• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Ճանաչել զիմաստութիւն և զխրատ, իմանալ զբանս հանճարոյ

Բնութագրելով Ս. Պարթևի և Մ.Մաշտոցի գործունեությունը՝ Լեոն գրում է. «Նրանք առաջինն էին, որ իրենց ձեռքով հայացված եկեղեցու համար հայերեն երգեր գրեցին ու երգեցին: Ավանդությունը հականե հանվանե ցույց է տալիս, թե որոնք են Սահակի և Մաշտոցի հեղինակած շարականները: Նրանց սկսածը շարունակեցին իրենց աշակերտները, այնպես որ Ոսկեդարը հանձնեց իր հաջորդ դարերին հոգևոր բանաստեղծությունների մի մեծ շարք»:

Որպես անհատ, Մաշտոցը Խորենացու վկայությամբ, գերեզանցել է «բոլոր առաքինի մարդկանց, որպիսիք այն ժամանակ կային։ Որովհետև ամբարտավանություն և մարդահաճությունը նրա վարքում երբեք տեղ չգտան, այլ հեզ, բարյացակամ և բարեմիտ լինելով, երևում էր բոլորին երկնայինների սովորությամբ զարդարված։ Որովհետև նա հրեշտակի տեսք ուներ, բեղմնավոր միտք, պայծառ էր խոսքով, գործերով ժուժկալ»։

Կորյունը վկայում է «…շատ բանտարկյալներ ու կալանավորներ և նեղյալներ ազատեց Քրիստոսի ահավոր զորությամբ կորզելով նրանց բռնակալների ձեռքից… շատ մուրհակներ պատեց»:

Ըստ Կորյունի, Արևելյան Հայաստանում կատարած երկրորդ շրջագայության ժամանակ, «սկսեց Տիրոջից իրեն շնորհվածի համեմատ նշանագրեր հորինել վրացերեն լեզվի համար»։

Արևելյան Հայաստանում կատարած իր մի այլ շրջագայության ժամանակ Մաշտոցն այցելել է Բուն Աղվանք (Կուր գետի ձախ ափին), ամենաբազմամարդ ցեղի գարգարացիների լեզվի համար տեղացի Բենիամին երեցի օգնությամբ ստեղծել տառեր. «Նշանագրեր ստեղծեց գարգարացիների լեզվի համար»:

Սբ. Իսահակ Պարթև Հայրապետը Ներսես Մեծ կաթողիկոսի որդին էր, Սբ. Գրիգոր Լուսավորչի տոհմի վերջին ներկայացուցիչը, որ 387 թվականից սկսած 52 տարի եղել է հայոց հայրապետական աթոռի գահակալը:Լինելով կրթված և հմուտ երաժշտական, հռետորական արվեստների, իմաստասիրության և լեզվագիտության մեջ, Սահակ Պարթևը մեծ նպաստ է բերել հայ ազգային մշակույթի զարգացմանը, եղել հայոց գրերի ստեղծման ջատագովը, Մեսրոպ Մաշտոց վարդապետի հետ դարձել հայ դպրության ու եկեղեցական մատենագրության հիմնադիր:

Ս. Սահակի և Ս. Մեսրոպի ջանքերով Հայաստանում սկսվում են բացվել դպրոցներ, ուր ուսուցանվում են հայ գրերը: Նրանք իրենց աշակերտների հետ ձեռնամուխ են լինում Ս. Գրքի թարգմանությանը` դառնալով հայ թարգմանչական գրականության հիմնադիրները: Սահակ Պարթևի և Մեսրոպ Մաշտոցի բազմաթիվ աշակերտներ հմտացան թարգմանական գործի մեջ: Նրանք ասորերենից և հունարենից թարգմանեցին Աստվածաշունչը, իսկ Սահակ Պարթևն ու Մեսրոպ Մաշտոցը այն խմբագրեցին: Աստվածաշնչի թարգմանությունը այնքան կատարյալ էր, որ մինչ այսօր համարվում է «Թարգմանությունների թագուհի»: Աստվածաշնչից հայերեն թարգմանած առաջին նախադասությունը Առակաց գրքի առաջին նախադասությունն է. «Ճանաչել զիմաստություն և զխրատ, իմանալ զբանս հանճարոյ»: Նրանց և նրանց աշակերտների ջանքերով հունարենից թարգմանվեց ոչ միայն Աստվածաշունչը, այլև հույն և ասորի հեղինակների բազմաթիվ հայրախոսական, իմաստասիրական, պատմագիտական և այլ բնույթի աշխատություններ:

Սահակ Պարթևը թողել է գրական հարուստ ժառանգություն: Մեսրոպ Մաշտոցի հետ մեկտեղ կազմել է Մաշտոց կոչվող ծեսերի և օրհնությունների գիրքը, կարգավորել է հայոց եկեղեցու տոնացույցը, գրել է բազմաթիվ կանոններ, որոնք կարգավորել են եկեղեցական ու աշխարհիկ դասերի, պաշտոնեության փոխհարաբերությունները, ամուսնա-ընտանեական իրավունքի նորմերը: Ինչպես նաև գրել և եղանակավորել է շարականներ, ծիսական աղոթքներ և պատարագամատույց: Սահակ Պարթևի անունով մեզ են հասել նաև մի քանի դավանաբանական թղթեր՝ ընդդեմ աղանդավորների:

Համաձայն Ղազար Փարպեցու՝  Մեսրոպ Մաշտոցը և մյուս թարգմանիչները հաճախակի դիմել են Սահակ Պարթևի օգնությանը, որը փայլուն տիրապետելով հունարենին՝ կատարելապես տիրապետում էր ոչ միայն տառերի հնչյունաբանությանն ու հռետորական մեկնաբանությանը, այլև քաջատեղյակ էր իմաստասիրական ճարտասանությանը:

«Եվ կամավոր հոժարությամբ իր անձը տվեց գործին, պանծացրեց Աստծո գործակցությունը, որը նրան (Սահակ Պարթևին) տվել էր առավելապես գիտության այնպիսի շնորհներ: Եվ անվեհեր կերպով տքնելով գիշեր ու ցերեկ՝ թարգմանեց բոլոր կտակարանները»: Սահակ Պարթևի մասին այսպես է գրում մեր պատմիչը:

Սահակ Պարթևը մահացել է 90 տարեկան հասակում՝  իր ծնննդյան օրը,  նավասարդի 30-ին (439 թ. սեպտեմբերի 7-ին), Բագրևանդի Բլրոցաց գյուղում և թաղվել Տարոնի Աշտիշատում:

Մեսրոպ Մաշտոցը վախճանվել է Վաղարշապատում եւ թաղվել Օշական գյուղում: Ինչպես վկայում է ավանդությունը, Սբ. Մեսրոպի դին Օշական տեղափոխելու ողջ ճանապարհին նրա վրա երկնքից լուսե սյուն է իջել եւ ուղեկցել նրան մինչև գերեզման: Նրա գերեզմանի վրա հետագայում կառուցվել է Սբ. Մեսրոպ Մաշտոց եկեղեցին:

Աղբյուր

Կորյուն,  «Վարք Մաշտոցի»

Ղազար Փարպեցի,  «Պատմություն Հայոց»

Մովսես Խորենացի, «Պատմություն Հայոց»

Բաբկեն Հարությունյան, «Ս. Սահակ Ա Պարթև»

Մեհրուժան Բաբաջանյան, «Վարք սրբոց կամ հայազգի տոնելի սրբերի համառոտ վարքը ըստ Հայաստանյայց Սբ. եկեղեցու ժամակարգության»

Մեդիանյութեր

Օշականում պատահաբար բացվել է Ս. Մեսրոպ Մաշտոցի դամբարանը

Մեսրոպ Մաշտոցի մանրապատկերը՝ Վիքիպեդիայից

Սահակ Պարթև, Ար հեռուստաընկերություն

Հաջորդիվ

Սբ թարգմանիչ Վարդապետների՝  Մեսրոպի, Եղիշեի, Մովսես Քերթողի, Դավիթ Անհաղթ Փիլիսոփայի, Գրիգոր Նարեկացու և Ներսես Կլայեցու տոն

Սիրով՝  Ն.Մ.