• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Ուսումնառության պայմանագրի լուծման կարգ

Ուսումնառության պայմանագիրը կարող է լուծվել պայմանագրի կողմերից մեկի` ծնողի (սովորողի) կամ դպրոցի ղեկավարի նախաձեռնությամբ, կրթահամալիրի տնօրենի (այսուհետ` տնօրեն) նախաձեռնությամբ։

1. Ծնողը (սովորողը) նախաձեռնում է պայմանագրի լուծում, երբ`

  • ընտանիքը (սովորողը) փոխում է բնակավայրը,
  • պայմանագիրը խախտվում է,
  • իրականացվող ուսուցողական ծրագրի արդյունքները ծնողի (սովորողի) ակնկալիքներին չեն համապատասխանում։

Պայմանագրի խախտման կամ ուսուցողական ծրագրի նկատմամբ իր անվստահության մասին ծնողը (սովորողը) իր դիտարկումները հայտնում է դպրոցի ղեկավարին, զրուցում է նրա հետ։ Դպրոցի ղեկավարը վիճակն ուսումնասիրելուց հետո անհրաժեշտության դեպքում իրավիճակը շտկելուն ուղղված քայլեր է ձեռնարկում և արդյունքների մասին 3 օրվա ընթացքում զեկուցում տնօրենին և ծնողին։ Եթե ծնողը համարում է, որ դպրոցի ղեկավարի գործողությունները բավարար կամ արդյունավետ չեն, դիմում է տնօրենին։ Տնօրենը քննում է իրավիճակը, 3 օրվա ընթացքում իր դիտարկման արդյունքը հայտնում ծնողին, դպրոցի ղեկավարին, անհրաժեշտության դեպքում շտկում իրավիճակը։ Եթե տնօրենի ձեռնարկած միջոցառումները ծնողին չեն բավարարում, վերջինիս նախաձեռնում է պայմանագրի լուծում։
Որևէ պատճառով պայմանագիրն ընդհատելու որոշում կայացրած ծնողը (սովորողը) դպրոցի գրասենյակից ստանում և լրացնում է ՙ«Ուսումնառության պայմանագրի լուծման հիմնավորում» թերթիկը։ Գրասենյակն այդ թերթիկը ծնողին տրամադրում է այն դեպքում, եթե ծնողը (սովորողը) կրթահամալիրին (գրադարանին, ծրագրի գրասենյակին, հաշվապահությանը և այլն) պարտք չունի։ Դպրոցի ղեկավարը (կազմակերպիչը), տնօրենը ծնողի հետ զրուցելուց հետո ստորագրում են թերթիկը։ Կրթահամալիրից այլ դպրոց տեղափոխվող (ինչպես նաև այլ դպրոցից կրթահամալիր տեղափոխվող) սովորողների ծնողների լրացրած հարցաթերթիկները պահվում են դպրոցի գրասենյակում։

2.1. Դպրոցի ղեկավարը, տնօրենը նախաձեռնում են պայմանագրի լուծում`
- սովորողի` ներքին կարգապահական կանոնները խախտելու դեպքում,
- ծնողի` պայմանագրային պարտավորությունը չկատարելու դեպքում։
2.2. Կրթահամալիրի սովորողի պարտականությունները որոշված են կրթահամալիրի ներքին կարգապահական կանոններով (9.15-9.20 կետեր) և ուսումնառության մասին կնքած պայմանագրով: Սովորողի կողմից պարտականությունները չկատարելու կամ կարգապահական կանոնները խախտելու մասին ուսուցիչը գրավոր կամ բանավոր տեղեկացնում է դպրոցի ղեկավարին: Դպրոցի ղեկավարը կարող է սովորողին նկատողություն հայտարարել: Նկատողության մասին տեղեկացվում են նրա ծնողները և դպրոցի սովորողները: Էլեկտրոնային մատյանում գրառում է կատարվում նկատողության և դրա համար հիմք հանդիսացող խախտման մասին:
Դպրոցի ղեկավարը կարող է միջնորդել տնօրենին` սովորողին տնօրենի կողմից նկատողություն հայտարարելու համար: Տնօրենի հայտարարած նկատողությունը տեղադրվում է կրթահամալիրի կայքում։ Սովորողի ծնողը հրավիրվում է կրթահամալիր, ստորագրությամբ ծանոթանում նկատողությանը։ Ցանկության դեպքում նա փաստի առնչությամբ կարող է բացատրություն, դիտարկում, առաջարկություն գրել: Կրթահամալիրի տնօրենը կարող է կարգազանց սովորողին ժամանակավորապես (մինչև մեկ շաբաթ) զրկել դպրոց գալու իրավունքից` այդ մասին տեղյակ պահելով ծնողին: Տնօրենի կողմից դպրոց գալու իրավունքից զրկելը սովորողին ուսումնական պարտականությունները կատարելուց չի ազատում: Տնօրենի կողմից հայտարարված նկատողությունը և դպրոց գալու իրավունքից ժամանակավորպես զրկվելը գրանցվում են սովորողի անձնական գործում: Տնօրենը կարող է լուծել սովորողի ուսումնառության պայմանագիրը, եթե զգուշացման բոլոր միջոցներն արդեն կիրառվել են, և սովորողը շարունակում է խախտել կարգապահական կանոնները:

2.3. Ծնողի կողմից պայմանագրային պարտավորությունը չկատարելու դեպքում դպրոցի ղեկավարը նրան հիշեցնում է դրա մասին։ Եթե ծնողը շարունակում է խախտել պայմանը, դպրոցի ղեկավարը դպրոց է հրավիրում ծնողին, զրույցի արդյունքը ներկայացնում է տնօրենին` անհրաժեշտության դեպքում միջնորդելով պայմանագրում փոփոխություն անել, կամ պայմանագիրը լուծում է։ 
Պայմանագրի լուծումը` որպես լրացում, կցվում է պայմանագրին։ Այնտեղ նշվում են պայմանագրի լուծման օրը, հիմքերը։ Պայմանագրի լուծումից հետ դպրոցի գրասենյակի ղեկավարը ՀՀ ԿԳՆ ընդունած կարգով շարունակում է սովորողի` դպրոցից տեղափոխվելու գործընթացը և սովորողների շարժմատյանում համապատասխան գրանցում անում։