• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Միջին դպրոցը թարգմանչական ստուգատեսին

Թարգմանչական ստուգատեսի երկրորդ օրն էր, և այսօր գրադարանի ընթերցասրահում հնչեց երեք օտար լեզու` ռուսերեն, անգլերեն և արաբերեն: Երբ Սևանա Քելեշյանը սկսեց արաբերեն, խոսել ամբողջ դահլիճը լուռ լսում էր, մարդիկ լսում էին ոչինչ չհասկանալով: Հետաքրքիր իրավիճակ էր: Կարծես արաբական երկրների միացյալ մի օրհներգ էր հնչում և բոլոր ներկա գտնվողները ակամայից հարգեցին այդ օրհներգը ու աներևույթ դրոշը: Հարգանքը փոխվեց զարմանքի և հպարտության, երբ միջին դպրոցի սովորող Նարեկ Սահակյանը արաբերեն շարունակեց Սևանայի խոսքը: Նարեկը երեք նյութ ներկայացրեց: Հպարտությունը էլ ավելի խորացավ, երբ Կրթության ազգային ինստիտուտի օտար լեզուների բաժնի վարիչ` Անուշ Խաչիկյանը անգլերենով հարց տվեց Նարեկին ու վերջինս արաբերենից անմիջապես անցավ անգլերենին:

Իմ նյութը սկսեցի գրել արաբերենի դրվագով, քանի որ լեզուների տոնի խորհրդին շատ համահունչ էր, բայց պետք է ասեմ, որ այսօրվա կլոր սեղանը սկսվեց Ժաննա Հակոբյանի և իր սովորողների ներկայացումներով: Նրանք ներկայացրեցին ռուսերեն տեքստով պատրաստած "Վիրտուալ Հայաստան" տեսաֆիլմը: Սովորողների ռուսերեն խոսքը շատ գրագետ էր, իսկ ֆիլմն էլ` ճաշակով պատարաստված:

Հետաքրքիր էին Աննա Էլնազարյանի և իր սովորողների ներկայացրած տեսաֆիլմերի թարգմանությունները: Նրանք Քրիստինե Սահակյանի հետ առողջապահական ֆիլմերի թարգմանական նախագիծ են իրականացնում: Youtube-ից վերցվում է համապատասխան ֆիլմը, տեքստը թարգմանվում է հայերեն և ձայնագրվում է սովորողների ընթերցմամբ: Արդյունքում ունենում ենք հայերեն լեզվով ուսանելի առողջապահական բովանդակությամբ տեսաֆիլմ:

Լուսինե Բուշի սովորողները ներկայացրեցին Թումանյանի "Կացին ախպեր"-ի և "Ճամփորդներ"-ի  իրենց թարգմանությունները անգլերեն: Հիմնական դպրոցի անգլերենի դասավանդող  Լալա Մանուկյանը և սովորող Նելլի Հարությունյանը ներկայացրեցին "Սիցիլիայի Ռոբերտ թագավորը" պատումի թարգմանությունը անգլերենից: Վերջում թարգմանչական ստուգատեսի մասին իր հիացական խոսքերն ասաց Կրթության ազգային ինստիտուտի օտար լեզուների բաժնի վարիչ Անուշ Խաչիկյանը, ինչը կարող եք լսել Նոյեմի Անդրեասյանի լրագրողական խմբի ռադիո լուրում:

Վաղը` հունիսի 19-ին, իրենց աշխատանքներն են ներկայացնելու մեր ավագ դպրոցների սովորողներն ու դասավանդողները: Մեր լեզուների տոնին այդ օրը հնչելու է 6 օտար լեզու` ռուսերեն, անգլերեն, վրացերեն, իսպաներեն, թուրքերեն և գերմաներեն: Մասնակցեք մեր թարգմանչական ստուգատեսին` լեզուների տոնին: