• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Մեր դպրոցի խնդիրն են ուզում դարձնել գաղթականի կարիքների բավարարումը

Մեր զրուցակիցն է Մխիթար Սեբաստացի կրթահամալիրի հիմնադիր Աշոտ Բլեյանը։

Պարոն Բլեյան, ռուս հեռուստամեկնաբան Դմիտրի Կիսիլյովը ԱԺ-ում հայ պատգամավորներին հանդիմանական տոնով նախատեց, թե ռուսաց լեզուն Հայաստանում նահանջում է և հարց ուղղեց, թե ինչ են անում վերջիններս դա կանխելու համար: Նա նաև առաջարկեց ավելացնել ռուսալեզու  դպրոցների թիվը Հայաստանում և ռուսերենին հատուկ կարգավիճակ տալ: Սաինչի՞ հետևանք է. պարզապես անտակտ մարդու պահվա՞ծք, թե մենք քաղում ենք սեպտեմբերի 3-ի պտուղները:

Հռետորական հարցեր եք տալիս, որովհետև բոլորս գիտենք դրանց պատասխանները: Մինչև Հայաստանի անկախությունը ռուսերենը համարվում էր մեծ հայրենիքի՝ ԽՍՀՄ-ի, լեզու, և մարդիկ չեն մոռացել դա: Ու ոչ մի տարբերություն չկա, դա բարձրաձայնում է Կիսիլյովը, թե մեկ ուրիշը, քանի որ այստեղ խնդիրը մենք ենք, մեր իշխանությունը, մեր մտածողությունը, մեր ռուսահպատակությունն ու մեր դժբախությունը ռուսերենի վատ իմանալով բացատրելը: Եվ դա կարելի է հասկանալ, որովհետև այսօր մեր դպրոցի խնդիրն են ուզում դարձնել գաղթականի կարիքների բավարարումը: Եթե մարդը որոշել է հեռանալ Հայաստանից, նա հեռացողի, քոչվորի խնդիր է դնում, ասելով՝ դու ինձ ռուսերեն սովորեցրու, ու նրա համար այլևս կարևոր չեն քաղաքացիությունը, հայրենատիրությունը, Հայաստանը խնամելու, հողը վարելու, ցանելու կարողություններ ունենալը: Այսինքն հայաստանյան դպրոցի խնդիրը մղվում է երկրորդ պլան, առաջին պլանում գաղթականի կարիքների բավարարումն է դառնում:

Պարոն, Բլեյան, Կիսելյովին խոցել էր նաև այն, որ Երևանում տաքսու վարորդը չէր կարողացել ռուսերենով հաշիվն ասել:

Դե գիտեք, լուրջ չէ, երբ ոմն Կիսելյով եկել է ԱԺ ու իրեն թույլ է տվել նման արտահայտություն: Կարծեմ Նիկոլ Փաշինյանը որպես ԱԺ պատգամավոր, հստակ պահանջ է ներկայացրել՝ անցանկալի անձ հայտարարել այդ մարդուն: Ես լրիվ համաձայն եմ, որ երբ կեղտոտ ձևով միջամտում են քո երկրի ներքին գործերին, իրոք, իշխանության խնդիրն է արձագանքել դրան: Բա պետությունն ու իշխանությունն ինչի՞ համար են: Կիսելյովը թող անգլերեն խոսի վարորդի հետ, թող ձեռքով ոտքով խոսի, ամեն օր կարող է նման բան լինել, բայց ով է Կիսելյովը, որ նման տոնով հայտարարություն անի և մնա անպատասխան: Կա իշխանություն, որը պիտի պատշաճ ձևով պատասխան տա սրան, այստեղ քննարկելու բան էլ չկա:

Ինչ վերաբերում է ռուսական կոչված դպրոցներին, ապա ցավոք, Հայաստանում 42 այդպիսի դպրոց կա, որից 18-ը՝ Երևանում: Այդ դպրոցները ստեղծվել են, գործում են Հայաստանի Սահմանադրության, «Լեզվի մասին» և «Հանրակրթության մասին» օրենքների արհամարհումով: Օրենքով այդ դպրոցները չպիտի լինեին, ինչո՞ւ Հայաստանում ռուսերենով ուսուցմամբ դպրոցներ լինեն, ո՞ւմ համար: Եթե կոմպակտ ապրող ռուսական համայնք կա, ասենք մոլոկանների գյուղերում, ապա այդպիսի դպրոցներ պիտի լինեն ու կան: Բայց Երևանում 18 ռուսական դպրոցներում ովքե՞ր են սովորում: Չի կարող Հայաստանում պետական դպրոցը չլինել մայրենի լեզվով: Մեր խնդիրն այսօր պիտի մայրենին լիներ, որովհետև մտածողության, զարգացման խնդիր կա, մեր պետությունը ստեղծել ենք, որ մայրենին պահպանվի մեր միջոցով: Մեր հասարակության, ընտանիքի խնդիրն է պահպանել մայրենին, ու դրա լավագույն տեղը հենց դպրոցն է: Սա պիտի լինի պետության ու իշխանության հոգսը բոլոր մակարդակներում, ոչ միայն ԿԳՆ-ի:

Դպրոցական բոլոր առարկաների դասավանդումն այսօր խայտառակ վիճակում է: Դրանք սոսկ առարկաներ են, որոնց վրա մեծ ժամանակ է ծախսվում և որոնք ուղղված չեն երեխաներին, հանրակրթական չեն: Խայտառակ վիճակում է երաժշտություն առարկան: Եթե մեզանում երաժշտական հանրակրթություն լիներ, այս անճաշակությունը կթագավորե՞ր Հայաստանում: Իհարկե՝ ոչ: Մեզանում մաթեմատիկան ուղղված է մտածողության զարգացմա՞նը, իհարկե՝ ոչ. ինչ-որ առարկաներ են, ինչ-որ գնահատանիշներ: Ու այդ բոլոր առարկաների մեջ ամենից անպաշտպան վիճակում մայրենին է, որովհետև այն մի արհեստական, անկենդան, նաև ռուսերենի ու անգլերենի կողմից նվաստացվող առարկա է դարձել: Սրա մասին պետք է լինի խոսքը, մայրենին պիտի կենդանի, զարգացնող, երևակայությունը խթանող լինի:

Մեր դպրոցներում ռուսերենը դասավանդում են 2-րդ դասարանից մինչև 12-րդ դասարան, 9-րդ և 12-րդ դասարաններում քննություն կա, ռուսերենի խորացված ուսուցմամբ հարյուրավոր դպրոցներ կան, միթե ռուսերենն այսօր խնդիր է Հայաստանում: Մարդիկ գնում են Ռուսաստան, մեկ ամսում սովորում են լեզուն, բայց միթե դա ՀՀ իշխանության կամ հայաստանյան դպրոցի խնդիր է, իհարկե՝ ոչ:

Սա փաստորեն Հայաստանին ևս մեկ անգամ նվաստացնելու, իրենց գերիշխանությունն ամրապնդելու խնդի՞ր է լուծում:

Պատկերավոր ասած, սա նշանակում է, որ կարմիրներն արդեն Երևանում են, նեոբոլշևիզմը, մեծապետականությունը, որը թվում էր՝ 25 տարում պիտի թոթափած լինեինք: Մենք հիմա պիտի ազատ, անկաշկանդ զբաղված լինեինք մեր երեխաների խնդիրներով, օրինակ՝ շոգ ամռանը Հայաստանի մանկապարտեզներում քանի երեխա է լողում, քանի ուսումնական ճամբարներ կան, քանի ակումբ կա, երեխաներն ինչ են սովորում ամռան երեք ամիսներին, մայրենիով իհարկե: Օտար լեզվով կրթությունն ընդհանրապես հորինովի խնդիր է, երբ ասում են. «Դպրոց, դու քո հիմնական գործը՝ երեխայի զարգացումը, մի արա, վերցրու էս խնդիրը լուծի», ռուսական մեծապետականության կամ ամերիկյան՝ կարևոր չէ: Մի՞թե դա հայաստանյան դպրոցի խնդիրն է: Այսինքն՝ հասել ենք նրան, որ Կիսելյովը պիտի գա ու հայ հասարակության ու կրթական համակարգի առջև խնդի՞ր դնի: Դա տարրական արժանապատվության հարց է:

Հանրակրթությունը լիքը խնդիրներ ունի, բայց դրանք Կիսելյովի, նրա ներկայացրած պետության ու լեզվի հետ կապ չունեն: Եթե Հայաստանը նորմալ զարգացող երկիր լիներ, պիտի օտար լեզու լիներ, ասենք, անգլերենը, և Կիսելյովը մեր վարորդի հետ պիտի անգլերեն խոսեր: Ենթադրում եմ՝ գիտի անգլերեն, իսկ եթե չգիտի, թող սովորի: Բայց հիմա ստացվում է, որ ռուսերենը պարտադիր օտար լեզու է: Հասկանում եմ, որ օտար լեզվի, այդ թվում՝ անգլերենի ուսուցման արդյունավետության խնդիր կա, ինչպես բոլոր առարկաների դեպքում: Դրա համար պիտի մշակվեն նոր մեթոդներ, ուսուցման անհատականություն պիտի տեղի ունենա, երեխան միշտ կիրառի, գործածի իր սովորածը, ճանապարհորդի: Դուք պատկերացրեք, որ  մեր երեխաները շատ ճանապարհորդեին, շատ շփվեին, բնականաբար ավելի հեշտ կսովորեին օտար լեզուներ՝ անգլերեն, ֆրանսերեն, գերմաներեն և այլն: Օրինակ, ինչու ավելի լուրջ չենք զբաղվում մեր հարևան երկրների լեզուներով, ինչու են իսպաներենը, ֆրանսերենը, գերմաներենը շպրտվում դուրս: Իսկ ահա ռուսերենը առավել քան հիմնավոր է ներկայացված հայկական դպրոցում: Բայց արի ու տես, որ դա կարող է Կիսելյովին չբավարարել. ինչ ունեինք՝ տվել ենք, ու էլի նրանց չի բավարարում: Էլ ինչ տանք, էլ ուրիշ բան չունենք տալու:

Ասում են, որ դեռևս 1988-ի շարժման տարիներին, Հայաստան էր ժամանել Տրապեզնիկով ազգանունով մի ռուս պաշտոնյա, որը ներկայանում էր հայերի բարեկամ ու քարոզում, որ Հայաստանը հրաժարվի հայերենից, որ դա լավ ազդակ կլինի հայերի համար Ղարաբաղի հարցում, մեզ լավ աչքով նայելու առումով: Փաստորեն, կարո՞ղ ենք ասել, որ պատմությունը կրկնվում է:

Ես կարծում եմ, որ մենք պիտի կենտրոնանանք մեր անելիքի ու չարածի վրա: Հայաստանը մոնոէթնիկ երկիր է, որտեղ 98 տոկոսը հայեր են, և այդ դեպքում պետական հանրակրթության, դպրոցի ու մանկապարտեզի լեզուն չի կարող հայերենը չլինել: Այսինքն, եթե այդ հարցն ի սկզբանե դրված լիներ, եթե Հայաստանում 42 ռուսական դպրոցների անօրինական առկայությունը թույլ տրված չլիներ, պարզ է, որ խնդիրն էլ լուծված կլիներ: Դրանից հետո կդրվեր օտար լեզվի, որպես առարկայի, ուսուցման տեղի ու դերի հարցը, ռուսերենն էլ՝ այդ թվում: Թե չէ ինչ որ Տրապեզնիկովի անուն ես տալիս, մարդ ուզում է ոտքի կանգնել: Ես ոչ Տրապեզնիկով եմ ճանաչում, ոչ էլ Կիսելյով ու չեմ էլ ուզում ճանաչել: Ես հիմա չեմ դիտում ռուսական ալիքներ, ռուսական էստրադա ու շոու կոչվածը տանել չեմ կարողանում, որովհետև մենք գիտենք, թե ինչ կեղտ բերեց այն, գիտենք, թե ինչ թշնամություն է կաթում ռուսական ալիքներից: Հայաստանում թշնամության քարոզն արգելված է, բայց եթերով այն գնում է՝ նույն ուկրաինացիների կամ ամերիկացիների նկատմամբ: Հիմա ռուսնե՞րը պիտի թելադրեն մեզ, չպրծա՞նք: Բա էլ ինչի՞ համար էր 1991 թվականի անկախությունը, վերջը 1991-ին ի՞նչ ենք հիմնադրել: Հարցը մեր մեջ է՝ հանձնելո՞ւ ենք Հայաստանի Հանրապետությունը, թե ոչ. ես ասում եմ՝ երբեք:

lragir.am, 2014թ. հունիսի 13