• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Անմոռանալի օրեր

 

Հոկտեմբերին ես, հայրիկս և իր երկու ընկերները գնացինք Ղարաբաղ`Բեկորի տուն նկարահանումների: Գնում էինք Սևանի մոտով՝ Զոդի վրայով: Ճանապարհը ցուրտ էր ու անչափ հետաքրքիր, սառած ճանապարհների կողքին կային անթիվ թփեր, որոնք ծանրացել էին չիչխանով և մասուրով: Շատ քաղցր էին պտուղները, ճիշտ ժամանակին էինք եկել: Զոդում ձյուն էր եկել և վրան աղվեսի ու նապաստակի հետքեր կային: Ճանապարհը շարունակեցինք, Զոդը մնաց ետևում:   Առջևում Ջերմաջուրն էր, Դադիվանքը, Գանձասարը, Ստեփանակերտն ու Շուշին: Դեպի Ջերմաջուր տանող ճանապարհը անցնում էր թունելով, իսկ կողքով հոսում էր Թարթառ գետը, երկու կողմից շրջապատված ահռելի ու խորհրդավոր ժայռերով: Վերջապես հասանք մեր նպատակակետին:

Ջերմաջուրը մի հրաբխային կենտրոն է, որը հարուստ է օգտակար նյութերով:  Մտանք ջուրը. մի լավ լողացանք, սառը օդի համեմատ ջուրը տաք էր, ու  շատ հաճելի էր թվում: Հետո մի քիչ հաց կերանք ու գնացինք, ճանապարհը ուղղելով դեպի Դադիվանք: Դադիվանքը  վերանորոգում էին, մոմ վառեցինք աղոթեցինք ու շարժվեցինք առաջ դեպի Գանձասար: Ճանապարհին հիացանք Օմարի բարձունքով: Հայրիկս ռեժիսոր է և քաջ ծանոթ է հայոց պատմությանը, Արցախի հերոսամարտին: Նա ամբողջ ճանապարհին պատմում ու ծանոթացնում էր ինձ իմ ազգի պատմության հետ:

Հասանք Գանձասար: Հայրս պատմեց, որ Գանձասարում է թաղված ս.Հովհաննես Մկրտչի գլուխը, դրա համար էլ եկեղեցին կոչվել է Գանձասար: Եկեղեցին կառուցվել է 1216 թ. Ներքին Խաչենի իշխան Հասան Ջալալ-Դոլան: Արցախյան հերոսամարտի ժամանակ թուրքերը ռմբակոծել են Գանձասարը, բայց ռումբերից միայն մեկն է դիպչել եկեղեցու պատին և այն էլ չի պայթել ու դա ապացուցում է , որ եկեղեցին պահպանվում է Հովհաննես Մկրտչի սուրբ հոգով: Ըստ Հասան Ջալալի պատգամի` նրա աճյունը թաղված է հենց եկեղեցու խորանի շեմին, որպեսզի մարդիկ խորան մտնելուց առաջ անցնեն իր շիրիմի վրայով:

Ճանապարհը շարունակեցինք  անբացատրելի տպավորություններով լի: Արդեն Ստեփանակերտում Բերկորի տանը նկարահանումներից հետո գնացինք Շուշի, իսկ Ստեփանակերտի ու Շուշիի մասին կպատմեմ մյուս անգամ…

Ես հասկացա, թե արցախցիները ինչու են իրենց երկիրը այդքան սիրում ու չեն խնայում իրենց կյանքն անգամ` պահպանելու այդ հարստությունը: Արցախը աշխարհի ութերորդ հրաշալիքն է, համենայն դեպս ինձ համար:    

                                Աթանեսյան Արամ,  9-4 դասարան