• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Տիեզերական ձեռքբերումներ

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի սովորողներն այս ամառ երկու անգամ պատիվ են ունեցել ներկայացնելու Հայաստանը` առաջինը Լեռնային Ղարաբաղում` «Ասպետ» ռազմամարզական ճամբարում, երկրորդը` Իզմիրում` միջազգային տիեզերական ճամբարում:

Երկու դեպքում էլ կրթահամալիրի սաները հայաստանյան միակ ներկայացուցիչներն էին:

«Ասպետ» ռազմամարզական ճամբարին, որն արդեն չորս տարվա պատմություն ունի, մասնակցում են Արցախի, լիբանանցի, սիրիացի 15-17 տարեկան հայորդիները: Ճամբարը պարտադիր է ԼՂՀ բարձր դասարանի սովորողների համար:

Հայաստանն այս տարի ճամբարին մասնակցում էր առաջին անգամ: ԼՂՀ պաշտպանություն նախարարությունը բազմիցս առաջարկել է, որ հայաստանցի պատանիներն էլ մասնակցեն ճամբարին, և հնգամյա լռությունից հետո առաջինը ՙՄխիթար Սեբաստացի՚ կրթահամալիրն արձագանքեց: Կրթահամալիրի 60 սաների մասնակցությանը սիրով աջակցել է Արարատյան Հայապետական թեմի առաջնորդական փոխանորդ բարձրաշնորհ Տեր Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանը, ով պատանիների ճանապարհածախսն իր հոգածության տակ է առել:

Ճամբարը կազմակերպվում է երկու հերթափոխով: Կրթահամալիրցիները արցախցիների հետ մարզվում ու հանգստանում էին այս տարվա առաջին հերթափոխին, երկրորդին ճամբարն ընդունել է լիբանանահայերի:

Մեր պատանիների համար ճամբարը կարևորվեց նրանով, որ իրական դաշտային պայմաններում նրանք ծանոթացան ռազմական գործին, շփվեցին իրենց արցախցի հասակակիցների հետ, իմացան, թե ինչ են իրականում բանակն ու «զինվորական միջավայր» ասվածը:

Արցախյան ԿԳ նախարարության հետ կրթահամալիրը ձեռք է բերել մի շարք պայմանավորվածություններ. հոկտեմբերին Գանձասարում երկրորդ անգամ կկազմակերպվի Արցախ-Հայաստան մեդիաօլիմպիական ճամբարը, այս անգամ` որպես ոչ ֆորմալ կրթության` ակումբային գործունեության ստեղծագործական բաց հավաք: 2013-ի հունիսին «Ասպետի» հետ կկազմակերպվի ճամբար աղջիկների համար, կամ «Ասպետը» կներառի նաև աղջիկների ջոկատներ, և ճամբարը ռազմական գործի հետ կկազմակերպի առաջին բուժօգնության ու քաղպաշտպանության դասընթացներ: Ճամբարին կմասնակցեն «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի սանուհիները:

Թուրքիայի Իզմիր քաղաքում տիեզերական միջազգային ճամբարը հիմնադրվել է ամերիկյան ՆԱՍԱ տիեզերական հետազոտությունների կենտրոնի կողմից: Բացի սրանից, աշխարհում կա տիեզերական պատանեկան երեք այլ ճամբար` Ճապոնիայում,Կանադայում ու ԱՄՆ-ում, սակայն դրանք միջազգային չեն: Իզմիրյան Ճամբարին կարող են մասնակցել տարբեր երկրների այն երեխաները, որոնք ճամբարի կազմակերպիչների կողմից արժանացել են կրթաթոշակի: Ճամբարում մասնակիցները ծանոթանում են տիեզերագիտության ձեռբերումներին, մասնակցում տարբեր գիտափորձերի, մարզվում են իսկական տիեզերագնացների նման, սովորում, ներկայանում են իրենց երկրների մշակութային ժառանգությամբ:

Այս տարի արդեն երկրորդ անգամ է Հայաստանը ներկայանում այդ ճամբարում: 12 հայ պատանիներ` «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի սաները, որոնք հաճախում են «Կրթասեր» հասարակական կազմակերպության և կրթահամալիրի «Տիեզերք» ակումբ, շահելով անվանական կրթաթոշակներ, հուլիսի 29-ից օգոստոսի 4-ը մասնակցեցին ամենամյա տիեզերական ճամբարին: Նրանց ուղեկցում էին կրթահամալիրի երկու ուսուցիչներ: Կրթահամալիրի սաներն արդեն ունեն հաջորդ` 2013 թվականի ամառային ճամբարի հրավերը` ևս 12 սովորողի կրթաթոշակ: Կրթաթոշակը սովորողներին հատկացնելու համար «Տիեզերք» ակումբը կազմակերպում է մրցույթ, որին կարող են մասնակել նաև այլ դպրոցների սովորողներ: Ճամբարին մի անգամ մասնակցած սովորողը չի կարող դիմել կրթաթոշակի համար, սակայն ճամբարին կարող է մասնակցել սեփական միջոցներով:

Նախորդ տարվա նման այս անգամ էլ Թուրքիա ուղևորվելու հնարավորությունը սեբաստացիներն օգտագործել են Արևմտյան Հայաստանը տեսնելու համար: Ճամփորդությունը, ինչպես և նախորդ տարի, իրականացվել է երեք փուլով: Սկզբում խումբը ժամանել է Ստամբուլ, շրջել է քաղաքով, այցելել է հայկական համայնք, եղել «Ակոս» թերթի խմբագրատանը: Ապա մեկնել է Իզմիր: Տիեզերական ճամբարից հետո նրանք անցել են Արևմտյան Հայստանի մի շարք քաղաքներով` Մուշ, Վան, Կարս, Անի:

Կրթահամալիրն այս ամառ անմասն չի մնացել նաև Հայ գրատպության հինգ հարյուր ամյակի տոնակատարություններից: Ամբողջ ամառ դպրոցի սաներն ու ուսուցիչները իրականացրել են ՙԴասարան անիվների վրա՚ ծրագիրը, որի ընթացքում Հայաստանի տարբեր մարզերում ու Երևանի տարբեր համայքներում հարյուրավոր գրքեր են նվիրել երեխաներին: Այս օրերին էլ Երևանում կարող եք հանդիպել մեր սովորողներին, ովքեր գրքեր են նվիրում անցորդ երեխաներին:

Այժմ Կրթահամալիրում դպրոցին նախապատրաստվելու աշխատանքի ամենաեռուն փուլն է: Ուսուցիչների համար կազմակերպվել է ամառային դպրոց` ընդհանուր պարապմունքներ, մասնաժողովներ, սեմինարներ, վարպետության դասեր` նոր ծրագրերի ու նոր տեխնոլոգիաների կիրառման մասին: Այս տարի կրթահամալիրի բոլոր դասարաններում պարտադիր են ՙSmart՚ ծրագրով կազմված դասերը` էլեկտրոնային գրատախտակի ու մեդիատեխնոլոգիաների կիրառմամբ:

slaq.am