• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Հրաժեշտի մտորումներ մեկնելուց առաջ

 

   Ուզում եմ սկսել ասելիքս հանրահայտ բառերով՝իմ փոքրիկ նավակ, իմ փոքրիկ նավակ, կհասնես արդյոք ծովին կապուտակ: Ամեն տարի շրջանավարտների մի յուրօրինակ փունջ բաց  ծով ենք թողնում ապավինելով հուսո առագաստներով փոքրիկ նավակներին, և ամեն անգամ մտավախ ես, թե կյանքի ալիքները նրանց ապահով ափ կհասցնե՞ն:

Այսօր նրանք անհոգ, անմոռաց պարում են, ժպտում, գրկախառնվում և…, և հենց այս պահին նրանք անտեղյակ են, որ երջանկության ակնթարթները նրանց հետ աննկատ պար են բռնել, աչքերոմ փայլ են դառել, շուրթերին  ու այտերին խինդ ու թրթիռ: Սահում են երջանիկ պահերը արագ, աննկատ, ակնթարթային և այնքա՜ն եթերային; Ամեն աղջնակ մի թիթեռ, ամեն պատանի մի բզեզ, որ թառել են ծաղկաթերթերին ըմբոշխնելով մի ումպ նեկտար, ճոճք դարձրած ծաղկին, վայելում են պահը, քանզի նրանց համար աշխարհը ճոճք է թվում՝ ալպիական բուրաստան:  Մեր սիրելի շրջանավարտներ, կյանքի ճանապարհները ձեզ են սպասում, մեկնելուց առաջ մի պահ ետ նայեք, դուք հիրավի այն երջանիկներից եք, որ այս կրթօջախն եք հաճախել, որ ձեզ համար իրոք ծաղկաթերթերով ճոճք է ապահովվել:  Դուք սեբաստացիներ եք, այդ կոչումը պատվով կրեք:  Ամենադժվարը հոգևոր կրթությունն է, ազատ, աննկուն, նպատակասլաց, բարձունքներ նվաճող,  այս որակական հատկանիշներն են լինելու ձեր ատեստատում գնահատականի փոխարեն:    Դուք բազմերանգ բույսեր սեբաստացի պարտեզում, որի ապահով աճը արդյունքն է մեր աննկուն պարտիզպանի ամենօրյա հոգացության: