• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Հարցազրույց Նազենի Ղարիբյանի հետ

Հայագետ, հրապարակախոս Նազենի Ղարիբյանը Նոր դպրոցի 6-րդ դասարանցի Գիսանե Թութունջյան դը Վարդավանի մայրիկն է։ 

Նա կարծում է. «Այսօր հիասթափվելը նշանակում է՝ կորցնել պետություն ունենալու բոլոր երազները, լքել երկիրը կամ համակերպվել հայկական չգոյությանը»

Աղբյուրը` «168 ժամ»

Հայագետ, հրապարակախոս Նազենի Ղարիբյանի կարծիքով՝ հետընտրական այս գործընթացներում, կախված այն հանգամանքից, թե ինչպե՞ս կզարգանան իրադարձությունները, հասարակության մի ստվար զանգվածի մոտ կարող է հիասթափություն առաջանալ:  Ավելին, հիասթափությունն ավելի շատ կլինի այն դեպքում, եթե «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանի գլխավորած շարժման ալիքը հանդարտեցվի ու մարվի հենց ընդդիմության կողմից, ինչպես դա տեղի ունեցավ 2008-ից հետո:

- Նազենի, Ազատության հրապարակը կրկին մարդաշատ է: Այս անգամ նրանց ի՞նչն է այդտեղ բերել` հո՞ւյսը, այլընտրանքի բացակայությո՞ւնը:

- Կարծում եմ՝ մոտիվացիաները տարբեր են. ոմանց՝ այո, երկրում փոփոխություն տեսնելու հույսն է բրել հրապարակ, ոմանց՝ այլընտրանքի բացակայությունը, ոմանց՝ հեղափոխական նոստալգիան, կամ հին ընկերներին-ծանոթներին տեսնելու, մարդկանց հետ շփվելու ձգտումը: Բայց կա նաև ներքին մղում, որն, ըստ իս, ընդհանուր է. հասարակական-քաղաքական Շարժումը կամ դրա պահանջը: Ինչ վերաբերում է այսօրվա իրականությանը, ինձ համար, ինչպես վերջին 15 տարիներին, այսօր էլ կարծես թե նույնն է կրկնվում: Ինչ-որ հանգամանքների բերումով արդեն որերորդ անգամ կարծես մեզ համար պատրաստի իրավիճակ է ստեղծվում, որպեսզի հայ հասարակությունը վերջապես քայլ անի և երկրում ռադիկալ փոփոխությունների սկիզբ դնի, այլ կերպ ասած՝ երկիրը տանի դեպի վերաժողովրդավարացում: Աշխարհաքաղաքական զարգացումների տրամաբանության բերումով՝ Հայաստանը դատապարտված է ժողովրդավարական, իրավական պետություն դառնալու: Բայց այդ թռիչքը չի ստացվում:

- Իսկ ժողովրդին այդ թռիչքը կատարելուց ի՞նչն է հետ պահում:

- Տարբեր հանգամանքներ: Օբյեկտիվ պատճառները նշելով՝ երևի թե հետ են պահում գաղութաբնակի հոգեբանության մնացորդները, մի բան, որն անկախացած Հայաստանի հիմնարար խնդիրներից մեկն է:

Ներքին ենթագիտակցական վախը, սեփական ուժի և կարողության, իր դերի նկատմամբ անվստահությունը և տեր ունենալու գիտակցությունը մեր հասարակության լուծելիք կարևորագույն խնդիրներից են: Ես այստեղից թռիչք կկատարեմ մեկ ուրիշ, արդեն քաղաքական խնդրի, այն է` արևմտամե՞տ, թե՞ ռուսամետ երկվությունը: Այս ձևակերպման մեջ արդեն երևում է հայ ժողովրդի՝ տեր փնտրելու ներքին մղումը: Իրականում այս հարցադրումը կեղծ է, կողմնորոշումը պետք է լինի՝ ըստ քաղաքակրթական արժեքների, այսինքն՝ մենք ի՞նչ երկիր, պետություն և հասարակություն ենք ուզում ունենալ, և ըստ այդմ՝ ո՞ր աշխարհաքաղաքական բևեռին ենք նախապատվություն տալիս:

- Տեր փնտրելու ներքին մղումից ինչպե՞ս կարելի է ձերբազատվել:

- Գիտակցական մակարդակում ակտիվ աշխատանքով: Դա շատ դժվար գործընթաց է. գիտակցական հեղափոխությունը որքան կարևոր և առաջնային է, այնքան էլ ամենադժվարն է: Այսօր անհրաժեշտ է, որ ժողովուրդն ինքնակազմակերպվի: Օրինակ, եթե հիմա ժամը մեկ որևէ մարդ իր որոշմամբ գնա և Րաֆֆիի կողքին նստի հացադուլի կամ նստադուլի, և եթե դա կատարվի նաև Հանրապետության մյուս քաղաքներում՝ կհավաքվի մի քանի հազար մարդ, և կարծում եմ՝ Շարժման մեջ որակապես ինչ-որ բան կփոխվի:

- Ի՞նչ եք կարծում` Րաֆֆի Հովհաննիսյանն այլընտրանք չունե՞ր, որ հացադուլ հայտարարեց:

- Երևի ըստ իրեն` այլընտրանք չուներ: Հնարավոր է, որ այս քայլին դիմեց նաև գործողություններն արագացնելու, համախմբում առաջացնելու համար: Կարծում եմ` հացադուլ հայտարարած մարդու մասին ճիշտ չէ մեկնաբանություն անել, որովհետև հացադուլը շատ ծանր բան է, այնուամենայնիվ, իմ կարծիքով՝ մարզեր, քաղաքներ ու գյուղեր այցելելն ավելի ճիշտ մարտավարություն էր և պետք էր շարունակել:

- Այս իրավիճակի հանգուցալուծումն ինչպե՞ս եք տեսնում: Իշխանությունն իր տեղը կզիջի՞ ընդդիմությանը:

- Ընտրության իրավունքը՝ անհատական թե հասարակական մակարդակով, մարդկային հասարակության հիմնարար սկզբունքներից մեկն է, որ կարող է պատմության անիվ շրջել: Ինձ համար Սերժ Սարգսյանի Ազատության հրապարակ գալը ճիշտ քայլ կլինի, անկախ այն բանից, թե հետո ինչպե՞ս կզարգանան իրադարձությունները:

- Բայց դա ռեա՞լ է:

- Ռեալն իր որոշելիքն է, ես այլընտրանքները երբեք չեմ բացառում: Յուրաքանչյուր մարդ յուրաքանչյուր պարագայում ազատ է որոշելու՝ այո՞, թե՞ ոչ: Ի վերջո, սեղանին դրված է Հայաստանի, հայ ժողովրդի ճակատագիրը:

- Ժողովուրդն այսօր ի՞նչ տրամադրություն ունի, հիասթափվա՞ծ է:

- Ընդհանուր առմամբ՝ ոչ: Նրանք, ում հետ ես եմ շփվում, մի մասն ի սկզբանե չի հավատում այս գործընթացին և հիասթափվելու պատճառ չունի, մի մասը խորապես վստահ է և մեծ հույսեր է կապում, մի մասն էլ շվարած է: Նրանք կարծես իրադարձություններից հետ մնացած լինեն, չեն կարողանում հասկանալ, թե ի՞նչ պետք է անել, որովհետև իրավիճակը նոր է, տարբեր է, և զարգացումն էլ կարծես պատճառահետևանքային տրամաբանությանը չի ենթարկվում: Ա՛յ հենց այստեղ էլ պետք է դրսևորվի քաղաքացիական բարձր գիտակցություն և քաղաքական հասունություն ունեցող մարդկանց առաջնորդական դերը:

- Շատերն այսօր իշխանափոխություն են ուզում, եթե սա տեղի չունենա, ժողովուրդը կրկին հիասթափությո՞ւն կապրի:

- Այո, կարծում եմ, որ կլինի հիասթափության ալիք, մանավանդ նրանց մոտ, ովքեր հույս են կապում այս գործընթացի հետ: Բայց սա կախված է նրանից, թե ինչպե՞ս կզարգանան իրադարձությունները, և այդ գործընթացն ինչպե՞ս տեղի կունենա: Կարծում եմ`  հիասթափությունն ավելի շատ կլինի այն դեպքում, եթե այս շարժման ալիքը հանդարտեցվի ու մարվի հենց ընդդիմության կողմից, ինչպես դա տեղի ունեցավ 2008-ից հետո: Եթե իշխանությունը չփոխվի, ես կցանկանայի, որ մեր ժողովուրդը չհիասթափվեր, որովհետև մենք առջևում ունենք մինչև հինգ տարի ժամանակ` պատրաստվելու, հասունանալու, նոր ուղիներ ու ծրագրեր մշակելու:

Հինգ տարի հետո Հայաստանում քաղաքական և քաղաքացիական նոր սերնդի համար հնարավորություններով և այլընտրանքներով լի նոր դաշտ է բացվում: Ի վերջո, պետք է հասկանանք, որ հիասթափվելը նշանակում է՝ կորցնել պետություն ունենալու բոլոր երազները, լքել երկիրը կամ համակերպվել հայկական չգոյությանը, ինչը նույնն է: Եվ, ուրեմն, հիասթափությունը միայն ինքներս մեզանից պետք է լինի:

Հարցազրույցը` Գոհար Արամյանի