• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Եվս մեկ օր մեր տարաբախտ կյանքից 2

 

  Ստացվեց այնպես, որ ամառվա ընթացքում, ՙՙԱսպետ՚՚ ճամբարի տղաներին հրավիրեցինք հանրօգուտ աշխատանքի: Ցավալի է, բայց փաստ..վաթսուն մասնակցից արձագանքեցին ութը ու աշխատեցին ամառվա ընթացքում: Եղան աղջիկներ, ովքեր նույնպես օգնեցին այդ աշխատանքներում: Եվ վրա հասավ պարգևատևրության ժամը: Առանց երկար-բարակ մտածելու, որոշեցինք ու գնացինք: Գնացինք-գնացինք, շատ գնացինք, թե քիչ, հասանք մի վայր, որին այդ կողմերում Թեղուտ են ասում: Շատ քիչ վայրեր կան, որոնք իմ վրա միանգամից թողնում են դրական տպավորություն: Դրանցից էր Թեղուտը: Դրական զգացողություններս կրկնապատկվեցին, երբ ծանոթացա գյուղի դպրոցի տնօրենի՝ պատվարժան Արգամի հետ: Իսկ երբ իմացա, որ Արգամը նույնպես ԵՊՀ Պատմության ֆակուլտետի շրջանավարտ է՝ տպավորություններս եռապատկվեցին: Եզակի հանդիպող եռանդուն անձնավորությունը, բավականին մեծ գործ էր կատարել գյուղի դպրոցի համար, և համոզված եմ, որ շարունակելու է իր այդ բարի գործը: Երեխաները խմբերով բաժանեցին նախատեսված նվերները: Հետո սկսեցի լսել շարքային պատմություններ, որ իրենց Եհովայի վկաների տեղ են դրել: Այնուհետ Արգամը ցույց տվեց իր այգին. տպավորություններս քառապատկվեցին: Կամաց-կամաց իմ մեջ հաղթող է դառնում գյուղում ապրելու միտքը(հենց հարստանամ, թողնելու եմ գնամ ամենահեռավոր գյուղը): Այնուհետ որոշեցինք տեսնել Պարզ լիճը: Մՙեզ միացան նաև գյուղի սովորողները: Առավել հետաքրքիր դարձնելու համար քայլեցինք տաս կիլոմետրից ավելին՝ ռազմական քայլերթով և երգելով: Երբ անցնող մեքենաների մեջ եղած ուղևորները մեզ տեսնում էին, անպայման կռիվ էր ընկնում մեքենայում, քանի որ կինը ամուսնուն մեղադրում էր թթված լինելու մեջ: Պարզեցինք, որ Պարզ լիճն այդքան էլ պարզ չէ, և կիսակայացած բիզնես դաշտ էր հիշեցնում: Վերադարձանք Արգամի այգի. հրաշք բնություն, մեղմածոր ջուր և բնությանը մաքսիմում վնաս տվող էմանուել(գիտի որ էկոլոգիայից թույլ եմ, հետո համոզում էր, թե չորացած գերաններն էի պոկում, որ ծառերը լավ աճեն): Մի խոսքով, խարույկը վառեցինք ու սկսվեց.. հիշեցինք իննսունականները, մեր ուսանողությունը, Չարենցին, Տերյանին, անանուն պոետ՝ Վահրամ Թոքմաջյանին, երեխաները հավատացին, որ մի օր ջղայնացել ու գայլ եմ սպանել: Կարծում եմ սիրահարվեց նաև Լիպոն: Մարիամի երազանքը՝ գիշերել բաց երկնքի տակ, քնապարակով, դադարեց երազանք լինելուց: Առավոտյան հրաժեշտ տվեցինք այդքան հյուրընկալ Արգամին և նրա հրաշալի ընտանիքին ու ուղևորվեցինք Հաղարծին: Այստեղ դեղձը սուրճի հետ փոխանակեցինք: Հաղարծինում եղել էի ինը տարի առաջ, սակայն նույն ցեխոտ մուտքն էր՝ լի իջնողների համար նախատեսված վտանգներով: Դե տուրիզմ զարգացրու, պարոն վարչապետ: Հետդարձի ճամփին եղանք Սևանում: Եղանակը բարեհաճ էր մեր հանդեպ: Սևանն հատկապես արդյունավետ էր Վաչագանի համար: Նախ, ափին հանգստացող մի ռուս ՙՙդամոչկա՚՚, չզլացավ Վաչագանին համապատասխան վայրն ուղարկել, որից հետո, Վաչագանը վիրավորված ինքնասիրությամբ, մոտեցավ մեկ այլ անծանոթ աղջկա և սկսեց նրա հետ ռուսերեն սովորել:

Հ. Գ. Շատ շնորհակալություն Լիլիթ Ազիզխանյանին. մեր վարորդ Արթուրը շատ լավ երաժշտական ճաշակ ուներ: