• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

«Հանրակրթական դպրոցի հիմնական դերը աշակերտին այնպիսի որակներով օժտելն է, որ ճիշտ կողմնորոշվելու հիմքեր ունենա»

«Իրատես de facto»-ի հարցերին պատասխանում է կրթության և գիտության փոխնախարար ՄԱՆՈՒԿ ՄԿՐՏՉՅԱՆԸ:

 

-Հայաստանում արդեն բավական ժամանակ գործում է Բոլոնյան համակարգը, Ձեր գնահատականով` համակարգը կայացե՞լ է, թե՞ ընթացքի մեջ է:

-Բոլոնյան համակարգն ունի ձևական կողմ և բովանդակային կողմ: Ձևական կողմը` կառուցվածքին, օրենսդրությանը, կազմակերպական հարցերին վերաբերող, կայացել է, բովանդակային առումով դեռ կայացման փուլում է, և այնպես չէ, որ այսօր որոշում ենք կայացնում ու վաղը կայանում է: Դա ընթացք է` կրթության համակարգի վերաիմաստավորում, որ որոշումներով չէ, որ կատարվում է:

-Սկսե՞լ ենք վերաիմաստավորել:

-Իհարկե, բոլոր քննարկումները` և՛ բնականոն, և՛ արհեստական, նպաստում են դրան, անկախ նրանից` դե՞մ են, թե՞ կողմ, լա՞վ, թե՞ վատ են համարում, հարկադրակա՞ն, թե՞ անհրաժեշտ` բոլոր տեսակետներն ի վերջո բերում են պատկերացումների վերանայման: 

-2014-ի ընդունելության քննությունների առաջին փուլն ավարտվեց, Ձեր գնահատականով` բավարարվա՞ծ են ակնկալիքները: 

-Միասնական քննությունների կարևորագույն առանձնահատկություններից է, որ յուրաքանչյուր երեխա նշանակված օրը մեկ առարկայից մեկ անգամ քննություն է տալիս: Քննությունների լրացուցիչ փուլն այն շրջանավարտների համար է, ովքեր հիվանդության պատճառով չեն մասնակցել, քոլեջների շրջանավարտների, որոնց ուսումնական գործընթացը դեռ չի ավարտվել, բանակից զորացրվածների և արտասահմանից Հայաստանում ուսման եկողների: Հիմնական փուլն արդեն ավարտվեց, սկսվել են կենտրոնացված բանավոր քննությունները, ներբուհական քննությունները: Հուլիսի 2-10-ին կանցկացվեն երկրորդ փուլի լրացուցիչ քննությունները: Քանի որ ես անմիջականորեն առնչվում եմ քննությունների կազմակերպմանն ու ընթացքին, դժվարանում եմ ակնկալիքների առումով գնահատական տալ: Այնուհանդերձ, կան մի քանի չափանիշներ, որոնք թույլ են տալիս գնահատել: Օրինակ, արդեն որերորդ տարին է` հասարակությունը որևէ լարվածություն քննությունների առումով չի ապրում, քննություններն անցնում են հանդարտ, անաղմուկ, դա շատ կարևոր ցուցանիշ է, եթե հիշում եք` մի քանի տարի առաջ ամառն ինչպես էր անցնում դիմորդների ու նրանց հարազատների համար: Երկրորդ` բողոքներ, աղմուկ չկան: Հասարակությունն արդեն յուրացրել է այս կարգը ու ընտելացել է:

-Եթե դա համարենք ընդունելության քննությունների ձևական կողմը, բովանդակային առումով հաջողություններ ունե՞նք: Նկատի ունեմ շտեմարանների ու թեստերի հարաբերակցությունը, շտեմարաններն ադեկվա՞տ են անհրաժեշտ գիտելիքներին:

-Մարդիկ երբեմն տարօրինակ են ընկալում շտեմարանների գոյության փաստը: Նախքան շտեմարանները կային բազմատեսակ ուսումնադիդակտիկ նյութեր, որոնց կարիքը դիմորդներն ունեին` որպես ուղեցույցների, որոնցով պատրաստվեն քննություններին, ու դա անկառավարելի տիրույթ էր: Ով ինչ ցանկանում էր` տպագրում էր, բովանդակության համար պատասխանատվություն չէր կրում ու վաճառում էր իր ցանկացած գնով: Օրենքով այդ իրավունքն ուներ: Պահանջարկ էլ կար: Բայց այդ ձեռնարկների հեղինակները պատասխանատու չէին, թե թեստերում ինչ հարցեր են լինելու: Թեստ կազմողն էլ, ուսումնական ծրագրի շրջանակներում, ինչ հարց ուզեր` կընդգրկեր: Միակ պարտադիր մասը չափորոշիչներին համապատասխանությունն էր: Դիմորդների համար անորոշ էր մնում` ինչի՞ հիման վրա են թեստերը կազմվում: Հօգուտ շրջանավարտների, հատկապես նրանց, որ կրկնուսույցներին դիմելու հնարավորություն չունեին, որոշվեց ստեղծել շտեմարաններ, որ ուսումնական ձեռնարկ, ուսումնաօժանդակ նյութ չեն:

-Լավ, ի՞նչ են, ուրեմն, շտեմարանները ու ի՞նչ խնդիր են լուծում:

-Քննություններին նախապատրաստվող շրջանավարտի համար ուղեցույց, որի համար պատասխանատու է և որը երաշխավորել է նախարարությունը` մեկ, երկրորդ` շտեմարանը սահմանափակում է թեստ կազմողի կամայականությունը. նա իրավունք չունի շտեմարանից դուրս հարցեր ընդգրկելու: Շտեմարանը պետք է ծրագրին համապատասխան լինի, թեստ կազմողի համար պարտադիր են շտեմարանի շրջանակները: Այս փոխպայմանավորվածությունը միշտ չէ ճիշտ ընկալվում: Թվում է` շտեմարանները պարտադիր են: Դիմորդը կարող է օգտվել, կարող է չօգտվել շտեմարանից: Հեղինակները գիտեն, որ շտեմարանները պարտադիր պետք է ընդգրկեն պարզ, միջին ու բարդ առաջադրանքներ, որպեսզի թեստեր կազմողներն ընտրության հնարավորություն ունենան: Շտեմարանները դիմորդին նախապատրաստելու համար են` իր իմացածն ու չիմացածը շտեմարանի հաշվին լրացնելու նպատակով: Նա կարող է շտեմարանով բացահայտել իր իմացածի մակարդակը: Բացի այդ, շտեմարանն ունի ևս մի կարևոր առավելություն. երբ հրապարակվում է` նախքան քննությունները հնարավորություն ենք ունենում դիտողություններ ստանալ, և թեստ կազմողն ունենում է մասնագիտական գնահատական հանձնարարությունների վերաբերյալ, որոնք են թերի, որոնք են երկիմաստ, որոնք են չափազանց պարզ կամ բարդ, այդպիսով նա ստանում է որակյալ թեստեր կազմելու բավարար հիմքեր: Արդյունքում արդեն որերորդ տարին է` մենք տեստերից բողոքներ չենք ստանում շտեմարանների առկայության շնորհիվ: 

-Շտեմարանները դասագրքերին համահո՞ւնչ են:

-Թե դասագրքերի, թե շտեմարանների համար կարևոր են ծրագիրն ու չափորոշիչները, բայց պարտադիր չէ, որ շտեմարանում լինեն դասագրքի հանձնարարությունները, շտեմարանում չեն կարող ընդգրկվել ծրագրից դուրս կամ չափորոշիչներին չհամապատասխանող հանձնարարություններ: Միասնական քննությունների ժամանակ ճիշտը համարվում է այն պատասխանը, որ ճիշտ է համարվում դասագրքում: Եթե որոշ առարկաների դեպքում տարընթերցումներ կան դասագրքերում, երկու պատասխանն էլ ճիշտ է համարվում, եթե համապատասխանում է դասագրքին: 

-Այսօր դպրոցն աշակերտին տալի՞ս է համարժեք գիտելիք, որ հետագայում պետք է նրան:

-Հիմա այնքան էլ կարևոր չէ գիտելիքը, կարևոր է` ինչ որակ է տալիս, որ հետագայում աշակերտին պետք է լինելու: Երեխան պետք է դպրոցում ստանա այն որակը, որով կյանքում հաջողության կհասնի, գիտելիքն այսօր այնքան կարևոր չէ, նախ` արագ է փոփոխվում, երկրորդ` երեխան պետք է կարողանա նվազագույն գիտելիքներով իր ընդունակությունների և դպրոցում ձեռք բերած որակների հաշվին ստանալ այն գիտելիքները, որ տվյալ պահին իրեն պետք են: Գիտելիքի յուրացումը որակ ձեռք բերելու հնարավորություն է: Պյութագորասի թեորեմն ուսումնասիրում ենք ոչ թե իմանալու, այլ թեորեմի շնորհիվ վերլուծական որակներ ձեռք բերելու, տրամաբանություն զարգացնելու համար:

-Հրաշալի է, բայց բոլոր դեպքերում գիտելիքների նվազագույն քանակ պետք է այդ որակն ապահովելու համար: Գուցե դա ավելի շատ վերաբերում է հումանիտար առարկաներին ու մասնավորապես հայերենի իմացությանը: Եթե հայերեն չգիտես անհրաժեշտ մակարդակով, մյուս առարկաների իմացությունն էլ վտանգվում է, որովհետև լեզվաիմացությունը բառերի գեղեցիկ կամ ոչ այնքան դասավորում չէ, այլ լեզվամտածողություն ու աշխարհընկալում: Եվ երկրորդ` տարիքային առանձնահատկություններից ելնելով` մենք ունե՞նք այնքան կազմակերպված, փորձառու ու ընդունակ սերունդ, որ գիտի իրեն ինչ որակներ են վաղը պետք, որ այսօր ընտրություն կատարի: Ընտանի՞քը, դպրո՞ցը, շրջապա՞տը պիտի կողմնորոշեն:

-Բոլորն էլ իրենց դերն ունեն:

-Լավ, ես ուզում եմ դառնալ բիզնեսմեն, որովհետև 16-17 տարեկանում ինձ թվում է, որ նվազագույն ժամանակում ստանում եմ առավելագույն արդյունք, բայց չէ՞ որ այդպես չէ իրականում:

-Կան հարցեր, որոնք անդրադառնում են դպրոցական կյանքի վրա, բայց որոնց լուծումը դպրոցի հետ կապ չունի: Եթե կյանքն այնպիսին լիներ, որ մարդը հասկանար բիզնեսմենն ու գիտնականը հետագայում հավասար են իրենց բարեկեցության մեջ, կընտրեր այն ուղղությունը, ինչին հակված է: Առայժմ նման հիմքեր չունենք, բայց չի նշանակում, որ կյանքը չի շտկվում ու դրան չենք հասնելու: Կյանքի հետագա ճանապարհի ընտրությունն արդեն դպրոցի հարցը չէ: Հենց դա է պատճառը, որ դպրոցը պետք է կարևորի ընդհանուր որակը, ոչ թե մասնագիտական գիտելիքները: Երեխան վաղ թե ուշ հասկանալու է` ինչ է իրեն պետք, ուսանողական տարիներին է կողմնորոշվելու ու վերակողմնորոշվելու և պետք է հիմքեր ունենա դրա համար: Հանրակրթական դպրոցի հիմնական դերը աշակերտին այնպիսի որակներով օժտելն է, որ ճիշտ կողմնորոշվելու հիմքեր ունենա:

-Ավարտական քննությունները դպրոցում այդ որակն ապահովո՞ւմ են:

-Չէի ասի, հիմա բավականին լուրջ քայլեր են արվում արտաքին ու ներքին գնահատումների առումով, աստիճանաբար ավարտական քննությունների հարցը օրակարգից դուրս կգա: Եթե երեխան 12 տարի սովորել է նույն դպրոցում, նույն ուսուցիչները նրան դասարանից դասարան են փոխադրել, գնահատականներ են դրել, ի՞նչ է նշանակում վերջում նորից ստուգելը: 

-Այսինքն` ավարտական քննությունները կարող են չեղյա՞լ հայտարարվել:

-Իհարկե, իմաստը ո՞րն է, մանավանդ հիմա ավարտական քննությունները հասունության ատեստատ ստանալու համար են, եթե երեխան 12 տարի սովորել է, արդեն հիմք ունի ատեստատ ստանալու: 

-ՈՒսուցիչները չե՞ն ընդվզի, որ առարկայի հարգը, դպրոցի ու իրենց դերը ոտնահարվում են:

-Երբ կարևոր պետական խնդիրներ են լուծվում, մասնակի ու անձնական շահերը որոշիչ չեն:

-Իսկ եթե մասնակի ու անձնական շահ չէ, այլ հետադարձով խփելու է ուսման որակի՞ն:

-Չի կարող այդպես լինել, ավարտական քննությունը վերացնելը հարցի մի կողմն է, մյուս կողմը` փոխարենն ի՞նչ է առաջարկվում: Առաջարկվում է արտաքին գնահատում: Գնահատման ու թեստավորման կենտրոնի աշխատակիցները 10-րդ դասարանում քննություն են կազմակերպում, հետո 11-րդում ու 12-րդում, դա հնարավորություն է տալիս երեխայի շարժը գնահատել, երեք տարվա կտրվածքով պարզել նրա առաջընթացը: Եթե երեք տարի երեխան քննություններ է հանձնել, ավարտական քննությունը դառնում է ավելորդ բեռ: Ինչպե՞ս դա դարձնել համընդհանուր կիրառման համակարգ, հիմա լուծվող պրոբլեմներից մեկն է, ծավալուն ու դժվար աշխատանք է, որ արդեն սկսվել է ավագ դպրոցներում: Լուրջ խնդիրներ կան, որ միայն ավարտական քննություններին չեն վերաբերում, այլև միասնական ու ընդունելության քննությունների վերացմանը: Եթե ուզում ենք, որ ընդունելության քննություններ չլինեն, պետք է լուծենք երկու շատ կարևոր խնդիր: Առաջին` դպրոցական կրթության որակը պետք է բարձրանա, երկրորդ` ընդունելության քննություններին չփոխարինեն բուհական առաջին կիսամյակի քննությունները: Այս երկու խնդիրների լուծումները դեռ որոնվում են: 

-Ո՞ր հարթության մեջ` հանրակրթությա՞ն, թե՞ բուհական կրթության:

-Ավելի շատ բուհական: Հիմա մեր բուհերը մրցակցային վիճակում են միմյանց հետ, ուսանողը միայն իր բուհում կարող է ընտրության հնարավորություն ստանալ, բայց երբ խոսում ենք ընդունելության քննությունների վերացման մասին, խնդիրը դառնում է բուհերի ներցանցային համագործակցությունը, ուսանողը պետք է միջբուհական տարածքում ազատ տեղաշարժի հնարավորություն ունենա: 

-Դա նախագի՞ծ է, թե՞ սկսված գործընթաց:

-Գաղափար և նպատակ, որ պիտի իրականացվի: Դա չի կարող միանգամից լինել, աստիճանաբար պետք է հիմքեր ստեղծվեն: Երբ ասում ենք, որ ընդունվելը հեշտ, իսկ սովորելը դժվար պետք է լինի, դա բանաձև է: Երեխան պետք է 9 տարի այնպես սովորի, որ 9-րդից 10-րդ դասարան` ավագ դպրոց անցնելը հեշտ լինի, առանց խոչընդոտի: Ավագ դպրոցում ուսումը պետք է լինի նույնքան պատասխանատու ու ծանր աշխատանք, որ բուհական համակարգ անցնելիս խոչընդոտներ չծագեն: Անհանդուրժելի է, որ 18 տարեկանը ամուսնանալու իրավունք ունի, բայց իրավունք չունի մասնագիտություն ընտրելու: Ասենք, նա ուզում է գյուղատնտես դառնալ, մենք ասում ենք` քննություն տուր, դեռ կնայենք, թույլ տանք, թե ոչ: Օրենքով արգելք չկա, բայց իրականում արգելքը կա, երբ առաջարկվում է քննություն տալ:

-Կրկնուսույցների ինստիտուտը դարձել է կրթական համակարգի անխուսափելի ու անտրոհելի մա՞սը, ինչո՞ւ դպրոցը չի լուծում այդ խնդիրը:

-Շտեմարանները մասամբ այդ խնդիրը լուծեցին: Սովորաբար գյուղում դպրոցի ուսուցիչն է կրկնուսույցը, քաղաքում` բուհի դասախոսը: Շտեմարանները բարձրացնում են ուսուցչի մակարդակը։

-Գուցե խնդիրը կրթական չէ, այլ սոցիալական: Նույն ուսուցիչը գյուղում ինչո՞ւ այդ գիտելիքը չի կարող դասարանում տալ, որ պիտի առանձին պարապի վճարի դիմաց: 

-Ձեր նշած խնդիրն էլ շտեմարանների հաշվին մեղմացվել է: Ինչո՞ւ և ովքե՞ր են կրկնուսույցի դիմում: Նրանց մի մասն անորոշ վիճակում է` չգիտի ինչ պարապել, շտեմարանն այդ անորոշությունը ցրում է և դիմորդը կարող է ինքնուրույն պատրաստվել քննության: Եթե կրկնուսույցին դիմելը անխուսափելի չի դարձել, լավ երևույթ է, հիմա մարդիկ տեսնում են, որ կարելի է կրկնուսույցի չդիմել, ծանոթներ չունենալ, տեղերը նախօրոք բաշխված չեն, սովորի, ու` կընդունվես:

-Ընդունելության քննությունների լրացուցիչ փուլը տարբերություններ ունի՞ միասնականից, թե՞ լիովին հավասար են:

-Թեստերը կազմվում են այնպես, որ բարդության աստիճանը նույնը լինի, իհարկե, բնույթը նույնը չէ, որպեսզի չստացվի, որ լրացուցիչ փուլում քննություն տվողը նախօրոք իմանա` ինչ թեստեր են լինելու: Լրացուցիչ փուլում համեմատաբար քիչ դիմորդներ են լինում, և այնպես չէ, որ լրացուցիչ փուլով ընդունվածները ինչ-որ առավելություն են ունեցել: Անկասկած, որևէ համակարգ, այդ թվում` ընդունելության քննությունների կազմակերպումը, կատարյալ չէ, լինում են թե՛ դրական, թե՛ բացասական դրսևորումներ: Բայց տարօրինակ է, որ դրականը անտեսվում է, իսկ բացասականը` ընդհանրացվում ու դառնում գնահատական: Քննությունների կազմակերպիչները արգելում են հեռախոսների ու ականջակալների օգտագործումը, նախօրոք հայտարարվում է, որ քննությունից կհեռացվի նա, ով օգտվի այդ միջոցներից։ Մի քանի դիմորդ այս տարի հեռացվել է, ու հիմա դիմում են գրել, որ լրացուցիչ փուլում հանձնեն, թույլ չեն տալիս, ու նրանք բողոքում են:

-Դուք զրկում եք դիմորդին իր սխալն ուղղելու հնարավորությունի՞ց:

-Ոչ, հաջորդ տարի նա կարող է նորից փորձել: Մենք ոչ թե կարգազանցին զրկում ենք, այլ ապահովում ենք բոլոր դիմորդների հավասարությունը: Դիմորդների մեծամասնությունը առավոտից երեկո պարապել է, շտեմարանները, դասագրքերը ծայրից ծայր գիտի ու գալիս է քննության` հույս ունենալով, որ քննության կազմակերպիչները ապահովելու են ազնիվ պայմաններ, կարգազանցներին լրացուցիչ փուլում քննության հնարավորություն չտալով` մենք ոչ թե դաժան ենք նրանց նկատմամբ, այլ արդար մյուսների նկատմամբ: Եվ նվազագույնը տարօրինակ է, որ դաժանությունից բողոքող ծնողին մյուս ծնողները չեն ասում, որ նրանք անարդար են, որ իրենց զավակներն անազնիվ միջոցներով են փորձել արդյունք ստանալ: Դա նաև լրատվամիջոցների խնդիրն է` ձևավորել մթնոլորտ, որտեղ ազնիվն ու անազնիվը համարժեք գնահատական են ստանում: Չորրորդ իշխանությունը հասարակական գիտակցության ձևավորման իշխանություն է, որ նշանակում է ձևավորել գիտակցական պատկերացումներ, որոնք կառավարում են վարքը: 

-Խորապես Ձեզ հետ համաձայն եմ, եթե նկատի ունեք նորմալ երկիր ու իշխանության թևերի խնդիրների ու պարտականությունների նորմալ ընկալում: 

-Նորմալ երկիր դառնում են այդպես` պատճառն ու հետևանքը մի շրջեք: 

-Ժամանակը Ձեր ասած հարցը կլուծի, բայց մենք ո՞ւր կլինենք:



Զրույցը` Անահիտ Ադամյանի

Աղբյուրը