• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Մասնագիտական փորձառություն

 

Ես իմ մասնագիտական փորձառությունը անցնում եմ Դպրոց-պարտեզում: Այստեղ դասերը շատ հետաքրքիր են անցնում: Դասերը յուրօրինակ են, դրանք իրարից տարբերվում են դասատվության հետաքրքիր ձևերով և մեթոդներով:
Ուզում եմ պատմել այդպիսի մի դասի մասին:Այն դասարանում, որտեղ անցնում է իմ մասնագիտական փորձառությունը, եղավ դաս`նվիրված ուսուցիչների տոնին: Դասը իրականացվեց խմբային աշխատանքի ձևով: Սկզբում երեխաները բաժանվեցին խմբերի: Մեկից հինգ թվագրված թղթերը լցրեցինք սեղանի վրա, յուրաքանչյուր աշակերտ վերցրեց մեկ թուղթ, ըստ այդ թղթում նշված համարների`նրանք բաժանվեցին խմբերի, ամեն  խմբում` չորս հոգի: Յուրաքանչյուր խումբ նստեց մի սեղանի շուրջ և ստացավ իր առաջադրանքը: Առաջադրանքը հետևյալն էր. տվյալ խումբը պետք է ներկայացներ իրենց դասավանդող ուսուցիչներից մեկին: Պետք է գրեին, թե այդ ուսուցիչը ինչից է պատրաստված, այդ ուսուցչին նկարեին մատիտներով և համակարգչային Paint ծրագրով: Խմբի յուրաքանչյուր անդամ ուներ իր աշխատանքը: Մեկը պետք է նկարեր Paint ծրագրով, մյուսը` յուղամատիտներով, իսկ երկուսն էլ  պետք է գրեին, թե ինչից է պատրաստված այդ ուսուցչուհին: Ավարտելուց հետո յուրաքանչյուր խումբ ներկայացրեց իր աշխատանքը: Հետո բոլորը միասին փորձեցին գնահատել խմբերի կատարած աշխատանքը: Ամենաբարձր միավորները ստացան այն խմբերը, որոնք կարողացել էին աշխատանքը ճիշտ բաժանել և համերաշխ աշխատել: Ինձ համար շատ հետաքրքիր էր, թե ինչ էին գրել երեխաները: Արդյունքը հիանալի էր: Նրանք շատ գեղեցիկ միտք էին շարադրել, մեկը մյուսից հետաքրքիր էր և յուրօրինակ: Երեխաները հաճույքով էին աշխատում և կարծես չէին հոգնում: Այդպիսի աշխատանքի միջոցով երեխաների մոտ զարգանում է երևակայությունը, պատկերելու ունակությունը, խմբով աշխատելու կարողություն է ձևավորվում: Կարելի է նմանատիպ աշխատանքներ հաճախ կազմակերպել:  Հիանալի աշխատանքը տվեց հրաշալի արդյունք: Ընկեր Նառան հավաքեց բոլոր աշխատանքները և հաջորդ օրը կրթահամալիրի կայքում հայտնվեց ուսուցիչների տոնին նվիրված ֆիլմը: