• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Եթե քեզ մի պահ զգացել ես կրթահամալիրցի...

Տարիներ առաջ էր...
2002 թվականի օգոստոսին առաջին անգամ եկա կրթահամալիր. աշխատանք էի փնտրում: Մայր դպրոցի ձախ թևի աստիճաններով բարձրանալով երկրորդ հարկ`  տեսա տղամարդկանց: Դիմեցի նրանց` հուսալով գտնել մեկին, ով ինձ կօգներ: Մեկը (հետո իմացա` տիար Նիկողոսյանն էր) նայեց, հարցրեց մասնագիտությունս,  ապա` ուսումնառությանս տարիները: Մի պահ ընկնելով տարեթվերի աշխարհ`  ժպտաց: Հիմա այնքան էլ լավ չեմ հիշում, բայց կարծեմ իմ ծննդյան տարեթիվը համընկնում էր նրա`  համալսարան ընդունվելու տարեթվի հետ:
Թափուր աշխատատեղեր կային, մասնակցեցի մրցույթին և անցա աշխատանքի: Անցան տարիներ` հաջողված ու անհաջող դասեր, շատ ձեռքբերումներ, երբեմն հիասթափություններ, մի խոսքով` կյանք` իր լավ ու վատով...
2010 թվականին ստիպված էի թողնել կրթահամալիրը և հեռանալ Երևանից: Այս երկու տարվա մեջ համոզվեցի, որ եթե դու քեզ մի պահ զգացել ես կրթահամալիրցի, այլևս առանց նրա չես կարող ապրել ու աշխատել. կրթահամալիրը միշտ հետդ է` mskh.am-ով, սոցիալական ցանցերով, կապերով... ու ձգում է անընդհատ: Շնորհակալ եմ, որ ընդունեցիք ու աջակցեցիք. մենք ընտանիքով վերադառնում ենք կրթահամալիր: