• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Տնօրենի փոստից. Արգենտինայից հյուրեր ենք ունենալու

Արգենտինայի Մխիթարյան վարժարանի սաներից եւ ուսուցիչներից կազմված խումբ է գալու Հայաստան: Արգենտինայի Մխիթարյան վարժարանի հայերեն բաժնի տնօրեն տիկին Ադրիանա Շուպարալյանը նամակով դիմել է «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի տնօրեն Աշոտ Բլեյանին, կրթահամալիր այցելելու եւ համատեղ ճամփորդություն իրականացնելու առաջարկությամբ:

«Յարգելի Պր Բլեյան`  Ամէն տարուայ պէս այս տարի եւս մեր Վարժարանի խումբը սեպտեմբեր ամսուն Հայաստանը պիտի այցելէ, եւ կը փափաքէինք որ միասին Արմաւիրի դաշտը միասին ճաշեն եւ յետոյ եթէ կը փափաքիք միասին կրնան Օշականի եկեղեցին այցելեն կամ ուրիշ տեղ:

 Նաեւ եթէ յարմար կը տեսնէք օր մըն ալ կրնան մեր աշակերտները ձեր գեղեցիկ եւ արդիական դպրոցը այցելել: ՅԳ: Դժբախտաբար այս տարուան խումբին մէջ միայն 2 հայ կայ, մնացեալներն արժենթինցի ոչ հայ են: Խնդրեմ նկատի ունենաք այս պարագան»,- գրել է տիկին Շուպարալյանը:

 Սիրելի Ադրիանա.

Ուրախ եմ, որ նորից հանդիպելու ենք: Մենք միասին կայցելենք Արմավիրի նորաստեղծ դաշտեր, կհիանանք ստեղծագործ աշխատանքով, որ նախաձեռնել է հարգելի Էռնեկյանը, միասին կլինենք Օշականում, Օհանավանքում, Սաղմոսավանքում, միասին կարողենք և Արագած բարձրանալ: Հարավային գագաթը մատչելի է պատանիների համար: Պատանիները կտեսնեն, կզմայլվեն Քարելճով, կտեսնեն Բյուրականը, Ամբերդը: Անպայման կայցելեք մեր կրթահամալիր, միասին կպարենք, կճաշենք, մարզական խաղեր կունենանք: Լեզուն խնդիր չէ, Բաբելոնի լեզվական խառնաշփոթի ժամանակներն անցել են: Կարծում եմ բոլոր մխիթարյանները գործածում են անգլերեն և իսպաներեն: Այդպե՞ս է: Քանի՞ հոգով եք ժամանելու: Ո՞ր օրերին և որտե՞ղ եք գիշերելու: Մի մոռացեք մեր հյուրընկալ կացարանների մասին: Սպասում եմ Ձեր պատասխանին:

Աշոտ Բլեյան