• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Հայրենադարձություն

«Տիգրան Հայրապետյան» հասարակագիտական ստուգատես:

Ներկայացնում է Աննա Գսպոյանը:

Եթե պանդխտությունը դարձել է առօրյա ինքնախաբեություն, հասարակությանը մոլորեցնել չէ՞ արդյոք հայրենադարձության մասին խոսելը: Ցանկացած քիչ թե շատ իրատես մարդ սոփեստություն ու փարիսեցիություն կհամարի հայրենադարձության խնդրի արծարծումն այն պահին, երբ քաղաքական-հասարակական հոսանքները, մտավորականությունը, իշխանությունները չեն կարողանում հավատ ներշնչել ժողովրդին հայրենիքի ապագայի նկատմամբ և կանխել արտագնացության օրեցօր ահագնացող ալիքը: (Տիգրան Հայրապետյան):

  Իսկ ո՞րն է ելքը:

Մի՞թե պայքար: Պայքար իշխանության դե՞մ, աբսուրդ է: Պարոնայք իշխանությունը ենթակա չէ փոփոխման, այն բնական երևույթ է, ինչպիսին օրինակ անձրևը: Անհնարին է անձրև առանց թափվող ջրի կաթիլների, անհնարին է իշխանություն առանց ստրկացման. իշխանությունը ստրկացնելու մեջ է:

  Ըստ Հայրապետյանի  հայրենադարձության միակ ելքը պայքարն է՝ պայքար փախչելու փոխարեն: Պայքարի կազմակերպումը պահանջում է բարոյական որոշակի չափանիշներով առաջնորդվող հասարակություն, որ այսօր դժբախտաբար Հայաստանում չկա: Հայրենադարձության կազմակերպումն էլ իր հերթին պահանջում է պատասխանատվության բարձր գիտակցությամբ օժտված քաղաքական իշխանություն, որ այսօր Հայաստանում նույնպես գոյություն չունի:

  Այսպիսի քաղաքական, սոցիալ-տնտեսական պայմաններում հայրենադարձության մասին անգամ մտածելը համարվում է ցնորամտություն, իսկ հայրենադարձության կենսական անհրաժեշտությունը էլ ավելի կենսական ու պարտադրող է դառնում՝ հայրենալքությանն ու երկրի անկմանը զուգահեռ:  Մի՞թե քոչվորությունը մեր արյան մեջ է:  Քոչվորությունը դարձավ կենսական պահանջմունք մեր սխալների պատճառով:

Երբ ժամն էր հատուցման

Հատուցեցինք և դարձանք քոչվոր: Ազգիս սերուցքը բնաջնջվեց կամ ցրիվ եկավ աշխարհով մեկ, իսկ ջրիկ մնացուկը շարունակեց  լղոզել պատմությունը:  Մենք հիշում ենք, կամ մեզ թվում է, թե հիշում ենք, որ մի ժամանակ մենք այսպիսին չէինք, ինչպիսին հիմա ենք և հետևաբար իրականությունը այլ էր:  Սերունդների իրար հաջորդող իրականությունները միմյանց դեմ կռիվ են տալիս՝ առանց գիտակցելու, որ իրականությունը միշտ նույնն է մնում. այդ մենք ենք փոխվում: Այս դեպքում ավելի ճիշտ կլիներ ասել, որ մեզ փոխեցին: Փոխեցին մեր բնույթը, հատկությունը, աշխարհահայցքը՝ մեզ մեր սեփական եսից բաժանելով և ինքնահոսի թողնելով: Վտանգավոր մարդը եսակենտրոն մարդն է, իսկ նա, ով չունի ես, դառնում է հեշտ կռելի: Այս դեպքում հեշտ կռելի հասարակությանը այլ կերպ անվանում են պրոլներ (Ջորջ Օրուել- 1984): Պրոլների կենսական պահանջմունքը բավարարելը այնքան դյուրին է, որքան ծծկեր երեխայինը, ով իր մայրիկից կուշտ փորիկ ու մի քիչ էլ ջերմություն է պահանջում: Անսերուցք կամ լպրծուն հասարակությանը  կացարանով, հագուստով, սնունդով ապահովելուց  բացի, անհրաժեշտ է գլուխը «մայրաբար» շոյել, որ հանկարծ չսկսկի զռռալ (Հարկ է նշել, որ մեզ նաև  հինգ հազարական դրամներով են շոյում, այն էլ « ընտրությունից-ընտրություն»):

  Պայքարելու մեթոդները շատ են, իսկ դրանց կիրառումը՝ դժվար: Ապստամբությունը միակ անհեթեթ տարբերակն է, որը թվում է, թե  նպատակային է, բայց  իրականում երբեք չի հասցնում նպատակին: Առանց այն էլ քիչ ենք, և մեզ հետմահու հերոսի շքանշաններով պարգևատրումը ամենևին հարցի լուծումը չի լինի: Վերը նշվեց, որ իշխանությունը անօտարելի և չփոփոխվող երևույթ է, իսկ ապստամբողները այդ չգիտակցելով՝ դառնում են մահապարտ ահաբեկիչներ, ովքեր միայն կարող են փոխել  իշխանությունը զավթած գլուխներին՝ մեկ ուրիշ գլուխներով: Նախ և առաջ անհրաժեշտ է պրոլներից վերածվել բանական էակների, ովքեր միայն ստամոքսի խնդիրներով չէ, որ մտահոգվում են: Ցածր որակի իշխանությունը բարձ ինտելեկտ ունեցող հասարակությանը չի կարող իշխել, իսկ դա իրենից ենթադրում է, որ մեր հասարակությունը գտնվում է ստորին հարթակում:

  Ռուս քաղաքագետներից  մեկը, անդրադառնալով Հայաստանից բնակչության շարունակվող ներհոսքին, արդարացիորեն նկատեց. «Հայերին թվում է, թե աշխարհը չափազանց առաձգական է և չափազանց բարի: Մի՞թե ոչ մեկի մտքով չի անցնում, որ մի գեղեցիկ օր օտարությունն ավելի սարսափելի դժոխք է դառնալու նրանց համար, քան այն, ինչից նրանք փախչում են այժմ»: Մի օր իսկապես հողն այրվելու է մեր ոտքերի տակ, քանզի օտարները չեն ներելու սեփական Հայրենիքը լքած մարդկանց փոքրոգությունը:

 

Էսսեն գրվել է Տիգրան Հայրապետյանի «Հայրենադարձություն. Ցնորք թե կենսական անհրաժեշտություն» հոդվածի հիման վրա: