• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Գրիգոր Գուրզադյան երաժշտագետը...

Այո՛, Հայդնով սկսվեց երաժշտության պատմությունը Եվրոպայի… Այս համարձակությունը գալիս է երաժիշտ  չլինելու  հանգամնքից,  դա իմ առավելությունն է… և մտածողությունն ու տրամաբանությունն են  դառնում որոշիչ… Վիեննան ունեցավ  Հայդն, ու նա,  ինչպես մագնիս,  իրեն ձգեց  ողջ Եվրոպան…Առաջնեկը եղավ ինքը` Մոցարտը,  որը հերիք էր,  այն էլ ինչպես,  գալիք ժամանակների առաջ… Հիմա`այս պահին, ականջիս է Մոցարտի դաշնամուրային կոնցերտը  Ռիխտերի կատարմամբ… Բեթհովենի իններորդ սիմֆոնիան որոտընդոստ օրատորիայով Մոավինսկու  դիրիժորությամբ… Պատերն էին դղրդում Մոսկվայի կոնսերվատորիայի մեծ դահլիճում…  Թվում էր`ղողանջները այդ  աստվածային երաժշտության հասնում էին  տիեզերքի հեռո˜ւ-հեռու  ծայրերը…

Հետո Վիեննան ունեցավ Մահլեր,   Գլյուկ, երաժտական այդ ռոմանտիկը`Շուբերտը,  նրանից հետո` Բրամս…  Շատ հետո  Վիեննայում է հայտնվում  Վագները, որն այնտեղ` Գերմանիայում,  չգիտեմ ինչու,  չէր կարողանում գտնել իրեն…  Եվ վերջապես, այդ ամենի հետ պիտի երևակայություն ունենալ,  այն էլ ինչպիսի`Շտրաուս… Վիեննան խելացնոր վալսերի քաղաք, խրախճանքների  քաղաք …  Վալսերը Եվրոպայի կենտրոնում… Վիեննական անտառի գիշերները…  Այսօրվա աշխարհը   Շտրաուսով  է ապրում… Ֆիլմերը չեն  կարող  առանց թովչանքի  շտրաուսյան  վալսերի…
  Ապշեցուցիչ է եղել նրա` Հայդնի   արգասաբերությունը . իմ գիտենալով` ստեղծել է սիմֆոնիաներ  հարյուրից  ավելի,  կվարտետներ ութսունից ավելի ու էլի ինչ-ինչ բաներ անհաշիվ… Նրան շատ բարձր են գնահատել անգլիացիները.  հրավիրում են Անգլիա,  և ի`նչ, այնտեղ մնալու մեկ-երկու ամսվա ընթացքում ստեղծվում է տասներկու սիմֆոնիա… Օքսֆորդի համալսարանը  շնորհում է նրան  դոկտորի գիտական աստիճան… Մտաբերեցի Չայկովսկու խոսքերը. «Չլիներ  Հայդնը,   չէր լինի  Մոցարտը,  չէր  լինի Բեթհովենը…»:  Ուժեղ է ասված,  դրանից վեր չեմ պատկերացնում ոչինչ… Չայկովսկին…  սիմֆոնիզմի  այդ գիգանտը ու  առ Հայդնը   ունեցած  այս  պատկառանքը…:

                                 

                                       Գրիգոր  Գուրզադյան  <<Խոհեր,  խոհեր...>>