• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Վարագա Սուրբ Խաչի տոն

«ԶՎարագն ասեմ զբաղձալին,

Զհրեշտակաց փափագելին,

Ուր խաչափայտն էր Քրիստոսին,

զոր բերեալ էր կոյսն Հռիփսիմին»

Հայաստանյայց եկեղեցին  տոնում է Վարագա խաչի տոնը: Վարագա խաչի տոնը խաչին նվիրված զուտ ազգային տոն է, տոնում են Խաչվերացից երկու շաբաթ հետո: Նվիրված է Վարագա լեռան վրա սուրբ խաչափայտի մասունքը գտնելուն:

Ագաթանգեղոս պատմիչի վկայության համաձայն, Հռիփսիմյանց կույսերը փախչում են Դիոկղետիոնոս կայսեր հալածանքներից ու հետապնդումներից: Ավանդույթի համաձայն, տեսիլքով նրանց երևում է ս. Աստվածածինը և պատվիրում մեկնել Արարատյան երկիր: Նրանք  գալիս են Հայաստան և ապաստանում Վաղարշապատի հնձաններում: Մինչև Վաղարշապատ հասնելը, նրանք բնակություն են հաստատում Վանա լճից հարավ-արևելք ընկած Վարագա լեռան վրա: Սակայն Վարագա լեռան վրա ապաստանած կույսերի թաքստոցը շուտով բացահայտվում է: Փախուստի դիմելուց առաջ Հռիփսիմեն իր պարանոցին կախած Տիրոջ խաչափայտի սրբազան մասունքը պահում է լեռան քարայրներից մեկում: Այդ սուրբ մասունքը ժառանգաբար փոխանցվելով էր հասել Հռիփսիմեին:Նա Կլավդիոս կայսեր և Պատրոնիկե թագուհու սերնդից էր: Կլավդիոս կայսեր կինը` Պատրոնիկե թագուհին ուխտի էր գնացել Երուսաղեմ: Կայսրուհին փափագում էր տեսնել Քրիստոսի գերեզմանն ու այն փաչափայտը, որի վրա խաչել էին Փրկչին: Նրա ցանկությունը կատարվում է: Հռոմ վերադառնալիս Պատրոնիկեն իր հետ տանում է խաչափայտից մի կտոր, որը նա ստացել էր Հակոբոս առաքյալից:Սուրբ մասունքը հետագայում սերնդեսերունդ փոխանցվում է կայսրուհու քրիստոնյա ժառանգներին: Ի վերջո այն անցնում է նույն տոհմին պատկանող Հռիփսիմեին:

Անցնում են տարիներ:Մարդիկ փնտրում, բայց այդպես էլ չէին կարողանում գտնել սուրբ մասունքը: Ըստ ավանդության, 7-րդ դարում Վարագա լեռան քարայրներից մեկում ապրում էին Թոդիկ ճգնավորն ու նրա աշակերտ Հովելը: Նրանք շարունակ աղոթում էին Աստծուն`խնդրելով ցույց տալ Քրիստոսի խաչի մասունքի տեղը: «Գիշերամիջին, երբ նրանք աղոթում էին, լեռան գագաթից, որտեղ պահված էր սուրբ Նշանը, ահավոր ձայն են լսում, ինչից զարմացած նրանք նայում են դեպի լեռան գագաթը, որտեղ պայծառ լույս են տեսնում:Լույսն իր չափով ու ձայնով այնպիսին էր, ինչպիսին այնտեղ գտնվող մասունքը:Ճգնավորները շարունակում են զարմացած նայել լույսին, որն աստիճանաբար պայծառանում էր` լուսավորելով Վարագա լեռը: Ապա տեսնում են լույսի տասներկու սյուներ,որոնք վեր էին խոյացել երկրից մինչև երկինք: Վարագա լեռը լցվում է անուշահոտությամբ ու հրեշտակների օրհնության երգերով: Կրոնավորները վայելում էին այդ սքանչելիքը, որը տևեց կեսգիշերից մինչև օրվա վեցերորոդ ժամը:Այդ սքանչելի տեսիլքը ոչ միայն նրանց էր երևում, այլ լեռան շրջակայքում ապրող մարդկանց: Տասներկու օր շարունակ լույսի սյուները շրջապատում են լեռան գագաթը, իսկ անուշահոտությանը դեռ երկար ժամանակ շարունակում էր բազմությանը զմայլել, ովքեր էլ հիացած օրհնում էին ու փառաբանում Աստծուն` սուրբ Խաչի երևման համար»:

Ուրախալի այս լուրը տարածվում է ամենուր: Հայոց կաթողիկոս Ներսես Գ Տայեցին և հայոց սպարապետ Վարդ Ռշտունին իմանալով այդ մասին, գալիս են Վարագա լեռը՝ տեսնելու կատարված հրաշքը: Նրանք մեծ տոնախմբություն են կազմակերպում: Կաթողիկոսը կարգադրում է Հայոց եկեղեցու տոների մեջ ավելացնել Վարագա սուրբ խաչի տոնը`ի հիշատակ Քրիստոսի խաչափայտի մասունքի հայտնաբերման: Ժողովրդի աջակցությամբ կառուցում է նաև մի փառավոր եկեղեցի, որն էլ ի վկայություն կատարված հրաշքի՝ անվանում է ս. Նշան: Ներսես կաթողիկոսը գրում է նաև «Նշանաւ ամենայաղթ» շարականը, որը երգում են տոնի օրը:

Հետագայում 12 եկեղեցիներ են կառուցվում 12 լուսեղեն սյուների երևման տեղում:

Վարագա ս. խաչը ժամանակ առ ժամանակ տեղափոխության է ենթարկվել` թշնամիների ձեռքը չընկնելու համար: 1237թ.-ին Վասպուրականի Վարագավանքի վանահայր Ղուկասը Ջալալեդդինի հրոսակներից հալածված` հռչակավոր մասունքը տեղափոխում է Տավուշի մարզի Նոր Բերդի Կյուրիկյան իշխանության հոգևոր կենտրոն: Սկզբում Անապատ կոչվող մենաստանը 13-րդ դարից. վերանվանվում է Նոր Վարագավանք: Նոր Վարագավանքը գտնվում է Վարագավան գյուղից մոտ 2կմ հարավ-արևմուտք, անտառապատ լեռան լանջին:

1655 թվականին Վարագա ս. խաչը զետեղվում է Վանի ս. Տիրամոր եկեղեցում, որն այնուհետև վերանվանվում է ս. Նշան, ուր և պահվում էր մինչև 1915 թվականը:

Իբրև լրացում հավելենք, որ Վարագա լանջին կառուցված վանքը մասամբ կանգուն է մինչև այսօր: Վանքի տարածքում եղել են յոթ եկեղեցիներ՝ սուրբ Աստվածածին, սուրբ Նշան, սուրբ Գևորգ, սուրբ Խաչ, սուրբ Սիոն, սուրբ Հովհաննես, սուրբ Սոֆյա անուններով:

Վարագա ս. խաչի մասունքներից հասել են Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին.այդ մասունքով օրհնվում է մյուռոնը:

Աղբյուր`

Արամ Դիլանյան, «Տերունի տոներ»

Ագաթանգեղոս, «Հայոց պատմություն»

«Հայ եկեղեցու պատմություն», դասագիրք

Կայքէջեր`araratian- tem.am, stmarytoronto.com

Լուսանկարը՝  անձնական արխիվից

Օժանդակ նյութեր

Վարագավանքում գործել է դպրոց, տպարան, եղել է կրոնական, կրթամշակութայի կենտրոն

Վանի փոխնահանգապետը «Անատոլու» գործակալությանը հայտնել է

Կորսվող արժեքներ. Վարագավանքի պահապանը քուրդ Մեհմեդի ընտանիքն է

Վարագավանքի պատճառած հուզմունքն ուրիշ էր

Վարագավանքն այսօր. պատկերադարան