• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Բարեգործության օրվան նվիրվում է

Մեր կրթահամալիրի օրացույցում մարտի 3–ը նշված է որպես Բարեգործության օր: Բարեգործությունը մեր երկրում մեծապես կապվում է Ալեքսանդր Մանթաշյանցի անվան հետ, և մարտի 3–ը պատահական չի ընտրված՝ այդ օրը ծնվել է մեծ բարերարը (1842 – 1911 թթ.):

Առևտրական ու արդյունաբերական գործունեությանը զուգընթաց՝ Ալ. Մանթաշյանցը զբաղվում է ազգաշինության գործով. մեծ ներդրումներ է անում հայ դպրոցի, եկեղեցու ամրացման գործում: Նրա առաջարկով կազմվում է Էջմիածնի նոր վեհարանի նախագիծը. աշխատանքների համար Մանթաշյանցը տրամադրում է 250.000 ռուբլի։ Մանթաշյանցի ֆինանսական միջոցներով տարբեր վայրերում, որտեղ եղել են հայգաղթօջախներ, հիմնվել են մի շարք նոր եկեղեցիներ։ Բարեգործի հիմնած կրթական հաստատություններից մեկն էր Թիֆլիսի առեւտրական դպրոցը, որը կրում էր նրա անունը։ 1900 թվականից սկսած՝ առաջնահերթ էր դարձել Ներսիսյան դպրոցի համար նոր շենք կառուցելու խնդիրը։ 1909թ. դրվեց շենքի հիմնաքարը։ «Ուսանողը մեր ապագան է». սա էր Մանթաշյանցի սկզբունքը. 1881 թվականից նա տարեկան 200 ուսանող որդեգիրներ էր պահում։ Այդ ուսանողներից էին Ալեքսանդր եւ Կոնստանտին Խատիսյան եղբայրները, Ստեփան Շահումյանը, Կոմիտասը, Արմենակ Շահմուրադյանը, Սիամանթոն և այլք: Նա նաեւ նյութապես ապահովել է բազմաթիվ հայ գրողների ՝ Հովհ. Թումանյանին, Ալ. Շիրվանզադեին, Մուրացանին, Մինաս Չերազին, Ա. Չոպանյանին, Սիամանթոյին և այլոց։ Ալ. Մանթաշյանցը բազմանդամ ընտանիքի հայր էր։ 1911թ. գարնանը Մանթաշյանցի առողջական վիճակը բարդանում է երիկամային հիվանդության պատճառով: Նույն տարում էլ նա կնքում է իր մահկանացուն։ Պետերբուրգից նրա աճյունը տեղափոխվում է Թիֆլիս. գնացքի յուրաքանչյուր կանգառում հավաքված հայազգի բազմությունն իր հարգանքի տուրքն էր մատուցում՝ ծաղիկներով ծածկելով աճյունը։ Ռուսաստանի, Կովկասի, եվրոպական մի շարք քաղաքների հայաշատ գաղութների հայկական եկեղեցիներում տեղի են ունեցել հոգեհանգստի արարողություններ։ Հուղարկավորությանը մասնակցում էր բազմահազարանոց թափոր: Մանթաշյանցն իր գործով օրինակ դարձավ շատերի համար:
Բարեգործության մասին ՀՀ օրենքում, որն ընդունվել է 2002 թ. հոկտեմբերի 8–ին, նշված է, որ բարեգործությունը պետության, բարեգործական և այլ կազմակերպությունների (եկեղեցի, հիմնադրամներ, միություններ), ինչպես նաև անհատների անհատույց կամ զեղչով ցուցաբերվող օգնությունն է կարիքավոր մարդկանց ու հաստատություններին: Եկեղեցին էլ իր մոտեցումն ու բացատրությունն ունի բարեգործության մասին: Ըստ նրա բարեգործությունը քրիստոնեական կենցաղավարության ու բարեպաշտության հիմնական և անհրաժեշտ դրսևորում է, որն իր մեջ ներառում է կարեկցանք մերձավորի հանդեպ և բարոյական պարտավորություն կարիքավորների ու չքավորների նկատմամբ: Բարեգործությունը քրիստոնեական առաքինություններից մեկի` ողորմության արտահայտությունն է: 
Հնագույն շրջանում ծնունդ առած այս երևույթը տարբեր ժամանակներում դրսևորվել է տարբեր եղանակներով և կոչվել մեկենասություն, գթասրտություն, հովանավորություն, աջակցություն և, ի վերջո, բարեգործություն:
Մեկենասությունն սկզբում պոեզիայի ու արվեստների հովանավորությունն էր և կոչվում էր հռոմեական Օգոստոս Օկտավիանոս կայսեր մերձավոր, առաջին հայտնի բարեգործ Գայ Մեկենասի (մ. թ. ա. 74 կամ 64–8 թթ.) անունով:
Գթասրտությունը կամ ողորմածությունը հիմնականում անօգնական կարիքավորներին (հիվանդ, վիրավոր, ծեր, հաշմանդամ) ցուցաբերվող կարեկցանքն է. այն առավել բնորոշ է  եկեղեցուն:
Բարեգործության ձևեր են կարիքավորներին նյութական կամ դրամական միջոցներ հատկացնելը, նրանց համար անհատույց աշխատանք կատարելը, մասնագիտական հատուկ պատրաստվածություն պահանջող ծառայություններ մատուցելը, անհատների նվիրատվությունները, տարբեր նախագծերի և ծրագրերի ֆինանսավորումը, խոշոր միջոցառումների կազմակերպումը, կրթական, առողջապահական զանազան դրամաշնորհների սահմանումը և այլն:
Բարեգործությունն, այնուամենայնիվ, շատ ավելին է, քան նվիրաբերված միջոցների արժեքը, մանավանդ, երբ, ինչպես Ավետարանն է սովորեցնում, կատարվում է աննկատ,  առանց կեղծ հանդիսավորության:
Քրիստոնյա առաջին հավատացյալները կամավոր, սիրով հրաժարվել են անձնական սեփականությունից և բաժանել կարիքավորներին: Բարսեղ Կեսարացին ասում է, որ խնայված ավելորդ հացը պատկանում է սովյալին, ավելորդ հագուստը` մերկին, իսկ հողին պահ տրված արծաթը` աղքատին: 
Բարեգործությունը հայ իրականության մեջ նույնպես վաղ ավանդույթներ ունի: Դեռևս սկզբնավորման ակունքներից՝ IV–V դարերում, բարեգործական ծրագրեր է նախաձեռնել Հայ առաքելական եկեղեցին՝ նպաստելով երկրում քրիստոնեության ամրապնդմանը: Հոգևոր-կրթական և բարեգործական ընդգրկուն գործունեությամբ հայտնի էր Ներսես Մեծ կաթողիկոսը (329–373 թթ.): Նա եկեղեցիներին կից բացել է դպրոցներ, որբանոցներ, հիվանդանոցներ, անկելանոցներ, աղքատանոցներ և բարեխնամ այլ հաստատություններ: Հետագա դարերում նույնպես Հայ եկեղեցին շարունակել է բարեսիրական գործունեությունը: Իրենց բարեգործություններով աչքի են ընկել նաև հայոց շատ թագավորներ, թագուհիներ, իշխաններ: Հայոց Աշոտ Գ  արքան (953–977 թթ.) հիմնել է վանքեր, դպրոցներ, հիվանդանոցներ, դրանց հատկացրել որոշ եկամուտներ, հատուկ հոգատարություն է ցուցաբերել աղքատներին, կույրերին, անդամալույծներին, որի համար էլ ստացել է Ողորմած պատվանունը:
Տարբեր ժամանակներում բարեգործությամբ աչքի են ընկել առանձին հայ մեծահարուստներ, որոնց նյութական օժանդակությամբ բացվել են դպրոցներ, մատենադարաններ, աղքատանոցներ: Նրանք մշտապես զբաղվել են իրենց բնակության երկրի հայ համայնքի տնտեսական, կրթամշակութային հարցերով, սատարել Արևմտյան Հայաստանից, Թուրքիայի տարբեր վայրերից գաղթած հայ տարագիրներին, միջոցներ տրամադրել հայերեն պարբերականների և գրքերի հրատարակման համար, հովանավորել հայ մատենագիրների թարգմանությունն ու հրատարակությունը տարբեր լեզուներով, երիտասարդների համար սահմանել կրթաթոշակ և այլն:
Խորհրդային վարչակարգի հաստատումով, սակայն, բարեգործությունը որակվել է բուրժուա-կղերական երևույթ և մերժվել այն պատճառաբանությամբ, թե հավասարների հասարակարգում չեն կարող լինել կարիքավորներ ու չքավորներ: Ըստ այդմ` «բարեգործություն» տերմինը կիրառվել է միմիայն հեգնական երանգով:
Հայ ժողովրդի նվիրյալ բարեգործներից էին եգիպտահայ պետական գործիչ Նուբար փաշան (1825–1899 թթ.), նրա որդի Պողոս Նուբար փաշան (1851–1930 թթ.): Վերջինս, ի թիվս այլ ձեռնարկումների, 1906 թ-ին նախաձեռնել և հիմնադրել է Հայկական բարեգործական ընդհանուր միությունը (ՀԲԸՄ), ֆինանսավորել հայրենադարձվող հայերի համար Երևանի մերձակա ավանի կառուցումը, որը, ի պատիվ նրա, կոչվել է Նուբարաշեն:
ՀԲԸՄ-ի  գործունեությանը մեծ նպաստ է բերել նաև Գալուստ Գյուլբենկյանը (1869–1955 թթ.). 1930– 1935 թթ-ին եղել է նրա նախագահը:
Եգիպտահայ մեծահարուստ Կարապետ Մելքոնյանը (1849–1934 թթ.) եղբոր` Գրիգորի հետ 1925 թ-ին ՀԲԸՄ-ի միջոցով 6 մլն անգլիական ոսկի է կտակել հայ ժողովրդին: Այդ նվիրատվությամբ Նիկոզիայում բացվել է Մելքոնյան կրթական հաստատությունը, Երևանում հիմնվել է «Մելքոնյան ֆոնդ» հրատարակչությունը և այլն:
XVIII–XIX դարերում ժառանգական ազնվական մեծահարուստներ Լազարյանների նախաձեռնությամբ և միջոցներով Մոսկվայում (Սբ Խաչ, Սբ Հարություն), Սանկտ-Պետերբուրգում (Սբ Կատարինե) և այլ քաղաքներում կառուցվել են հայկական եկեղեցիներ, 1815 թ-ին Մոսկվայում բացվել է հայագիտական և արևելագիտական խոշոր կենտրոն՝ Լազարյան ճեմարանը, Թիֆլիսում, Նոր Նախիջևանում և այլուր հիմնվել են  դպրոցներ, հրատարակվել են հայերեն  արժեքավոր աշխատություններ:
XVIII դարի վերջերին և XIX դարի սկզբներին իր բարեգործական ծրագրերով հայտնի էր ռուսահպատակ Նիկողայոս Աղաբաբյանը (1754–1811 թթ.): Ի թիվս այլ բարեգործությունների՝ նա ռուսական իշխանություններից թույլտվություն է ստացել Աստրախանում բացելու հայկական դպրոց և 50 հզ. ռուբլի է հատկացրել կրթօջախի շինարարության (1810 թ., Աղաբաբյան դպրոց) համար:
Հայ բարեգործ մեծահարուստների գործունեությունը շարունակվում է նաև այսօր՝ անհատական ներդրումների, բարեգործական հիմնադրամների, կազմակերպությունների միջոցով:
1988 թ-ի Սպիտակի երկրաշարժից անմիջապես հետո Հայաստանի Ազգային հերոս (2004 թ.) Շառլ Ազնավուրը (ծնվ. 1924 թ.) Փարիզում կազմակերպել է երկրաշարժից տուժածների օգնության «Ազնավուրը Հայաստանին» հիմնադրամը, 1993 թ-ին բացվել է կազմակերպության երևանյան ներկայացուցչությունը: 1988 թ-ից  բարեգործական առաքելությամբ բազմիցս եղել է Հայաստանում, կազմակերպել նվիրատվություններ, բարեգործական համերգներ և այլն:
Հայ մեծահարուստ և ազգային բարերար, Հայաստանի Ազգային հերոս (1994 թ.) Ալեք Մանուկյանը (1901– 1996 թթ.) 1968 թ-ին 1 մլն ԱՄՆ դոլարով հիմնել է «Ալեք Մանուկյան» մշակութային հիմնադրամը: 1953–89 թթ նա եղել է ՀԲԸՄ կենտրոնական վարչության ժողովի նախագահը. սատարել է Սփյուռքում հայապահպանությանը: Հայաստանի անկախացումից հետո նրա գործունեությունն ուղղված էր Հայրենիք-Սփյուռք կապերի ընդլայնմանն ու ամրապնդմանը: Եղել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի պատվո անդամ: Հիմնադրամին նվիրաբերել է 500 հզ. դոլար:
Սպիտակի երկրաշարժից հետո և շրջափակման տարիներին Հայաստանին և Արցախին ֆինանսական մեծ աջակցություն է ցուցաբերել ամերիկահայ մեծահարուստ, Հայաստանի Ազգային հերոս (2004 թ.) Քըրք Քըրքորյանը (ծնվ. 1917 թ.): Նրա ստեղծած «Լինսի» հիմնադրամը 2001թ-ից 210 մլն դոլար է տրամադրել ՀՀ-ին՝ ճանապարհների վերակառուցման, մշակութային հաստատությունների վերանորոգման, աղետի գոտու բնակարանաշինության և ևս 20 մլն դոլար՝ փոքր ու միջին ձեռներեցության զարգացման համար:
Ամերիկաբնակ մեծահարուստ Ջերալդ Գաֆեսճյանը (ծնվ. 1925 թ.) բարեգործական ծրագրերի իրականացման նպատակով 1996 թ-ին ստեղծել է «Գաֆեսճյան ընտանիք» (ներդրվել է 50 մլն դոլար), 2002 թ-ին Երևանում՝ «Գաֆեսճյան թանգարան» հիմնադրամները: Նա «Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի պատվո անդամ է: 
Բարեգործությամբ զբաղվել և զբաղվում են ոչ միայն անհատ մեծահարուստները, այլև բազմաթիվ կազմակերպություններ: Նրանց կանդրադառնանք մի այլ առիթով: Նշենք նրանցից մի քանիսը.
  • ՀԱՅԿԱԿԱՆ ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՄԻՈՒԹՅՈՒՆ (ՀԲԸՄ) – 1906 թ.
  • ՀԱՅ ՕԳՆՈՒԹՅԱՆ ՄԻՈՒԹՅՈՒՆ (ՀՕՄ) – 1910 թ.
  • ՀՈՎԱՐԴ ԿԱՐԱԳՅՈԶՅԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆ – 1921 թ.
  • ԳԱԼՈՒՍՏ ԳՅՈՒԼԲԵՆԿՅԱՆ ՀԻՄՆԱՐԿՈՒԹՅՈՒՆ – 1956 թ. 
  • ՋԻՆԻՇՅԱՆ ՀԻՇԱՏԱԿԻ ՀԻՄՆԱԴՐԱՄ – 1966 թ.
  • ՀԱՅ ՕԳՆՈՒԹՅԱՆ ՖՈՆԴ (ՀՕՖ) – 1988 թ.
  • «ՀԱՅԱՍՏԱՆ» ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ (ՀՀՀ) – 1992 թ.
  • ԱԶՆԱՎՈՒՐԸ ՀԱՅԱՍՏԱՆԻՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ _ 1993 թ. և մի քանի տասնյակ գործող այլ հիմնադրամներ: 
Հետաքրքիր փաստեր։ Բարեգործության պատմության մեջ ամենախոշոր ակցիան կատարել է ամերիկացի մեծահարուստ Ուորեն Բաֆետը 2006 թ-ին: Նա, որ 2008 թ-ին իր 62 մլրդ դոլար կարողությամբ աշխարհում առաջինն էր, այդ գումարի 37 մլրդ դոլարը հատկացրել է բարեգործական հիմնադրամների: Իր կարևորությամբ և գործունեության ծավալով «Գալուստ Գյուլբենկյան հիմնարկությունն» ամենախոշոր հաստատությունն է Եվրոպայում և աշխարհի նույնանման կենտրոնների տասնյակում է: Միջազգային կապեր ունի 75 երկրի հետ: 
 
Իմ խորին համոզմամբ կրթության ու դաստիարակության կարևոր խնդիրներից մեկը պիտի լինի կարեկցանքի ու գթասրտության սերմանումը աճող սերնդի մեջ: Մի բան որ այդքան պակասում է մեր օրերում: Բարեկրթությունն ու բարեգործությունը պիտի դառնան կյանքի նորմ և կարևոր պայման: Դրա համար բոլորովին էլ պարտադիր չէ միլիոնատեր լինել: Բոլորս էլ հիշում ենք, թե Քրիստոսի համար որքան թանկ էր աղքատ այրու ընծայած լուման: Իսկ Հովհան Ոսկեբերանի ձևակերպմամբ` հարուստ լինել չի նշանակում շատ ունենալ, այլ` շատ տալ:
Հայաստանի նման երկրներում ճիշտ կազմակերպված և ուղղորդված բարեգործական գործընթացները շատ կարևոր խնդիրներ կարող են լուծել: Հիշենք Լինսի հիմնադրամը (Ալեք մանուկյան), ամենամյա հեռուստամարաթոններով կազմակերպվող դրամահավաքները: Ինչքան կարևոր առաքելություններ իրականացրին նրանք: Սովորողների հայացքները խելոքանում ու խոնավանում են այս ամենի մասին լսելիս: Իսկ երբ բարեգործությամբ ստեղծված շենք – շինությունները, ճանապարհները տեսնեն իրենց աչքերով՝ հուսահատությունն ու հուսախաբությունը ավելի քիչ կլինի մեր կյանքում: (Բարձր դասարանցիներին առաջարկում եմ ուսումնական նախագիծ՝ բարեգործական կազմակերպության ներդրումների ուսումնասիրություն և այցելություն դրանցով կառուցված շինություն, ճանապարհ....):
Պրագմատիզմ: Կրթահամալիրն ունի խնդիրներ, որոնք բարեգործության աղերս ունեն: «Սեբաստիա» մարզահամալիրը դեռ պատրաստ չէ, Գեղարվեստի դպրոցի Ժամանակակից արվեստի ցուցասրահ – արխիվը՝ նույնպես: Եթե գտնվի մի բարերար – բարեգործ, որ հանձն առնի օգնել ավարտին հասցնելու այս «դարի կառույցները», ապա նրա արարքը խիստ հաճելի կլինի Աստծուն ու տիար Բլեյանին, կրթահամալիրի մեծ ու փոքր սովորողներին, նրանց ծնողներին: