• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Ճանապարհ, որ տանում է դեպի լույս․․․

Ասում են` հեքիաթներ չեն լինում,բայց այս անգամ էլ իսկական հեքիաթի նման երկար ճանապարհները մեզ տարա՜ն ու տարա՜ն դեպի հեռուներ։ Կոմիտասյան երգը շուրթերիս և աղոթքներ մրմնջալով` շրջեցի այս ու այն կողմ, տեսա, ճանաչեցի ու հասկացա, որ սիրում եմ։ Միանգամից այսքան հրաշք երբևէ տեսած չկայի։ Իջևանյան արվեստի փառատոնին ինձ հանդիպած ամենափառահեղ նկարիչը բնությունն էր։ Այդքան նրբորեն ընտրված գույներ ու նրբերանգներ չեն պատկանում և ոչ մի նկարչի վրձնի։ Հիացած շուրջս էի նայում և մտածում էի, որ այս ամենը չնկատելը ուղղակի հանցագործություն է, որի համար ցմահ ազատազրկումն էլ է քիչ։ Բայց հեքիաթդ մի պահ ավարտվում է, երբ հանդիպում ես հենց եկեղեցու բակում կուտակված աղբի։ Եկեղեցու բակն աղտոտողին տեսնես ո՞ր աղոթքը կփրկի․․․

 Ինձ հանդիպած հաջորդ հրաշքը իմացումի այն հրճվանքն էր, որ ընկերներս ու ես ապրում էինք ամեն պահի։ Ինչքա՜ն բան չգիտեի ու դեռ ինչքա՜ն պիտի սովորեմ։ Սովորեցի տեսնել գեղեցիկը, ճանաչել մարդուն։ Այո՛, հենց քո կողքին ապրող, քեզ ամեն օր հանդիպող, ամենասովորական մարդուն, քո ընկերոջը, բարեկամին։ Փաստորեն այսքան հանճարեղ մարդ է ամեն օր հանդիպում ինձ, ու ես նրանց մասին ոչինչ չգիտեմ։ Ինձ հիացրեց իջևանյան գրաֆիտին, որ մեր սովորողներն էին ստեղծել։ Միգուցե վաղվա Պիկասոն կան Վան Գոգն է ապրում մեր շարքերում, որին ինքնադրսևորվելու հնարավորություն է տվել ճակատագիրը, և միգուցե այսօրվա իմ և ինձ նման սովորական մարդկանց անտարբերությունից է, որ մերօրյա հանճարներն այսքան քիչ են։ Իսկ գուցե քիչ են, որովհետև նրանց չե՞ն ճանաչում.դրանից ավելի վտանգավոր բան չկա աշխարհում։

Տեսա նաև խավարում ապրող, վհատված, դառնացած հոգիներ։ Ճակատագրից չէ՝ սեփական անգործությունից դառնացած, աննպատակ, սեփական ծուլությունն արդարացնող շինականի, որ անմշակ հողը թողած՝ իր ճակատագիրն է անիծում` մոռանալով, որ իսկական օրհնությունը միայն ազնիվ աշխատանքով են վաստակում։

Այսպես, երկու օր շարունակ, ընկերներիս հետ միասին կոմիտասյան դեղահաբեր տարածելով, շրջեցի, շատ բան տեսա, սովորեցի, ինքս ինձ վերլուծեցի, հիացա ու զայրացա, մոլորյալ հոգիների համար աղոթեցի ու հայտնի պատմվածքի փոքրիկ արտույտի նման ինձ բաժին ընկած երկինքը փուլ գալուց փրկելու համար, որոշեցի շարունակել այն, ինչ արդեն մեկ տարի է՝ ընկերներիս հետ համառորեն անում եմ` լույսով ապրել և այդ լույսը առատորեն տարածել ամեն տեղ, բոլո՜ր բոլորին, այնքան, որ հոգիս մաքրվի դառնությունից ու խավարից, և իմ կատարած ազնիվ աշխատանքի հոգությամբ աշխարհը սկսեմ տեսնել աշնան պայծառ գույների ջերմությամբ ողողված: