• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Այդ հողոտ- մղեղոտ, քար ու քարափոտ և փշոտ քնքշանքով մարդը...Համո Սահյան

 

                                                                                                                 Մեր տան պատից մի քար լիներ`նստեի վրան,

                                                                                                                Ու պատմեի անտուն կյանքիս պատմությունը նրան:

Եթե ուզում ես տեսնել Հայաստան աշխարհը և նրա հայրենի եզերքը, կարդա Սահյան: Նրա ամեն մի բառը` վրձնի մի հարված է , գտնված տողը` քարե քանդակ, խոհն ու մտքերը` խոյաքանդակ, տառապած հոգին` մեր քարն ու մացառը, իսկ ասվածի երանգը` մերթ մռնգած  ու մերթ բազմերանգ է: Նրա խոսքի պարանով ձորերը կիջնես, հոգու խռովքից վեր թռած լեռան կածանով, հագուստիդ մասերը մասրենուն պահ տված` վեր կբարձրանաս: Սահյանի հետ կարելի է երկար զրուցել ու  չհոգնել: Սահյանի տողերում այնքան հայկական, այնքան գեղջկական և ավանդական համ ու հոտ  կա, թոնրի հոտ կա ու լավաշի բույր:

 Հետաքրքիր է, եթե մի նկարիչ փորձեր նկարել այն ինչ նկարագրել է Սահյանը, ի°նչ կստացվեր: Մի գուցե քար ու քարափ, անդնդախոր մի ձոր` պռնկին մասրենին թառած, լեռն ի վեր բարձրացող խոնավ մշուշը և թուխպ, խոնավ մի ամպ` քարափի գլխին ծանր նստած... հա~, չմոռանանք այդ քարքարոտ լանջին բսնած սեզն ու կրակոտ լեզվով ալ կակաչը և  ծեր կիսաչոր մի ծառ քարափի գլխին թեքված: Իսկ ներքևում` հերկած արտն է, բանող եզն ու սերմնացանը, որ խոփերի տաք արգանդում ցորենի հատիկներ է ցանում: Կարծես ստացվեց:

Փա~ռք մշակի գործին: Հասկը մեռանում է, հասկը բազում ծիլեր է տալիս, իսկ Սահյանի արտը ծփում է:

Կածանն ինձ տաներ անտառը՝ ցախի,
Անտառն իմ գլխին ուլունքներ թափեր։
Սուլոցի փոխվեր սարսուռն իմ վախի,
Եվ ոչ մի շշուկ ոտքս չկապեր։

Կացինս թողած կաղնու փչակում,
Պարանս ժայռի փեշերին թողած,
Շապիկիս թևքը՝ մասրենու ճանկում,
Փեշքը՝ մոշենու փշերին թողած,

Թռչեի թրջված հավքի ետևից
Եվ չբռնեի մինչև իրիկուն...
Հարցնեի հողից, ջրից, աստղերից.—
Գտնեի կածանն ու դառնայի տուն:

Հայրս ինձանից բան չհարցներ,
Չնայեր ոչ մի խնդիրք ու լացի,
Ինձ «պարան, կացին ու ցախ դարձներ»...
Եվ մայրս կանչեր իրիկնահացի։

Քթիցս կարծես ծուխ է բարձրանում...
Ինչո՞ւ է կորածն այսքան քաղցրանում։

 

Քնած տեղս բաց եմ լինում...

Դու  ինձանից նեղանում ես, 
Վերքիս ցավից լաց եմ լինում, 
Դու ինձանից նեղանում ես: 
Նեղանալը քարը գլխին, 
Սկսում ես նեղացնել… 
Այս ինչ տեսակ զարմանք բան է, 
Չես ել ուզում դու հարցնել' 
Ինչիցէ, որ քնած տեղը 
Մարդը հանկարծ բաց է լինում 
Եվ ինչ վերք է, որի ցավից 
Նստում մեկ-մեկ լաց է լինում: