• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Մեզնից է կախված մեր հիմնարկածի որպիսությունը

Ողջույն:

Ես դիմում եմ որպես Հայաստանի Հանրապետության Երևանի «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի տնօրեն, որպես «Սեբաստացիներ» կրթական հիմնադրամի հիմնադիր: 

Դիմում եմ մեր սովորողին, նրա ծնողին, շրջանավարտին, ուսուցչին, կրթահամալիրի բոլոր բարեկամներին` Հայաստանում և Հայաստանից դուրս, մեր հայրենակիցներին և ոչ միայն նրանց: Դիմում եմ հայերեն, անգլերեն, ռուսերեն, վրացերեն, բոլոր լեզուներով խոսողներին: Մենք «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի պատասխանատուներն ենք` սեբաստացիներ: Ես դիմում եմ յուրաքանչյուրիդ հիմնադիրի, կրթահամալիրի ներկայի ու վաղվա պատասխանատուի ողջ հպարտությամբ և զորությամբ:

Մենք բարձր ենք գնահատում մեր ազատությունը, ստեղծական աշխատանքն ու առաքելական ոգին` շարունակ որպես կրթության պատվիրատու ունենալով առաջադեմ անհատին ու առաջադիմող հասարակությանը` միշտ հպարտանալով, որ Ազատ Հայաստանի` Երրորդ Հանրապետության ծնունդն ենք ու նրա պատասխանատուն: Մեր կրթահամալիրի գործունեության ողջ ընթացքում երբեք հարուստների դպրոց չենք եղել, երբեք մեկ կամ մի քանի մեծահարուստի նյութական աջակցությամբ չենք պահվել: Մենք հազարների նպատակային ներդրումով պահվող ուսումնական հաստատություն ենք: Սիրելի սեբաստացիներ ու բարեկամներ, ահա թե ինչու կրթահամալիրի վերելքի այս փուլում ես կարևորեցի «Սեբաստացիներ» կրթական հիմնադրամը` որպես մեր նյութական հնարավորությունների և տաղանդի, որպես կրթահամալիրի, կրթության զարգացմանն ուղղված` սեբաստացիների ու սեբաստահայերի ջանքերի արդյունավետ համախմբում:

Շեշտելով իմ պատասխանատվությունը հիմնադրամի գործունեության համար` ես կրթահամալիրի այս տարվա շրջանավարտին` Կոմիտասի անվան կոնսերվատորիայի դասական վոկալի բաժնի առաջին կուրսի ուսանողուհի Շուշան Բլեյանին հանձնեցի հիմնադրամի տնօրինումը: Կրթահամալիրի, հավատացնում եմ ձեզ,  հազարի շրջանում, երբ մեր բոլոր հեղինակային կրթական ծրագրերը` նախադպրոցական, ընդհանուր տարրական, հիմնական, միջնակարգ, մասնագիտական, ծրագրված զարգացում են ապրում ու կրթական արդիական միջավայր ձևավորում, ամբողջանում որպես կրթական-մշակութային յուրահատուկ աշխարհ, ես դիմում եմ Ձեզ` յուրաքանչյուրիդ:

Հրապարակում եմ հիմնադրամի կանոնադրությունը, իրավաբանական հասցեն, բանկային հաշիվները mskh.am-ի հիմնադրամի ենթակայքում: Մեզնից է կախված մեր հիմնարկածի որպիսությունը, առողջությունը: Լինենք բաց, ոգեղեն, գործուն:

Միշտ Ձեր` Աշոտ Բլեյան