշ էին ու ուրախ դրվագում: Ու 700 կմ անցավ ակնթարթի պես:

Հ. Գ. 

Նկարներն ավելի ուշ, քանի որ ապարատը մոռացել եմ տիար Սահակյանցի մեքենայի մեջ: