• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Կրթահամալիրում էլեկտրոնային մատենավարության ամբողջական ներդրման մասին

Նկատի ունենալով, որ.

  • ՀՀ ԿԳՆ պատվերով (պետական աջակցության պայմանագիր) կրթահամալիրում իրականացվող «Փորձարարական մանկավարժական ծրագրերի իրականացում հանրակրթությունում» ծրագրի 2012թ. բովանդակությամբ որոշված է կրթահամալիրում էլեկտրոնային մատենավարության ամբողջական ներդրումը (պետական աջակցության թ. Ա-6/18-12 պայմանագրի հավելված, կետ 2).
  • սովորողների օրինական ներկայացուցիչների հետ կնքված ուսումնառության պայմանագրերով (կետ4) նախատեսված են Սովորողի ուսումնական գործունեության մասին ամբողջական ամենօրյա տեղեկատվությունը համացանցի միջոցով և սովորողի էլեկտրոնային անձնական գործը.
  • կրթահամալիրի դպրոցներում, քոլեջում գործում են համակարգչով, պրոյեկտորով, էլ. գրատախտակով կահավորված կաբինետները, ուսուցիչները ուսումնական պարապմունքի են գալիս անձնական նոթբուք-նեթբուքով, բոլոր սովորողները, ուսուցիչները տանն ունեն ինտերնետին միացված համակարգիչ.
  • 2011-2012 ուսումնական տարում էլեկտրոնային մատենավարության ամբողջական ներդրման ուղղությամբ արվել է բավարար աշխատանք, մշակվել, քննարկվել են վարման կարգերը, թղթային մատյաններին զուգահեռ` փորձարկվել են սովորողների հաճախումների և ուսումնական գործունեության արդյունքների գրանցման էլեկտրոնային մատյանները, դպրոցներում ստեղծվել են սովորողների մասին տեղեկությունների էլեկտրոնային բազաներ.
  • կրթահամալիրում՝գրադարանի կազմում ստեղծվել է «Կրթահամալիրի ֆոնդ և արխիվ» ստորաբաժանումը.
  • ավելորդ ու ծախսատար է տպագիր և էլեկտրոնային մատենավարության միաժամանակ վարումը.

հրամայում եմ.

  1. կրթական ծրագրերի կենտրոնի ներկայացմամբ հաստատել «Էլեկտրոնային մատենավարություն. փաստաթղթերի վարման, տրման, տեղեկանքների և փաստաթղթերի պատճենների տրման մասին կարգը».
  2. «Կրթահամալիրի ֆոնդ և արխիվում» ստեղծել կրթահամալիրի, աշխատողների, սովորողների անձնական գործերի ֆոնդը, ֆոնդի և արխիվի ղեկավար նշանակել Մարգարիտ Հարությունյանին. 
  3. կրթահամալիրի տնօրենի գրասենյակի ղեկավարին, կադրերի տեսուչին, դպրոցների, քոլեջի գրասենյակների ղեկավարներին հանձնարարել սահմանված կարգով կրթահամալիրի ֆոնդ հանձնել պահպանման ենթակա փաստաթղթերը.
  4. մասնագիտական զարգացման ծրագրի ղեկավարի ներկայացմամբ հաստատել ֆոնդի, դպրոցների, քոլեջի գրասենյակների ղեկավարների ամենշաբաթյա ուսումնական պարապմունքների (սեմինարների) ծրագիրը և ժամանակացույցը. սեմինարի պատասխանատու` ԼիլիթԱզիզխանյան.
  5. 2012-2013 ուսումնական տարվա սեպտեմբերի 1-ից գործածության մեջ դնել  կրթահամալիրի դպրոցների, քոլեջի դասարանների, կուրսերի, խմբերի էլեկտրոնային մատյանները.
  6. կրթահամալիրի տնօրենի, դպրոցների, քոլեջի գրասենյակներում ստեղծել 2012-2013 ուստարվանից վարվող նորմատիվ փաստաթղթերի էլեկտրոնային մատյանները և սովորողների անձնական գործերը.
  7. սեպտեմբերի 27-28-ին կրթահամալիրում իրականացվող մանկավարժական ծրագրերի ամենամյա 7-րդ բաց հավաքում փորձաքննության ներկայացնել էլեկտրոնային մատենավարության ամբողջական կիրառումը.
  8. 2012թ. սեպտեմբերից ամբողջական էլեկտրոնային մատենավարության անցնելու մասին տեղեկացնել ՀՀ ԿԳՆ նախադպրոցական, հանրակրթության, նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթության վարչություններին,  ՀՀ կրթության պետական տեսչությանը, Երևանի կրթության վարչությանը` անհրաժեշտության դեպքում նրանց մասնագետներին ցույց տալով էլեկտրոնային մատյանների միջոցով դպրոցների աշխատանքին հետևելու հնարավորությունը.
  9. Էլեկտրոնային մատենավարության արդյունքների մասին գրավոր տեղեկանք ներկայացնել վարչական խորհրդին և սահմանված կարգով` «Փորձարարական մանկավարժական ծրագրերի իրականացում հանրակրթությունում»  ծրագրի հաշվետվության մեջ.
  10. հրամանի մասին անհատապես տեղեկացնել կրթահամալիրի աշխատողներին, սովորողներին և ծնողներին:

 

Կրթահամալիրիտնօրեն՝                                    Ա. Բլեյան