• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Նոր գրքի շնորհանդես – Վազգեն Ղազարյան. «Համակովկասյան այբուբենի նախագիծ»

Մարտի 22-ին` ուրբաթ օրը` ժամը 18.30-ին, սիրով հրավիրում ենք Ձեզ գրքի շնորհանդեսին՝ Բաղրամյան պող. 40, ՀԱՀ, Փարամազ Ավետիսյան մասնաշենք, Ալեք Մանուկյան սրահ (3-րդ հարկ)։

Հյուսիսային Կովկասում կան բազմաթիվ լեզուներ, որոնք աչքի են ընկնում հնչյունային բացառիկ հարստությամբ։ Դրանցից որոշները՝ աբխազերենը, ադըղերենը (չերքեզերեն), աբազերենը, թաբասարաներենը, արշերենը, աղուլերենը, լեզգերենը, ավարերենը և շատ ուրիշներ պարունակում են 60-80 և ավելի բաղաձայն և համարվում են հնչյունային տեսանկյունից ամենաբազմազանը աշխարհում։

Այս լեզուներից շատերը, չունենալով պատմական այբուբեններ և դարավոր գրային ավանդույթ, 20-րդ դարի կեսերից գրության համար կիրառում են ռուսական այբուբենի «հարմարեցված» տարբերակներ, որոնք, սակայն, չեն համապատասխանում այդ լեզուների հնչական պահանջներին։ Լինելով թերի հնչյունային՝ այսինքն՝ մոտ 70 բաղաձայնի համար գործածելով ընդամենը 22 տառ և դրանց անտրամաբանական համակցություններ, նմանօրինակ գիրը գործնական և գեղագիտական լրջագույն անհարմարություններ է ստեղծում դրանք կիրառող ժողովուրդների համար՝ պատճառ հանդիսանալով ռուսալեզու տիրապետող միջավայրում այս լեզուների աստիճանական գավառայնացման, արտամղման և մոռացման։

Ներկայացվող նախագծում քննելով հյուսիսկովկասյան 2 բնիկ լեզվաընտանիքների 37 հայտնի լեզուների հնչյունաբանությունը՝ գրքի հեղինակը վեր է հանում վերոնշյալ բոլոր խնդիրները և, որպես մեծապես վտանգված այս լեզուների գոյատևման և զարգացման անհրաժեշտ պայման, շեշտում դրանց համար սեփական, անկախ և հնչյունայնորեն լիարժեք գրային համակարգերի ստեղծման անհրաժեշտությունը:

Ի մի բերելով հնչյունաբանական հետազոտության արդյունքները՝ հեղինակն արևմտա- և արևելակովկասյան բոլոր 37 մեծ ու փոքր լեզուների համար, որոնցից շատերը մինչև այժմ անգամ չունեն գրական տարբերակներ, առաջարկում է տառ-հնչյուն փոխմիարժեքությամբ օժտված միանգամայն նոր, պարզ, համահավաք և ընդհանրական այբբենական համակարգ՝ հիմնված Հարավային Կովկասի և Հայկական Լեռնաշխարհի երեք պատմական՝ հայոց, վրաց և աղվանից այբուբեններում առկա տառաձևերի, կառուցվածքային տարրերի և նշանակերտման սկզբունքների ձևաբանական կիրառության վրա:

Ֆեյսբուքյան իրադարձություն՝ https://www.facebook.com/events/480837425304853/