• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Ջրագնդակի պատմությունից

 
Ջրագնդակի պատմությունից
Այսօր՝ 2014 թ. հունիսի 19 – ին «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի լողավազաններից մեկում կայացավ Հայաստանի և Վրաստանի ջրագնդակի թիմերի փոքր առաջնությունը: Սովորողների և հանդիսատեսների (որի մեծ մասը նույն սովորողներն էին) մի մասը հետաքրքրվեց ջրագնդակի պատմությամբ: Ահա համառոտակի ներկայացնում ենք այն:
Ջրագնդակը շատ հին պատմություն ունի: Մեզ են հասել տեղեկություններ, որ դեռևս IV դարում Ճապոնիայում մի խաղ էին խաղում, որի մասնակիցները ջրի վրա տակառներին նստած նստսծ երկար ձողերով գնդակ էին խլում իրարից:
Նոր պատմության մեջ ջրի հետ կապված բոլոր բնագավառներում առաջնությունը պատկանել է «ծովերի թագուհի» Անգլիային: Այստեղ բացառություն չեն կազմել նաև ջրային սպորտաձևերը: Ջրագնդակի նախատիպը, որն ստացել է ջրային փոլո անունը, մի կոպիտ զվարճանք էր, որով զբաղվում էին նավաստիներն ու նավահանգստային բանվորները XIX դարի 20 – 30 – ական թվականներից սկսած: Ափից մի տակառիկ էին նետում ջրի մեջ: Հաղթում էր նա, ով առաջինը հետ ափ կնետեր տակառիկը: Սկզբում խաղն անհատական էր, ամեն մեկը խաղում էր իր համար և այն փողով էր: Խաղի մասնակիցները որոշակի գումար էին դնում, որն ամբողջությամբ ստանում էր հաղթողը: Նա այդ գումարը անմիջապես մսխում էր տեղում՝ մոտակա պանդոկում, խմելով պարտվողների հետ միասին: Դեռևս անանուն այդ խաղը շատ կոշտ էր ու վտանգավոր: Հակառակորդները չէին խորշում միմյանց ջրի մեջ խփելուց, ջրահեղձ անելուց և ընդհանրապես, կոպիտ հնարքներից: Մարդկային զոհեր հաճախ էին լինում: Սակայն այդ ժամանակներում Բրիտանական թագավորությունում ամենաէժանը նավաստու կյանքն էր:
Աստիճանաբար խաղն ստացավ թիմային բնույթ և կոչվեց «ափի գրավում»: Սովորաբար նավաստիները խաղում էին նավահանգստի բանվորների հետ: «Ափի» թիմը պիտի խանգարեր «ծովի» թիմին տակառը ափ նետել: Այս ժամանակ էլ «ափի» թիմում հայտնվեց դարպասապահը, որը ի տարբերություն մյուսների գտնվում էր ոչ թե ջրի մեջ՝ այլ ափին:
XIX դարի երկրորդ կեսին հումանիզմի գաղափարները տիրեցին աշխարհին: Սկսվեց օլիմպիական շարժումը: Ազնվազարմ ջենտլմենները, որոնց միակ արժանավոր զբաղմունքը մինչ այդ պատերազմներն ու որսորդությունն էր, տարվեցին վազքով, լողով ու բռնցքամարտով: Ճակատագրի հեգնանքով, այն մարդը, որ դարձավ ջրագնդակի ստեղծողը, երբեք էլ չէր մտածել այդ մասին: Վիլիամ Վիլսոնը անգլիական թղթակից էր, սպորտային մեկնաբան, լողի մարզիչ, ծագումով շոտլանդացի: Նա սպորտային լողի առաջին տեսաբաններից էր: Ունի հիմնարար աշխատություններ այս բնագավառում: Շոտլանդական Աբերդին քաղաքի նավահանգստում նա հաճախ էր տեսնում նավաստիների խաղը տակառներով և որոշեց այն ընդգրկել իր զինանոցում, որպես լողորդների մարզման մեթոդ: Նոր մեթոդը շատ արագ ժողովրդականություն ստացավև 1877 թ. Վիլսոնը կազմեց խաղի առաջին կանոնները: Խաղը կոչվեց ջրագնդակ՝ «watarball»: Նույն տարում շոտլանդական Դի գետի մոտ տեղի ունեցավ նոր սպորտաձևի առաջին առաջնությունը: Հետո խաղը կոչվեց՝ «waterpolo», ջրային փոլո:
Փոլոն արևելյան ծագմամբ արիստոկրատների խաղ է: Փոլոն խաղում էին հեծյալները, որոնք մականներով գնդակ էին խլում միմյանցից: Իմիջիայլոց նման խաղեր մեր նախարարները արքաները խաղացել են նաև Միջնադարյան Հայաստանում, Բագրատունիների շրջանում: Այժմ տեսնենք թե ինչու խաղն ստացավ «ջրային փոլո» անունը և ոչ թե, ասենք, «ջրային ֆուտբոլ» կամ «ջրային ռեգբի»: Բանն այն է, որ նոր խաղի համար առաջին գնդակը կաուչուկե գունդ էր, որ կոչվում էր «փուլու», դրանից էլ առաջացավ խաղի անունը:
1885 թ. ջրագնդակը որպես սպորտաձև գրանցվեց Մեծ Բրիտանիայի լողի Ասոցիացիայում: Այն առաջին անգամ ներկայացվեց Երկրորդ օլիմպիական խաղերում 1900 թվականին: Օլիմպիական առաջին չեմպիոնը,երևի բնական է, Անգլիայի թիմն էր: Ջրագնդակի աշխարհի առաջին առաջնությունը կազմակերպվել է 1973 թ., կանանցը՝ 1986 թ.:
ԽՍՀՄ առաջնություններում Հայաստանի ջրագնդակի թիմը երբեք մրցանակային տեղեր չի զբաղեցրել: Մինչդեռ մեր հարևան Վրաստանի և Ադրբեջանի թիմերը 1950 – 1970 – ական թվականներին բազմիցս գրավել են երկրորդ և երրորդ տեղեր:
.