• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

12-ամյա պարտադիր կրթություն. աշխատանքի՞, թե՞ կրթության իրավունք

ԿԳ նախկին նախարարը սովորեցնելուն դեմ չէ: Բլեյանն ուղղակի տրամաբանություն չի տեսնում` ինչո՞ւ որոշվեց մտցնել 12-ամյա կրթությունը` այն էլ պարտադիր: Կրթության նախկին նախարարը նկատում է` դրա համար նախ ժամանակ էր հարկավոր. հետո, ըստ Բլեյանի, խախտվում է աշխատանքային օրենսգրքի 17-րդ հոդվածի աշխատողի իրավունքների մասին կետը: Բլեյանի խոսքով` եթե պարտադիր է դառնում հանրակրթական դպրոցներում 12-ամյա կրթություն ստանալը, ուրեմն պետք է օրենքով քաղաքացուն աշխատելու հնարավորություն տրվի: Դրա լուծումն, ըստ Բլեյանի, հատկապես պետք է գտնել գյուղական համայնքների ավելի քան 800 դպրոցներում: Բլեյանը նկատել է` այդտեղ է, որ գործազրկությունը բարձր է, աշակերտը 9-ամյա կրթություն ստանալուց հետո աշխատանք է փնտրում:

Կրթության և գիտության նախարարության հանրակրթության վարչության պետն էլ բացատրում է` 9-ամյա կրթության վկայականով աշխատանք գտնելն այսօր դժվար է: Վարորդ աշխատելու համար էլ 12-ամյա կրթության վկայական են պահանջում:

Հանրակրթության մասին օրենքի փոփոխությունով` 9-ամյա կրթությունից անցում պետք է կատարվի անվճար 12-ամյա կրթության: Ուսումնարանները, միջին եւ նախնական մասնագիտական կրթական ուսումնական հաստատությունները նույնպես իրականացնելու են 12-ամյա կրթություն: Այս օրենքի փոփոխությունը ենթադրում է նաեւ, որ միջին մասնագիտական կրթությունը դառնալու է անվճար:

Հանրակրթական դպրոցների ուսումնական ծրագրերում նոր առարկաներ ավելացվեցին: Նարինե Հովհաննիսյանը բացատրում է` աշակերտները ստիպված պետք է 8-9-րդ ժամերի դասընթացներին էլ մասնակցեին:

Այսօր մեկ աշակերտի համար պետությունը տարեկան մոտ 121 հազար դրամի ծախս է տեսնում: 12-ամյա կրթության դեպքում տրամադրվող գումարի փոփոխություն չի լինելու:

Նարինե Հովհաննիսյանի խոսքով` 3000-4000 երեխաների մասին է խոսքը, որոնք 9-րդ դասարանից դուրս էին գալիս եւ մինչեւ 12-րդ դասարան չէին հաճախում: Եվ դա, ըստ Նարինե Հովհաննիսյանի, ավելի շատ պայմանավորված էր աշակերտների ծուլությամբ: Կրթության և գիտության նախարարության հանրակրթության վարչության պետը պնդում է` իրենք աշակերտներին բացատրում են, որ աշխարհում մրցունակ քաղաքացի լինելու համար 12-ամյա կրթություն է պետք:

Աղբյուրը՝ Armnewstv.am