• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

«Հայ-վրացական հանրակրթական կամուրջներ» ծրագիրն իրականացվում է 5-րդ տարին

Ապրիլի 4-6-ը Երևանի «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում նշվում է «Վրացերենի օրեր կրթահամալիրում» ավանդական միջմշակութային ուսումնական նախագիծը. երեք օր Հայաստանի եւ Վրաստանի մայրաքաղաքների գործընկեր դպրոցների ներկայացուցիչներն իրականացնում են կրթական-մշակութային բազմաթիվ ծրագրեր:

Ապրիլի 5-ին նախագծի տոնական միջոցառումն էր կրթահամալիրի Մարմարյա սրահում։ Կրթահամալիրի սովորողների, ուսուցիչների հետ տոնին մասնակցում էին Հայաստանում Վրաստանի դեսպան Թենգիզ Շարմանաշվիլին, դեսպանատան աշխատողների ուղեկցությամբ, Թբիլիսիի թ. 98 դպրոցի սովորողների, ուսուցիչների, ծնողների հիսուն հոգիանոց խումբը՝ դպրոցի տնօրեն Գիորգի Մոմցելիձեի գլխավորությամբ։

Նախագծի երևանցի և թբիլիսցի մասնակիցները միասին երգեցին, պարեցին, կարդացին հայերեն, վրացերեն, իրար փոխանցեցին իրենց ուսումնական նվերները՝ հայերեն, վրացերեն գրքեր, զրուցարաններ։

Մասնակիցներին և արդեն հինգերորդ տարին իրականացվող ծրագիրը ողջունեց նորին գերազանցություն դեսպանը, որը կարևորեց կրթահամալիրի տնօրեն Աշոտ Բլեյանի, Թբիլիսիի թ. 98 դպրոցի տնօրեն Գիորգի Մոմցելիձեի անձնական ջանքերը բարեկամության այս կամուրջները բանուկ պահելու գործում, իր հիացմունքն ու շնորհակալությունը հայտնեց նախագծի բոլոր մասնակիցներին։ Իրենց ելույթներում պարոն Բլեյանը և Գիորգի Մոմցելիձեն շեշտեցին, որ ծրագիրը հայաստանյան և վրաստանյան հասարակության պատվերն է, տարիներ շարունակ երկու կողմից հարյուրավոր ծնողներ են անհատապես աջակցում ծրագրին՝ ապահովելով սովորողների մասնակցությունը ճամփորդություններին։ Իսկ ծրագիրն ամեն տարի ընդարձակվում է՝ ընդգրկելով նոր գործընկերներ՝ դպրոցներ, պետական և հասարակական կազմակերպություններ։ 

Հայ-վրացական հանրակրթական կամուրջները բանուկ են։ Այս տարի մարտին ուսումնական արձակուրդային նախագծերով Թբիլիսում էին կրթահամալիրի ավագ դպրոցների խմբերը՝ վրացերենի ուսուցման, կինո-ֆոտոյի, նկարիչների, երաժիշտների, էկոլոգների։ Կրթահամալիրում պատրաստվում են ապրիլին ընդունելու հանրակրթական էկոտուր 2014-ի վրաստանցի մասնակիցներին, հեղինակային կրթական ծրագրերի մայիսյան ամենամյա 9-րդ բաց հավաքին՝ վրաստանյան ուսուցիչների մասնագիտական զարգացման կենտրոնի մենթոր ուսուցիչներին։ Կրթահամալիրի «Սեբաստացիներ» ուսուցչական երգչախումբը պատրաստվում է թբիլիսյան ելույթների, Թբիլիսում գործընկերների հետ նշելու Հայաստանի և Վրաստանի անկախության մայիսյան տոնը։

Առջևում նորանոր նախագծեր են։

info.mskh լրատու