• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Վարագավանքում ունեցած հուզմունքն ուրիշ էր

Ես ինձ սենտիմենտալ չեմ համարում, բայց արի ու տես...

Վանա լիճն ու Սիփանը հուզեցին, որովհետև չափից շատ էին անուշ ու նախշուն, Անիում հուզվեցի, որովհետև լիուլի, ափեափ ազատություն, վեհություն զգացի ու տեսա: Հուզեցին Արաքս գետի թափն ու հախուռն ուժը, Թոնդրակ լեռան հաստատուն դիմագծերը, խստաբարո դեմքն ու պահանջկոտ բնավորությունը: Բայց Վարագավանքի պատճառած հուզմունքն ուրիշ էր…

Այն դեպքում, երբ  Վարագավանքը միակն էր (իմ կարճ խելքով), որի հետ հանդիպմանը քիչ թե շատ պատրաստ էի. քիչ թե շատ ծանոթ էի, ուսումնասիրել էի, գործի բերումով (Ծիսական տոնացույցի Վարագա Սուրբ խաչի մասին նյութը պատրաստելիս) բավականաչափ կարդացել էի, փորփրել էի անգամ թուրքական կայքերը:

Բայց Նրա հետ հանդիպման հենց առաջին վայրկյաններին հասկացա, որ չէ, չեմ ճանաչում, չգիտեմ Վարագավանքին:

Երբ տեղ հասանք, դուռը փակ էր ու մինչև կբացեին, պտտվում էի Վարագավանքի շուրջբոլորը: Մեջս վախ կար (հիմա եմ հասկանում, որ դա վախ էր): Վախ, որի անունը հիասթափություն է: Նայում էի հողակույտի ու քարակույտի մեջ թաթախված-ամփոփված Վարագավանքին ու վախենում, բա որ... 

Ու, երբ վերջապես բացվեցին Վարագավանքի դռները, հիշում եմ, վախվխելով ներս մտա ու առաջին պահին գլխապտույտ ունեցա (երևի սրտի ծնկները հենց այդպես են ծալվում)…

Ինչ էլ որ ասելու լինեմ, սիրելի ընթերցող, ասածս, մեկ է, առաջինը ես չեմ հավանելու, որովհետև կցկտուր կերպով եմ փոխանցելու Վարագավանքում ունեցած զգացողություններս:

Անսպասելի՝ խորությամբ ու բարձրությամբ, անսպասելի՝ գեղեցկությամբ ու վեհությամբ, անսպասելի՝ որմնանկարների գույնով ու արտահայտչականությամբ, անսպասելի՝ զարդախաչերի միագիծ շարժունակությամբ ու անկրկնելիությամբ: Մի բառով՝ անսպասելի:

Աստված իմ, այդ  մթության ու խոնավության մեջ  ինչքան լույս ու տաքուկ բան կար. կուրացնելու չափ շատ լույս ու հոգին թաքուն համբուրող տաքություն: Ականջին շշնջացող ինչքան շատ խոսք ու ասելիք կար՝ խլացնելու չափ շատ բառուբան: Խենթանալու բան էր…

Վարագավանքի պատճառած հուզմունքն ուրիշ էր:

Հ.Գ. Արևմտյան Հայաստանից հետս բերած դեռ լիքը զգացողություններ կան, որ ցայսօր էլ չեմ կարողանում հասկանալ ու բացատրել: Բայց երկու բան կա, որ ներսումս շատ հստակ է ու պարզորոշ. ցավ և ափսոսանք չեմ ապրել: Էդ հաստատ:

Նունե Մովսիսյան